Հասարակություն

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկում են ՍԴ դատավորների նշանակման գործընթացը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) իր նախաձեռնությամբ կապվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ քննարկելու Սահմանադրական դատարանի դատավորների դատական նշանակման ընթացիկ գործընթացը: Համաձայնություն է ձեռք բերվել մանրամասն հետևելու գործընթացին:

Մարդու իրավունքների պաշտպանը և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը մի շարք քննարկումներ են ունեցել ՀՀ սահմանադրական դատարանի դատավորների նշանակման գործընթացի անկախ գնահատման կարևորության  և այն մասին, թե ինչպես կարող են 2 հաստատությունները համատեղ աշխատել գործընթացին հետևելու հարցում: Քննարկումների ընթացքում նշվել է, որ ԺՀՄԻԳ-ը կտրամադրի փորձագիտական աջակցություն գնահատման հարցում և կպատրաստի իրավական վերլուծություն դատավորների նշանակումը կարգավորող օրենսդրության, վերաբերելի միջազգային չափանիշների, պարտավորությունների ու առաջատար փորձի վերաբերյալ:

Գնահատման նպատակն է իրականացնել գործընթացի անկախ և անաչառ ուսումնասիրություն՝ դատական իշխանության անկախության նկատմամբ հանրային վստահության ձևավորման տեսանկյունից։ Ուշադրություն կդարձվի դատավորների նշանակման հարցերը կարգավորող իրավական ակտերին ու ընթացակարգերին, այդ ընթացակարգերի գործադրմանն ու գործընթացի թափանցիկությանը:

2 հաստատությունները համատեղ նշել են, որ դատավորների նշանակման ցանկացած գործընթացի կարևոր բաղադրիչ է թափանցիկությունը, ուստի Խորհրդարանում պետք է ապահովվի, որ գործընթացի բոլոր փուլերը լինեն հնարավորինս թափանցիկ: Դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը կարող է ամրապնդվել թափանցիկ գործընթացների միջոցով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *