Հասարակություն

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Հատուկ քննչական ծառայությունում Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին և նրա կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին վերաբերող նոր քրեական գործ է հարուցվել: Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։

Հիշեցնենք՝ սա արդեն 2-րդ քրեական գործն է, որով անցնում է Վաչագան Ղազարյանը: Ավելի վաղ՝ այս տարվա փետրվարին ՀՔԾ-ը կարճել էր Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր հարկերից խուսափելուն եւ ապօրինի հարստացմանը։ Քրեական գործը կարճվել էր հանցագործությամբ պատճառած վնասի՝ 2 մլրդ. 837 մլն. դրամի փոխհատուցման հիմքով: Հանցակազմի բացակայության հիմքով կարճվել էին նաև Վաչագան Ղազարյանի կողմից իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործերը: Կարճվել էր նաև Ղազարյանի և նրա կնոջ կողմից «Յանս» ակումբի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքով հարուցված քրեական գործը, ինչի դեմ, սակայն, նախկին գլխավոր հաշվապահը բողոք է ներկայացրել դատարան. այն դեռևս քննության փուլում է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *