«Պատմական», այսպես էր անվանել Գուգարաց թեմի առաջնորդ, այսօր արդեն երջանկահիշատակ բարձրաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը, Լեռնահովիտի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու վերաօծման արարողությունը, որը տեղի էր ունեցել 2016 թվականին՝ Սրբազանի ձեռամբ:
Մինչ այդ եկեղեցին չէր գործում, այն վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ` թոռան՝ Վահե Կարապետյանի ու Կարապետյան ընտանիքի ֆինանսավորմամբ։ Բարերարները երբեք չեն խզել կապը ծննդավայրի՝ Տաշիրի ու Լոռվա տարածաշրջանի հետ, ուստի սիրով ու նվիրումով են ստանձնել խոնարհված սրբավայրերի վերականգնումը։
Լեռնահովիտցիները պատմում են, որ Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 19-րդ դարասկզբին, Վանքի դոշ կոչվող բլրի վրա գտնվող և բնական աղետից խոնարհված մեկ այլ սրբավայրի քարերով, որոնք լեռնահովիտցիներն իրենց ուժերով են տեղափոխել գյուղ։
Եկեղեցու վերաօծումը մեծ և սպասված իրադարձություն էր և համախմբել էր գյուղի, տարածաշրջանի ու Սփյուռքի բազմաթիվ հայրենակիցների։
Սրբավայրի վերականգնումը մեծ օրհնություն է յուրաքանչյուր համայքի ու ժողովրդի համար։ Սրբազան հայրը օրհնել և երախտիքի գիր է հանձնել Սարգիս Կարապետյանին բարերարության, հոգևոր արժեքներով առաջնորդվելու և դրանք սերունդներին փոխանցելու համար։




0 Մեկնաբանություն