2018 թ. հոկտեմբերի 2-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննությունը:
Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել 2017 թ. սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա, երբ Նարինե Ավետիսյանը փորձել է նկարահանել հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները:
ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) մեղադրանք է առաջադրվել «Շինպլյուս» ընկերության տնօրեն Տիգրան Նազարյանին ու նույն ընկերության աշխատակից Վրեժ Խաչատրյանին:
Նարինե Ավետիսյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցն ու փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը դատարանում նրա ներկայացուցիչներն են:
Երեկ կայացած դատական նիստի ընթացքում հարցաքննվեց Նարինե Ավետիսյանն ու վկա, «Շինպլյուս» ընկերության աշխատակից Յուրիկ Գասպարյանը:
Մինչ նրանց հարցաքննելը դատարանը դահլիճից դուրս հրավիրեց լրագրող Էդ. Արզումանյանին, քանի որ վերջինս նաև գործով դատակոչված վկա է և դեռևս չի հարցաքննվել:
0 Մեկնաբանություն