2018թ. սեպտեմբերի 10-ին ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկություն հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում 60 մլն դոլարի չարաշահումներ են հայտնաբերվել: Ավելի ուշ՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ քննչական կոմիտեն 2 հաղորդագրություն տարածեց Հարավկովկասյան երկաթուղում չարաշահումների հետ կապված: Նախ՝ 2018թ. դեկտեմբերի 17-ին Քննչական կոմիտեն տարածեց մի հաղորդագրություն, որտեղ նշվում էր, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատասխանատու պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ:
Ըստ այդ հաղորդագրության՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2008թ. Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվել է համաձայնագիր, որով հայկական երկաթուղու համակարգը 30 տարի ժամկետով կոնցեսիոն պայմանագրով հանձնվել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը: Ըստ այդմ, ռուսական կողմը պետք է պայմանագրով ամրագրված ժամանակահատվածում 122.348 մլրդ ՀՀ դրամ երկաթուղային ենթակառուցվածքներում և 52.209 միլիարդ ՀՀ դրամ շարժակազմում ներդրումներ կատարեր:
Դրանից որոշ ժամանակ անց ՀՀ տրանսպորտի նախարարության և աուդիոտարական ընկերության միջև կնքվել է «Պետության կարիքների համար աուդիտորական ծառայությունների մատուցման պետական գնման» պայմանագիր՝ 40.020.000 ՀՀ դրամ արժեքով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում ֆինանսական և տեխնիկական աուդիտ իրականացնելու նպատակով։ Աուդիտի արդյունքում կազմվել և 2015թ. փետրվարին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերություն ու նախարարություն է ներկայացվել 2008-2013 թվականների՝ ընկերության ծավալած գործունեության վերաբերյալ աուդիտորական հաշվետվություն, որում արձանագրվել են ընկերության գործունեության հետ կապված ֆինանսական բնույթի մի շարք չարաշահումներ, այդ թվում՝ երկաթուղային ենթակառուցվածքներում կատարված ներդրումներում՝ 428 միլիոն ՀՀ դրամի չկատարված շինարարական աշխատանքներ:
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ երկաթուղու վարչության գործունեությունը համակարգել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալը, ով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունից չստանալով աուդիտորական եզրակացությամբ արձանագրված չարաշահումների և դրանք վերացնելու վերաբերյալ պատճառաբանված պարզաբանումներ և առաջարկություններ, խմբային շահերից ելնելով, աուդիտորական հաշվետվությամբ արձանագրված ֆինանսական չարաշահումները, ներդրումների գործընթացում Կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պարտավորությունների բազմաթիվ խախտումները, այդ թվում՝ 428 միլիոն ՀՀ դրամի չկատարված շինարարական աշխատանքների՝ այսինքն ներդրումային գործընթացում կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակության մասին հաղորդում չի ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին։ Արդյունքում ներդրումային միջոցներից հափշտակվել է 428 միլիոն ՀՀ դրամ, գործուն միջոցներ չեն ձեռնարկվել՝ ներդրումային գործընթացում արձանագրված ֆինանսական բազմաթիվ չարաշահումները վերացնելու, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելուն պարտավորեցնելու ուղղությամբ:
Նկատի ունենալով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ՝ նախարարության պատասխանատու պաշտոնատար անձի՝ նախարարի տեղակալի կողմից իր պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և այն ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Վերոնշյալ հաղորդագրությունից մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 25-ին Քննչական կոմիտեն ևս մեկ հաղորդագրություն է տարածում, որտեղ նշվում է հետևյալը. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, դրանց կատարմանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Նշվում է, որ համաձայն կոնցեսիոն պայմանագրի՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն պարտավորվել է ներդրումներ կատարել ենթակառուցվածքի և շարժակազմի բարելավման համար՝ պայմանագրով սահմանված կարգով և չափերով՝ 122,3 մլրդ. դրամ ենթակառուցվածքի և 52,2 մլրդ. դրամ շարժակազմի բարելավման համար (ընդհանուրը 174,5 մլրդ դրամ՝ համարժեք 575 մլն. ԱՄՆ դոլարին, որը 2018թ. փոխարժեքով կազմում էր շուրջ 360 մլն ԱՄՆ դոլար): Քրեական գործով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ներդրումային գործընթացում չարաշահումներ կատարելու մասին, որի իրական ծավալները, ներդրումային միջոցների օգտագործման արդյունավետությունը, կոնցեսիոն ակտիվների և շարժակազմերի տնօրինման արդյունքում ստացված ֆինանսական միջոցների օգտագործման օրինականությունը և գործի համար հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հանգամանքները պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել է ստուգում՝ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության մասնագետներին հանձնարարելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում իրականացնել ստուգում՝ 2008-2018թթ. համար:
Նշվել է նաև, որ «նախաքննությունը շարունակվում է, քրեական գործը բազմադրվագ է և մեծածավալ. քննության առարկա է հանդիսանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության 10 տարվա գործունեությունը, ստուգվում է շուրջ 110 մլրդ. ՀՀ դրամի ներդրումների արդյունավետությունը և իրավաչափությունը, որի շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվում են մեծածավալ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ առերևույթ չարաշահումներ թույլ տված անձանց գործողություններին կտրվեն համարժեք քրեաիրավական գնահատականներ, ինչի մասին կտեղեկացվի լրացուցիչ»:
Ինչպես տեսնում ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վերոնշյալ 2 հաղորդագրություններում բավականին լուրջ մեղադրանքներ են հնչեցվում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում տարիներ շարունակ իրականացված թալանի, ֆինանսական չարաշահումների և հանցագործության հատկանիշներ պարունակող այլ գործունեության հետ կապված: Բացի այդ, տարիներ շարունակ ՀԿԵ-ում կատարված ֆինանսական չարաշահումների, փողերի լվացման և այլ հանցավոր սխեմաների մասին տեղեկություններ են հայտնվել մամուլում և որոշ դեպքերում այդ տեղեկություններ հաղորդողները հենց երկաթուղու ոլորտին քաջատեղյակ մարդիկ են եղել:
Եվ ահա այս ամենի հետ մեկտեղ օրերս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՌԴ տրանսպորտի նախարարության միջև ստորագրվեց «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն անվանումով փաստաթուղթը, որի մասին մամլո հաղորդագրություններ են տարածել ՀՀ և ՌԴ համապատասխան պրոֆիլային նախարարությունները: Հայկական կողմի տարածած մամլո հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա նախկինում իրականացված ֆինանսական չարաշահումների մասով, իսկ ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի և Հայաստանի պրոֆիլային նախարարություններն ընդունել են ընկերության գործունեության անկախ աուդիտորական ստուգումների արդյունքները։ Ստուգվել է 2008թ–ին կնքված կոնցեսիոն պայմանագրի գործողության ողջ ընթացքը: Հաստատվել է նաև ՀԿԵ-ի կողմից իր ներդրումային պարտավորությունների ամբողջական կատարումը և կողմերի պահանջների բացակայությունը»: Ըստ այդմ, դատելով այդ համաձայնագրից «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության հետ կապված Հայաստանի կառավարությունն այլևս որևէ բողոք կամ պահանջ չունի:
Մենք կապ հաստատեցինք ՀՀ Քննչական կոմիտեի հետ և փորձեցինք պարզել, թե ինչ ճակատագիր է ունեցել 2 տարի առաջ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում նշանակված ստուգման արդյունքներով հարուցված քրեական գործը: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ այդ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է և որ քրեական գործով մեղադրյալի, կասկածյալի դատավարական կարգավիճակով անձինք չկան: Ըստ այդմ, այստեղ արդեն հարց է առաջանում՝ եթե քրեական գործը կարճված չէ, նախաքննությունը շարունակվում է, ապա ինչպե՞ս է ՌԴ տրանսպորտի նախարարությունը պնդում, որ կողմերն արձանագրել են ՀԿԵ-ի կողմից իր ներդրումային պարտավորությունների ամբողջական կատարումը: Ընդ որում, խոսքը ոչ թե մի քանի տասնյակ հազար դոլարի, այլ հարյուրավոր միլիոնների և միգուցե միլիարդների ֆինանսական չարաշահումների և չկատարված ներդրումների մասին է: Մենք նաև զանգահարեցինք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախախարություն և փորձեցինք պարզել, ինչպե՞ս է Հայաստանը ՌԴ հետ ստորագրել փաստաթուղթ, որով կողմերը միմյանց նկատմամբ պահանջներ չունեն, այն դեպքում, երբ Քննչական կոմիտեում երկու տարի առաջ հարուցված և դեռևս նախաքննության փուլում գտնվող հատկապես խոշոր չափերի հասնող չարաշահումների վերաբերյալ գործը դեռև ընթացքի մեջ է: ՏԿԵԶ նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը մեր հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ ինքը նախարարության կողմից տարածած մամուլի հաղորդագրությանը ոչինչ չունի ավելացնելու և խորհուրդ տվեց դիմել նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին: Զարմանալի է նաև, որ Քննչական կոմիտեում մոտ երկու տարի քննվող գործի շրջանակներում դեռ որևէ մեկը որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված չէ և կարծես, թե գործը տեղից չի շարժվում:
Առաջիկայում մենք կփորձենք, ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ «Հարավկովկասյան երկաթուղում» անցկացված անկախ աուդիտորական ստուգումների արդյունքների մասին, սակայն պետք է արձանագրել, որ այս պատմությունը բազմաթիվ հարցականներ ունի և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններն այս հարցը լուծել են գաղտնիության շղարշի ներքո: Այստեղ նաև հարց է առաջանում՝ ինչի՞ դիմաց է Հաայստանի կառավարությունը «աչք փակել» «Հարավկովկասյան երկաթուղում» արձանագրված ֆինանսական չարաշահումների համար: Հիշեցնենք նաև, որ ընթացիկ տարվա մայիսին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել էր նաև Հայաստանում գործող ռուսական ձեռնարկությունների խնդրին և բացահայտ իր դժգոհությունը հայտնել «Հարավկովկասյան երկաթուղում» արձանագրված չարաշահումների հետ կապված քրեական գործի հարուցման վերաբերյալ: Մասնավորապես, ռուս պաշտոնյան հայտարարել էր, որ «դաշնակցային հարաբերությունները պետք է արտացոլվեն բոլոր ոլորտներում։ Մենք ակնկալում ենք, որ համատեղ ձեռնարկությունների, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղում» դեմ վերջին տարիներին սկսված դատական գործընթացները կկարգավորվեն` առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին։ Ես այդ մասին շատ բաց եմ խոսում, քանի որ ռուսական ընկերությունները հայտնվել են որոշ բարդ իրավիճակներում»:




0 Մեկնաբանություն