Հասարակություն

Դատապարտում եմ ոստիկանության ոչ իրավաչափ քայլերը. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

ԱԺ այսօրվա նիստում  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձավ համացանցում տարածվող տեսանյութերին,  որոնցում երևում է`  ոստիկաները դիմակ չդնելու համար բռնի ուժով քաղաքացիներին բերման են ենթարկում։ 

Մարուքյանը նախ դատապարտեց ոստիկանության՝ իր խոսքով, ոչ իրավաչափ քայլերը, ապա  հավելեց, որ պետք է ծառայողական քննություն նշանակվի ոստիկանների պահվածքի վերաբերյալ։ 

Էդմոն Մարուքյանն  ԱԺ նախագահին առաջարկեց նույնպես դատապարտել երևույթը և միանալ ծառայողական քննություն իրականացնելու կոչին:

«Դուք ասում եք, որ դուք չեք եկել իշխանության՝ իշխանության է եկել ժողովուրդը: Հիմա այդ ժողովրդին փողոցներում նման ձևով անարգում և նրանց իրավունքները ոտնահարում են»,- հայտարարեց նա։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն արձագանքեց Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, պատգամավորը առաջարկեց դատապարտելուց առաջ հասկանալ, թե ինչ է եղել: Վերջինս հավաստիացրեց, որ բոլոր փաստերով իրականացվում է ծառայողական քննություն, հորդորեց սպասել դրա ավարտին․

«Բայց ասեմ, որ բոլոր տեսանյութերում ներկայացվածը, շատ կարճ մոնտաժված, հատուկ սարքված տեսանյութեր են, և նախապատմությունը ոչ մեկը չգիտի, թե ինչ է եղել, ինչպիսի դիմադրություն են ցույց տվել ոստիկանությանը»։

 Մարուքյանի հայտարարության անրդրադարձավ նաև  Աժ նախագահ  Արարատ Միրզոյանը. վերջինս նշեց, որ եթե կարծիք կա, որ ոստիկանությունը գերազանցել է իր լիազորությունը, ապա պետք է սպասել ծառայողական քննության ավարտին․
«Տեսական ասել, որ դատապարտում ենք ոստիկանությանը, կամ քաղաքացո՞ւն, այդպես ո՞նց կլինի: Կոնկրետ իրավիճակ կա: Ոստիկանն էլ է քաղաքացի, քաղաքացին էլ է մերը, ոստիկանն էլ է մերը, սա մեր պետությունն է, և մենք պետք է հարգենք սահմանված օրենքները և նորմերը»,- ասաց ԱԺ նախագահը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *