Եմ արտաքին հարաբերությունների խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը (EUPM Armenia)` Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում:
Այս մասին հայտնում է ԵՄ մամուլի ծառայությունը։
Սա հերթական ներդրումն է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը և ճգնաժամերը կառավարելու կարողությունը հզորացնելու ջանքերում։
Առաքելությունը կաջակցի Հայաստանին՝ դիմակայելու բազմաշերտ սպառնալիքներին, ինչպիսիք են՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունը (FIMI), կիբերհարձակումները և անօրինական ֆինանսական հոսքերը:
EUPM-ը ռազմավարական խորհրդատվություն և կարողությունների հզորացում կտրամադրի տարբեր նախարարությունների ու պետական կառույցների՝ հասարակության և ինստիտուտների առջև ծառացած սպառնալիքներին ուղղված քաղաքականությունների մշակման համար։
Բացի այդ, առաքելությունը կտրամադրի օպերատիվ խորհրդատվություն և կունենա ծրագրային բաժին, որը պատասխանատու կլինի համախոհ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կոնկրետ գործողությունների նույնականացման և իրականացման համար:
«Հայերը բախվում են զանգվածային ապատեղեկատվական արշավների և կիբերհարձակումների։ Հաջորդ տարիների ընթացքում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը կտրամադրի փորձագիտական խորհրդատվություն, կարողությունների հզորացում կառավարական գերատեսչությունների համար և թիմ, որը կմշտադիտարկի հրատապ գործողությունների ոլորտները: Երբ հունիսին հայերը գնան ընտրատեղամասեր, միայն իրենք պետք է ընտրեն իրենց երկրի ապագան: ԵՄ-ն օգնում է պաշտպանել Հայաստանի դիմակայունությունը»,- ասել է Կայա Կալասը` Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը։
Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը կունենա երկու տարվա նախնական մանդատ, իսկ դրա օպերատիվ կենտրոնակայանը կգտնվի Հայաստանում:
Երբ հունիսին հայերը գնան ընտրությունների, միայն իրենք պետք է ընտրեն իրենց ապագան. Կայա Կալլաս
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալլասը հայտարարել է, որ Եվրոպան ունի ռազմավարական շահագրգռվածություն կայուն և անվտանգ Հարավային Կովկասի հարցում։ Նա նշել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում առաջընթացը իրական հնարավորություն է տարածաշրջանի համար, և ԵՄ-ն զգալիորեն ուժեղացնում է իր աջակցությունը։
Նախարարները համաձայնել են հաստատել ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն Հայաստանի համար։ Այն կոչված է ամրապնդելու երկրի դիմակայունությունը զանգվածային ապատեղեկատվական արշավների և կիբերհարձակումների դեմ։
Մայիսին Երևանը կհյուրընկալի առաջին համատեղ գագաթնաժողովը, որը կդառնա կողմերի միջև խորացող գործընկերության վկայությունը։
Նա անդրադարձել է նաեւ առաջիկա ընտրություններին։
«Երբ հունիսին հայերը գնան ընտրությունների, միայն իրենք պետք է ընտրեն իրենց ապագան»,- շեշտել է նա։
Անդրադառնալով տարածաշրջանի մյուս երկրներին՝ Կայա Կալլասը ներկայացրել է հետևյալ դիրքորոշումները։
Բաքուն մնում է կարևոր գործընկեր էներգետիկայի և կապուղիների ոլորտում։
Ի տարբերություն Հայաստանի հետ խորացող կապերի՝ Վրաստանի վերաբերյալ գնահատականները մտահոգիչ են։ Կալլասի ձևակերպմամբ՝ երկիրը ժողովրդավարական հետընթացը շրջելու ոչ մի նշան չի ցուցաբերում։




0 Մեկնաբանություն