Մունետիկ

Երբ իշխանություն ունեցող տղամարդը բղավում է կնոջ վրա՝ երեխայի ներկայությամբ

Կնոջը ուղղված բղավոցը, մատ թափ տալը, «կխոսեմ այսպես» տոնայնությունը՝ սրանք դասական վարքագծային դրսևորումներ են, որոնք գենդերային բռնության համատեքստում վաղուց են ճանաչված։ Երբ տղամարդը, առավել ևս՝ պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնողը, բարձր տոնով ճնշում է կնոջ ձայնը՝ հատկապես հանրային միջավայրում, դա ոչ միայն անհարգալից է, այլ նաև ուժային հարաբերության բացահայտ ցուցադրում։

Այստեղ կարևոր է ոչ միայն «ինչ» ասվեց, այլ՝ «ինչպես»։

Երբ կնոջ ձայնը փաստացի լռեցվում է՝ տղամարդու ձայնի բարձրությամբ, ագրեսիվ ժեստերով, մատ թափ տալով ու մեղադրանքներով, դա արդեն հոգեբանական ճնշում է։ Իսկ երբ դա տեղի է ունենում հազարավոր մարդկանց համար օրինակ հանդիսացող պաշտոնյայի կողմից, այն դառնում է նաև վտանգավոր նախադեպ։ Կրկնակի մեծ է այս ամենի անընդունելի լինելն ու ազդեցությունը, երբ մոր վրա բղավուն են երեխայի ներկայությամբ։Երեխան, որը պարզապես կանգնած էր իր մոր կողքին, ականատես դարձավ իշխանության ներկայացուցչի ագրեսիվ վարքին։

Սա արդեն դուրս է գալիս քաղաքական կամ անձնական վեճի սահմաններից և մտնում է երեխաների իրավունքների ոլորտ։

Երեխայի համար անվտանգ միջավայրը ենթադրում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական պաշտպանվածություն։ Երբ նրա ներկայությամբ բղավում են մոր վրա, մատ են թափ տալիս, ստեղծում են լարված ու վախեցնող իրավիճակ, դա խախտում է երեխայի հիմնարար իրավունքները՝ պաշտպանված լինելու բռնությունից և նվաստացնող վերաբերմունքից։

Որպես կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձ՝ այս վարքը պետք է հստակ գնահատվի որպես գենդերային հիմքով հոգեբանական բռնության տարրեր պարունակող դեպք։ Միաժամանակ, երեխայի ներգրավվածությունը իրավիճակում պահանջում է նաև երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից գնահատում։

Պետական պաշտոնը չի տալիս իրավունք՝ բղավել, մատ թափ տալ, մեղադրել և նվաստացնել։ Առավել ևս՝ նրանց նկատմամբ, ովքեր արդեն կրել են պատերազմի և տեղահանության ծանր հետևանքները։

Հ․Գ․ Մեկ օր որոշել էի չնայել լուրեր, չբացել ֆեյսբուքը, բայց այնքան զանգեր ստացա այս միջադեպի վերաբերյալ, ու այնքան սարսափեցի․․․

Զարա Հովհաննիսյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *