Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել:
Մասնավորապես նա հայտարարել է, որ իրականում հայ-ռուսական հարաբերություններում շատ մեծ դինամիկա կա, որոշ ոլորտներում դա աննախադեպ է, օրինակ` ռազմօդուժի հետ կապված՝ միաժամանակ հավելելով, որ ճիշտ չի լինի ասել, որ դինամիկան այս վերջին 2 տարիների ընթացքում է շարունակվել, բայց այն, ինչ վերաբերում է հակաօդային պաշտպանության միջոցներին, իրականացվել է վերջին տարիներին:
Դավիթ Տոնոյանը նշել է նաև, որ Հայաստանի պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ Պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում: «Կնքվեց 4 Սու-25-երի արդիականացման ծրագիր, որը տարիներ շարունակ չի հաջողվել իրականացնել: Ռազմարդյունաբերության ոլորտում բավականին հետաքրքիր լուծումներ են եղել, ինձ ոգեշնչում է մասնավոր կազմակերպությունների ներգրավվածությունը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը ռազմարդյունաբերության ոլորտում»-հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարարը:
Ռազմական գերատեսչության ղեկավարը նաև հայտնել է, որ նախատեսվում է նոր խմբաքանակի ՍՈւ-30ՍՄ կործանիչների ձեռքբերումը:





0 Մեկնաբանություն