Հասարակություն

Վարձատրությունը կնվազի 20%-ով, 1000 հոգի է կկրճատվի․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

Մոտ 1 ամիս առաջ, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց, որ բնակիչների համար գազի  սակագինը մնում է անփոփոխ, «Գազպրոմ -Արմենիա»-ի տնօրեն Հրանտ Թադևոսյանի հայտարարեց՝ այս որոշումից հետո ստիպված կլինեն կրճատումներ անել ընկերությունում։  Հիշեցնենք՝ ընկերությունն առաջարկում էր վերանայել և սահմանել բնական գազի նոր սակագին բոլոր սպառողների համար, ինչը մերժվեց բնակիչների մասով։

   «Ա1+»-ը մի քանի գրավոր հարց է ուղղել «Գազպրոմ -Արմենիա»-ին այս հարցով։

Արդյո՞ք «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունում տեղի ունեցել են կրճատումներ կամ լինելու են՝ ՀԾԿՀ-ի վերջին որոշումից հետո։ Եթե այո՝ քանի հոգի է կորցնելու աշխատանքը և ի՞նչ հիմքով են կրճատվելու աշխատակիցները։

Նախատեսվում է շուրջ 1000 աշխատողների կրճատում, որն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ: Այդ առումով Ընկերության կողմից աշխատանքներ են տարվում կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար:

Հնարավոր կրճատումներից հետո արդյո՞ք մյուս հսկիչների աշխատավարձը կմնա նույնը։

ՀՀ ՀԾԿՀ 19.06.2020թ. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու որոշման շրջանակում սահմանվել են նաև Ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի նոր մեծություններ, որոնք ցածր են Ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի առկա մեծություններից: 

  Որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ ս.թ. թվականի հուլիսի 19-ից առկա է լինելու փաստացի թվաքանակով  Ընկերության աշխատողների աշխատավարձի գումարային փաստացի չափի և սպառողներին վաճառվող բնական գազի սակագնով նախատեսված աշխատակազմի աշխատավարձի մասով ֆինանսական միջոցների (գումարների) անհավասարակշռություն և, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ տնտեսական պայմանների փոփոխման հիմքով նվազեցնել Ընկերության բոլոր աշխատողների աշխատանքի էական պայման հանդիսացող աշխատանքի վարձատրության չափը 20%-ով:

Պարգևավճարները կմնա՞ն։

 Պարգևավճարների հարցը կքննարկվի կրճատումների և աշխատավարձերի վերանայման գործընթացների ավարտից և Ընկերության տարեկան ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների ամփոփումից հետո:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *