ԱՐՑԱԽ

Թուրքիայի ներգրավվածությունն այս ամբողջի մեջ շատ վտանգավոր տարրեր է իր մեջ պարունակում. Մասիս Մայիլյան

Առավոտից կապի մեջ ենք ԵԱՀԿ նախագահի գործող ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Արցախի տեղեկատվական շտաբում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

«Այս ագրեսիայի մասին տեղեկացված են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք արդեն հանդես են եկել հայտարարությամբ»,- հիշատակեց նա:

Նրա խոսքով` միշտ էլ ագրեսիվ գործողություններն իրականացվել են Ադրբեջանի կողմից, որոնք ապարդյուն են եղել: «Համոզված ենք, որ այս անգամ էլ հաղթանակը մերն է լինելու»,- ասաց նա:

Մասիս Մայիլյանի խոսքով` իրենք կապի մեջ են եղել տարբեր միջազգային կառույցների հետ, իրազեկել են իրավիճակի մասին: «Նպատակ ենք ունեցել, որ մեր գործընկերներն այլ երկրներում իմանան, թե ով է նախաձեռնել այս պատերազմը: Պատահական չէ, որ մի շարք հայտարարություններ հնչեցին, և հիմա էլ գործընթացը շարունակվում է: Տարբեր կառույցներ, տարբեր հայտնի քաղաքական գործիչներ ուղղակի մեղադրում են Ադրբեջանին այս պատերազմը սանձազերծելու մեջ և իրենց աջակցությունն են հայտնում Արցախի ժողովրդին»,- ասաց նա:

Նրա գնահատմամբ` միջազգային արձագանքը եղել է շատ բուռն, տարբեր միջազգային կազմակերպություններ են արձագանքել`ՄԱԿ-ը, ԵԽ-ը, ՆԱՏՕ-ն և այլ: «Հիմնական մեսիջն այն է, որ դադարեցվեն ռազմական գործողությունները, և հարցը լուծեն բանակցությունների միջոցով: Հայտարարություններում նշված է, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում և պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասաց նա:

Մասիս Մայիլյանի խոսքով` այսօր ակտիվ աշխատել են ՀՀ ԱԳՆ-ի հետ, որն էլ կապի մեջ է եղել տարբեր կառույցների հետ, եղել են արձագանքներ տարբեր պետությունների կողմից: «Բոլոր կոչերը խաղաղասիրական են: Միայն կարող ենք առանձնացնել Թուրքիան, որը շատ ագրեսիվ և միակողմանի հայտարարություններով է հանդես եկել Ադրբեջանի օգտին: Եվ ընդհանրապես մենք համարում ենք, որ Թուրքիայի ներգրավվածությունն այս ամբողջի մեջ շատ վտանգավոր տարրեր է իր մեջ պարունակում:

Եվ պատահական չէ, որ կան կոչեր, որ միջազգային հանրությունը ոչ միայն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը պետք է զսպի, այլ նաև Թուրքիային հեռու պահի այս գործընթացներից, որովհետև դա կարող է էականորեն փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում»,- ասաց նա` նշելով, որ Արցախի միջազգային ճանաչումը կարող է լինել լավագույն քայլը Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի դեմ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *