Հասարակություն

Օրեր առաջ շենքի փլուզման հետեւանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Հիվանդանոցում մահացել է Երեւանի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մ-ն, ով հոսպիտալացվել էր շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Օգոստոսի 29-ին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից տեղեկություն է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Էդգար Մ․-ն (ծնված 1979 թ․) մահացել է, նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է

ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային բնակելի շենքում։ Մասնակի փլուզվել է հինգերորդ շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 

Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ, շենքի փլուզված հատվածից և հարակից բնակարաններից իրականացրել են 19 քաղաքացու տարհանում։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 08։20-ի սահմաններում փլատակներից դուրս է բերվել երկու տուժած քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ի (ծնված 1949 թ․) առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր։

Ժամը 13։01-ին՝ մոտ հինգ ժամ շարունակվող որոնողափրկարարական աշխատանքներից հետո, փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *