Հասարակություն

Շուրջ 100.000 տարրական դասարանցիներ կստանան սննդի փաթեթներ

ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը սննդի փաթեթներ կտրամադրեն տարրական դասարանների շուրջ 100.000 երեխայի: Սա պայմանավորված այն հանգամանքով, որ կորոնավիրուսի պատճառով դպրոցների խոհանոցներն ու ճաշանները շարունակում են փակ մնալ: 

Համագործակցելով ՀՀ կառավարության հետ` Պարենի համաշխարհային ծրագիրը վերակազմակերպել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որ երեխաները հնարավորություն ունենան ամենօրյա սննդարար կերակուրներ ստանալ տանը՝ մինչև դպրոցների խոհանոցների և ճաշարանների վերաբացումը ու սննդի ապահովման վերսկսումը։

ՊՀԾ-ն Հայաստանի ողջ տարածքում առողջարար սննդի փաթեթներ կտրամադրի տարրական դասարանների շուրջ 50.000 երեխայի` «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է ՌԴ-ը: Ծրագրի աստիճանաբար ազգայնացման շրջանակում ՀՀ կառավարությունը զուգահեռաբար կաջակցի լրացուցիչ շուրջ 50.000 դպրոցականի: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՊՀԾ-ն սննդի փաթեթները դպրոցականներին տրամադրում են 2020/21 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում։ 

Մեկանգամյա այս բաշխումը միտված է աջակցել ընտանիքներին՝ հոգալու երեխաների սննդային կարիքները 80 օրվա ընթացքում: Սննդի փաթեթները, որոնք տրամադրելու են ՀՀ կառավարությունը և ՊՀԾ-ն, պարունակում են հետևյալ պարենային մթերքները՝ հնդկացորեն, ոսպ, մակարոնեղեն, բրինձ, ձեթ և ցորենի ալյուր:

ԿԳՄՍ նախարարություն

 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *