Հասարակություն

Վայոց ձորի մարզպետը վայր դրեց լիազորությունները

Հարգելի՛ գործընկերներ, Վայոց ձորի մարզի սիրելի բնակիչներ: Ներքաղաքական վերջին իրադարձություններով պայմանավորված ես վայր եմ դնում ՀՀ Վայոց ձորի մարզպետի լիազորությունները:

Հարգելինե՛րս, ս/թ հունիսի 1-ին ես նշանակվեցի ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում: Իհարկե, չորս ամիսը շատ քիչ ժամանակ է մարզի ղեկավարի համար, որպեսզի կարողանա մարզի տնտեսական զարգացմանը նպաստող գործեր նախաձեռնել և ծրագրած աշխատանքները կյանքի կոչել:

Այնուամենայնիվ, փորձել եմ այդ կարճ ժամանակահատվածում ծառայել իմ հայրենակիցներին, լինել նրանց հույզերին հաղորդակից, լուծումներ գտնել մարզի ազգաբնակչությանը հուզող մանր ու մեծ խնդիրներին: Արել եմ հնարավոր ամեն քայլ, որպեսզի կարողանամ օգտակար լինել մարզում առկա խնդիրների լուծման գործընթացին:

Թե որքանով է այս փոքրիկ ժամանակահատվածը ինձ հնարավորություն ընձեռել իրականացնել նշված գործառույթները, գնահատականը տալու եք դուք ու ժամանակը: Հարգելի՛ գործընկերներ, ուրախ եմ անցած 4 ամիսների համատեղ աշխատանքի համար և շնորհակալ եմ փոխադարձ հարգանքի ու ըմբռնման համար:

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալ եմ ձեզ այս ընթացքում իրար հանդեպ դրսևորած վստահության, ձեր անդուլ աշխատանքով մարզային իշխանություններին օգնելու և փոխադարձ հասկացվածության համար: Շնորհակալ եմ, ՀՀ գործադիր իշխանության տարածքային ծառայությունների, մարզի համայնքների, մարզային ենթակայության հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, սպասարկման և բիզնես ոլորտի ներկայացուցիչներին, համատեղ աշխատանքի համար: Բոլորիդ ասում եմ ցտեսություն և մաղթում՝ խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ օրեր:

Խաղաղություն Երկրիս սահմաններին, Աստված պահապան մեր զինվորներին և Աստծո լույս՝ բոլորիդ օջախներին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ

Արագած Սաղաթելյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *