Հասարակություն

Ովքեր են ապրում կառավարական ամառանոցում և ովքեր են հրաժարվել այնտեղ ապրել. Armdaily

«Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գերատեսչական տարածքում կարող են բնակվել Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը` իրենց ընտանիքների հետ միասին` պաշտոնավարման ժամանակահատվածում: Առանձնատներում կարող են բնակվել նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը և Հայաստանի Հանրապետության նախագահի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` իրենց ընտանիքների հետ միասին: Առանձնատներում բնակվելու դեպքում կազմակերպությունն իրեն հատկացված միջոցներից ապահովում է` ա) կոմունալ ծախսերը (Էլեկտրաէներգիա, ջրամատակարարում և ջրահեռացում, բնական գազ, ջեռուցում և այլն), բ) անհրաժեշտ կահույքով և տեխնիկական սարքավորումներով, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, գ) առանձնատներում բնակվող յուրաքանչյուր ընտանիքին մեկ սպասարկող աշխատողով, դ) ինտերնետ կապի և երկու քաղաքային հեռախոսների ծախսերը:

ArmDaily.am-ը փորձել է պարզել, թե ովքեր են բնակվում կառավարական առանձնատանը։ Այս պահին այնտեղ են բնակվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքները, ինչի մասին անձամբ հայտարարել են։ Ինչ վերաբերում է մյուս պաշտոնյաներին, ապա, օրինակ, նախագահականից մեզ հայտնեցին, Հանրապետության նախագահին օրենքով տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում (հասցեն՝ Ձորափի 74, 8-րդ մասնաշենք)՝ համապատասխան սպասարկմամբ:

Սակայն Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնավարման առաջին օրվանից՝ 2018թ.ապրիլից բնակվել և բնակվում է Երևանում գտնվող` որդուն պատկանող առանձնատանը, և սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են անձնական միջոցների հաշվին:

«Ինչ վերաբերում է վերոնշյալ հասցեում գտնվող ծառայողական առանձնատանը, այն բնակության համար պիտանի չէ և կապիտալ վերանորոգման կարիք ունի: Նախագահի աշխատակազմի ունեցած տեղեկությունների համաձայն՝ առանձնատունը նախատեսվում է վերանորոգել»,-նշել են նախագահականից։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ նախարարն այնտեղ երբեք չի բնակվել .«Նախարարն ինչպես ավելի վաղ հրաժարվել էր անվտանգության աշխատակիցներից, այնպես էլ կառավարական առանձնատանը բնակվելուց»։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը չմեկնաբանեց, թե նախարարը ինչու չի բնակվում կառավարական առանձնատանը։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նույնպես այնտեղ երբեք չի բնակվել։ «Մեր օրենսդրությամբ Սահմանադրական դատարանի նախագահին կառավարությունը պետք է հատկացնի այդ տունը, եւ եթե ֆորմալ հաշվենք, ես երբեք դրանից չեմ էլ հրաժարվել, բայց երբեք իմ կյանքում ես այնտեղ չեմ գնա եւ այնտեղ չեմ ապրի»,-168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը։

«Ես դեմ եմ այդ երեւույթին, քանի որ երեւի բացառությամբ երկրի առաջին դեմքի, մնացած որեւէ մեկին նման բնակարան հատկացնելու, նման ծախսեր անելու անհրաժեշտություն չկա: Եթե ես երբեւէ որոշում կայացնողը լինեի, ընդհանրապես կօտարեի: Այո, իմ այդ իրավունքը կա, բայց ես հրապարակայնորեն հրաժարվում եմ այնտեղ տեղափոխվելուց, ես ունեմ իմ տունը։ եթե ֆորմալ հաշվենք, ես երբեք դրանից չեմ էլ հրաժարվել, բայց երբեք իմ կյանքում ես այնտեղ չեմ գնա եւ այնտեղ չեմ ապրի»։

Հիշեցնենք, որ նախորդ տարի մամուլում քննարկվեց եւ քննադատվեց ամառանողների վերանորոգման համար ծախսվող գումարի չափը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշել էր, որ այդ գումարով այնտեղ թվով 8 առանձնատուն է վերանորոգվում. «Այնտեղ այս պահին միայն վարչապետն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն են բնակվում»,-ասաց Աղաջանյանը՝ հավելելով, որ այլ պաշտոնյաներ էլ են գալու:

Նշենք, որ անկախ նրանից՝ այնտեղ մարդ բնակվում է, թե ոչ, միևնույն է, հսկայական գումարներ են ծախսվում ամառանոցների բարեկարգման, պահպանության համար։ Հետեւաբար հարց է առաջանում՝ եթե բարձրաստիճան պաշտոնյաները չեն ցանկանում ապրել կառավարական ամառանոցում, ինչու են նման գումարներ ծախսվում, գուցե այս հարցում եւս «հեղափոխական որոշում» կայացնելու ժամանակն է։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *