«Դատաիրավական համակարգում որևէ փոփոխություն չի եղել, ասել, որ սա նոր Հայաստանի արդար դատարան է՝ անհեթեթություն է»,- նշել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը` «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ավարտին։
Նրա խոսքով՝ ողջ գործընթացը հիմնված է կեղծ ապացույցների վրա և մեղադրողները շարունակում են պաշտպանել իրենց իսկ «թխած» մեղադրանքները. «Ապստամբությունն ինքնապաշտպանություն է, ուղիղ ժողովրդավարության զինված ձև։ Դա ապստամբություն էր բռնապետության դեմ։ Եթե իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապա երբ իրենից խլում են՝ իրավունք ունի ամեն կերպ ետ բերել այն»,- ասաց նա։
Վարուժան Ավետիսյանը մեկ անգամ ևս արձանագրում է՝ ոստիկանների սպանությունը դիտավորյալ չի եղել։
Խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, ով մեղադրվում է 2 ոստիկանների սպանության մեջ, դիտավորյալ չի կրակել։ Նա ստանձնել է քաղաքացի-ոստիկանի պաշտոնը, բայց ուղիղ՝ անզեն մարդու վրա կրակ չի բացել. «Ցեղասպան ռեժիմը ներկայացնող դատախազով ներկայացված մեղադրանքը իմաստ չունի քննարկել։ Դատաիրավական համակարգն ամբողջությամբ զավթված է հեղափոխական իշխանությունների կողմից, որոնք համագործակցում են նախկինների հետ։ Ասֆալտին փռելն ու զինվորի ճաշաբաժինն ավելացնելը հեղափոխություն չէ։ Այս դատավարությունը նույնպես կեղծիք է»,- ասել է նա։
Անդրադառնալով այսօր Սերժ Սարգսյանի հրավիրած ասուլիսին՝ Ավետիսյանը համոզված նշել է, որ այսօրվա իշխանությունները սերտ կապեր ունեն նախկին իշխանությունների հետ՝ որդեգրել են նույն քաղաքականությունը. «Այդ հրեշները վաղուց պետք է բանտում լինեին։ Եթե Փաշինյանն ու իր թիմը չդավաճանեին հեղափոխությանը, ամեն ինչ ավելի արդարացված կլիներ։ Իրենք հակառակորդներ են կերակրատաշտի, բայց ոչ համակարգի հարցում։ Ասֆալտապատումն էլ խորհրդանշական իմաստ ունի, կեղտերն են ծածկում։ Մեր ժողովուրդը պետք է սթափվի։ Մինչև հիմա իշխանությանն էինք ասում, հիմա պետք է ժողովրդին ասենք»,-ասել է նա։ Դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը, որպեսզի կողմերը կարողանան պատրաստվել եզրափակիչ ելույթներին։
Հիշեցնենք՝ նախորդ նիստում մեղադրող կողմը դատարանին միջնորդել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկի Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հիմքով, Արեգ Կյուրեղյանին, էդվարդ Գրիգորյանին պատիժ սահմանել՝ 8 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 9 ամիս, Սեդրակ Նազարյանին 9 տարի, Մխիթար Ավետիսյանին 8 տարի, 9 ամիս, Վարուժան Ավետսիյանին 8 տարի 9 ամիս, Պավել Մանուկյանին 9 տարի, Արմեն Բիլյանին 21 տարի ժամկետով, Սմբատ Բասեղյանին՝ ցմահ ազատազրկում։




0 Մեկնաբանություն