Հասարակություն

Նոր դիահերձարան՝ հատուկ վտանգավոր վարակակիրների դիահերձումների համար

Հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել միջազգային չափանիշներին համապատասխան հատուկ վտանգավոր վարակների ժամանակ դիահերձումները կազմակերպելու համար նախատեսված ՀՀ-ում 1-ին դիահերձարանը: ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» Կոտայքի մարզային բաժնի դիահերձարանի շենքն այժմ հագեցված է ժամանակակից սարքավորումներով։ Այն բաղկացած է 2 առանձին դիասրահից` համապատասխանաբար 3 և 1 սեկցիոն սեղաններով, որոնցից մեկը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակներից, այդ թվում կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների` դատաբժշկական փորձաքնության նպատակով դիահերձման համար։ 

Դիասրահներն ունեն առանձնացված մուտքեր, իրար հետ կապ չունեցող օդափոխման համակարգեր, ինֆեկցիոն սրահը հագեցած է բարձր ուղղորդված ճնշման տակ գործող օդամղիչ և օդահեռացման համակարգով, հատուկ ինֆեկցիոն դիասեղանով և HEPA ֆիլտրներով։ 

Դիահերձարանի շենքը դիակների ընդունման համար ունի 2  առանձին մուտք, էլեկտրական ամբարձիչներով 2 առանձին բազմախցիկային սառնարանային համակարգ` վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններից մահացած անձանց դիակների պահման նպատակով, ինչպես նաև առանձին մուտք քաղաքացիների և անձնակազմի համար։ 

Նշենք, որ բժշկական անձնակազմի աշխատասենյակները մեկուսացված են դիահերձարանից։

Դիակների ճանաչումը կազմակերպվում է հատուկ համակարգի միջոցով՝ տեսախցիկների և հեռավար կապի օգնությամբ։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *