Հասարակություն

GPS կամ Google Maps-ի մեխանիկական կիրառությունը լուրջ սպառնալիք է սահմանի բնակչությանը. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որն իր աշխատակազմով Սյունիքում է, հայտարարել է, որ GPS կամ Google Maps-ի մեխանիկական կիրառության արդյունքում լուրջ սպառնալիքներ են ստեղծվել սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության համար։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

ՄԻՊ-ն իր աշխատակազմով աշխատանքային եռօրյա այցով Սյունիքի մարզում է: Նախատեսված են այցեր Գորիս, Շուռնուխ, Որոտան, Կապան, Մեղրի և այլ համայնքներ:

«Գորիս, Որոտան ու Շուռնուխ կատարած այցերը հաստատում են, որ Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google Maps) մեխանիկական կիրառության արդյունքում լուրջ սպառնալիքներ են ստեղծվել Հայաստանի սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու կենսական կարևորության մյուս իրավունքների համար, որոնք երաշխավորված են միջազգայնորեն ու ՀՀ Սահմանադրությամբ: Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը:

Մասնավորապես, այդ սկզբունքի մեխանիկական կիրառումով ադրբեջանական վերահսկողության ներքո են անցել, օրինակ, Գորիսը, Որոտանն ու Շուռնուխն ու այլ բնակավայրեր իրար միավորող ճանապարհի տարբեր հատվածներ, որոնք ուղիղ վտանգի տակ են դրել խաղաղ բնակիչների տեղաշարժը»,-ասվում է գրառման մեջ:

Սահմանային դարձած բնակավայրերի բնակիչների հետ ՄԻՊ հանդիպումները, համայնքային մարմինների հետ քննարկումները հաստատում են, որ ադրբեջանցի զինվորականները սադրանքների են դիմում, պարբերաբար զինված հայտնվում խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ ճանապարհներին ու դա անում են զենքի ցուցադրումով՝ խաղաղ բնակիչներին և առաջին հերթին կանանց ու երեխաներին ահաբեկելու նպատակով:

Նշվում է նաև, որ GPS-ի կամ Google Maps-ի մեխանիկական կիրառության արդյունքում, օրինակ, Որոտանում ու Շուռնուխում մարդիկ ուղղակի զրկվել են իրենց սեփականության իրավունքով պատկանող տներից, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունից: Այդ համայնքների բնակիչները նաև զրկվել են իրենց մասնավոր սեփականությունը հանդիսացող, իսկ համայնքը՝ համայնքային սեփականություն հանդիսացող կենսական կարևորության գյուղատնտեսական հողատարածքները (օրինակ՝ որպես այգի, վարելահող կամ արոտավայր) օգտագործելու հնարավորությունից:

Նշվում է նաև, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո են հայտնվել Հայաստանի քաղաքացիներին պատկանող տներ ու հողատարածքներ, որոնց նկատմամբ իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող վկայականները տրվել են կա՛մ Խորհրդային Հայաստանի, կա՛մ Հայաստանի անկախ Հանրապետության տարբեր ժամանակահատվածների իրավասու մարմինների (Կադաստրի կոմիտե և այլն) կողմից:

«ՀՀ սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքն ու առողջությունը ուղիղ սպառնալիքի տակ է հայտնվել նաև այն պատճառով, որ ստացվել է, օրինակ, Շուռնուխի դեպքում գյուղը բաժանվել է «ադրբեջանական» ու «հայկական» մասերի ու որպես բաժանման հիմք է ընդունվել այդ համայնքով անցնող միջպետականն ճանապարհը: Բայց հարցն այն է, որ ճանապարհի մի կողմում՝ «հայկական» մասում [այդ թվում՝ այն վայրերը, որտեղ երեխաները սովոր են խաղալ] խաղաղ բնակիչներ են, իսկ անմիջականորեն մյուս մասում՝ ադրբեջանական զինված ուժերը:

Ուստի, ՀՀ սահմանների հարցը Google մասնավոր կազմակերպության հավելվածներով կամ GPS համակարգով լուծելը, որը նաև վտանգում է ՀՀ պետական սահմանների անձեռնմխելիությունն ու երկրի անվտանգությունը, բացարձակ անընդունելի է»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ ՄԻՊ աշխատակազմի այցի ընթացքում տեղում Գուգլ (google) քարտեզների մի քանի տարբերակներ ցույց են տվել տարբեր արդյունք, այդ թվում՝ մի քանի դեպքում Շուռնուխ գյուղը ներկայացնելով ՀՀ տարածքի մաս:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *