ԱՐՑԱԽ

Տավուշի մարզում կա 6 վարակակիր․ մարզպետ (տեսանյութ)

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ կապով տեղեկացրել է, որ Տավուշում իրավիճակը հսկողության տակ է․

Սիրելի բարեկամներ,
Տավուշում իրավիճակը հսկողության տակ է։ Այս պահին ունենք 6 վարակակիր, որոնք գտնվում են համապատասխան բժշկական հաստատություններում, լավ են զգում։ Նրանց մաղթենք բարեհաջող ապաքինում։ Մարզում մեկուսացված են 96, ինքնամեկուսացված են 188 հոգի։
Այս օրերին ամեն ինչ անում ենք մեր բնակիչների սոցիալական հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ՝ հիմնականում սննդի փաթեթների տրամադրմամբ։ Այսօրվա դրությամբ բնամթերային օգնություն է տրամադրվել 2000-ից ավելի ընտանիքների և ևս 1200 երեխաների։ Սա ամենօրյա շարունակական գործընթաց է։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։
Զուգահեռաբար մեր բնակիչները սկսել են գրանցվել պետական սոցիալական աջակցության ծրագրերի համար։ Խնդրում եմ ակտիվ եղեք այս ուղղությամբ, և եթե խնդիրներ ունեք, կապվեք մարզպետարանի թեժ գծին, կամ ուղղակի գրեք մեզ ցանկացած եղանակով։
Այս օրերին մեր դպրոցականներին բաժանել ենք 100-ից ավելի համակարգիչներ և պլանշետներ։ Առաջիկա օրերին կտրամադրվեն այդքան ևս։
Հաջորդ կարևորագույն ուղղությունը Տավուշի տնտեսական զարգացման տեմպերի ապահովումն է, այդ թվում Կառավարության կողմից հայտարարված տնտեսական խթանման ծրագրերին մասնակցությանն աջակցելը։ Խնդրում եմ բոլորին ավելի ակտիվ լինել և դիմել Կառավարության աջակցության ծրագրերին, կամ դիմել մարզպետարան՝ ցանկացած եղանակով։
Եվ վերջապես, շնորհակալություն բոլորիդ կարգապահության և համբերատարության համար։ Փոխադարձ վստահությամբ մենք անպայման հաղթահարելու ենք այս փորձությունը։ Հատուկ երախտագիտություն մեր առողջությունն ու անվտանգությունն ապահովող բոլոր կազմակերպություններին և անձանց, շնորհակալ եմ։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *