ԱՐՑԱԽ

Ի՞նչ, պատերա՞զմ, մադամ, ի՞նչ եք ասում, ձեր տոմսը, խնդրեմ

Գնացքում եմ, մարմինս միայն, անջատված պատուհանից եմ հետեւում թե ինչպես է օտար կյանքը սահում իմ կողքով։ Միտքս պայթում է պատերազմի տեսարաններից, հեռու, հեռավոր, անցած պատերազմներին միախառնված այս նորի տեսարաններից։ Հոգիս հանդիպում է նրանց, դեմքերը հաջորդում են իրար ու չեմ հասկանում, բայց ժպտում են, աներեւակայելի, լույս ճառագող ժպիտներով։ Իսկ ես քար եմ կտրել, գիտակցությունս դիպչում է ավերակների, շոյում մոխիրների մեջ թավալված լուսանկարներ... Մեկ էլ ձայն՝ կարծես ուշաթափությունից ետ բերելու ջանքով։
Մադա՞մ։ Մադա՜մ, Մադա՞մ, վա՞տ եք ձեզ զգում։ Եկել է տոմսս ստուգելու։ Նայում եմ դեմքին, փորձելով հասկանալ։ Չնայած հասկանում եմ, գիտեմ որ տոմսս պիտի ցույց տամ, բայց պիպիշ կտրած նայում եմ դեմքին։ Նորից է հարցնում, մի քիչ հեռու կանգնած, չմոռանալով վարակի կանոնը, բայց թեքված դեպի ինձ՝ Մադա՞մ, ça va ?
Non, ça va pas, շշնջում եմ։ Ի՞նչ է եղել, ի՞նո՞ւ եք վատ։ Իմ երկրում պատերազմ է, էլի եմ շշնջում։ Ի՞նչ, պատերա՞զմ, մադամ ի՞նչ պատերազմ, ի՞նչ եք ասում, Ձեր տոմսը, խնդրեմ, ֊ բայց շարունակում է զննել դիմակով պատսպարված դեմքս, նայում է աչքերիս։ Պատերազմ, մադամ, չգիտե՞ք ինչ է պատերազմը, արդեն նյարդայնանում եմ։ Հանգստացեք, մադամ, ուզո՞ւմ եք ջուր բերեմ ձեզ համար։ Պատերազմ չկա, լուրերը ոչինչ չեն ասում, Հանգստացեք, մենք Ֆրանսիայում ենք...հայաստանում է պատերազմը, գիտե՞ք թե որտեղ է Հայաստանը... Հայաստան, Շառլ Ազնավուր, Ar me ni... Այո իհարկե, կներեք, ես չգիտեի, լուրերը ոչինչ չեն ասում...

Տարագիր լրագրող Գայանե Առուստամյանի ֆեկսբուքյան էջից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *