Հասարակություն

Մենք չենք կարող տվյալներ տրամադրել գերեվարված անձանց քանակի վերաբերյալ. Զառա Ամատունի

Մենք չենք կարող տվյալներ տրամադրել գերեվարված անձանց քանակի վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանում գերեվարված քանի՞ անձ կա՝ զինծառայող և քաղաքացիական անձ:

«Մենք այցելում ենք գերիներին, որոնք պահվում էին թե՛ մինչև սեպտեմբերի 27-ը, թե՛ դրանից հետո են գերեվարվել: Սակայն ամբողջական պատկերացում նաև մեզ մոտ չկա, որովհետև կողմերը չեն տրամադրել ամբողջական ցանկերը, որ մենք հասկանանք՝ որքան անձինք են պահվում այս ու մյուս կողմում»,-նշեց Ամատունին՝ հավելելով, թե չեն կարող տվյալներ տրամադրել նաև, թե ԿԽՄԿ-ն քանի գերեվարված անձի է այցելել՝ ելնելով ԿԽՄԿ աշխատանքի ձևաչափից:

Հարցին էլ՝ արդյոք կա՞  ողջամիտ ժամկետ, որի ընթացքում պետք է կատարվի գերիների վերադարձը, Ամատունին պատասխանեց, որ ժամկետները որոշում են կողմերը:

«Այսինքն՝ գոյություն ունեն որոշակի պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվել քաղաքական բանակցությունների շրջանակներում, սակայն ԿԽՄԿ-ն բանակցային գործընթացի  մաս չի կազմում, այս առումով իրավասու չենք համարում ժամկետների հետ կապված մեկնաբանություն տալ»,-ասաց նա:

Ամատունին հիշեցրեց, որ հոկտեմբերի 28-ին ԿԽՄԿ-ն օգնել է Ադրբեջանից ՀՀ տեղափոխել մեկ քաղաքացիական անձի, իսկ նոյեմբերի 1-ին ՀՀ է տեղափոխվել տարեց տղամարդու դի:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *