ԱՐՑԱԽ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

«Համանախագահները խստորեն դատապարտում են շարունակվող բռնությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքում՝ շփման գծից հեռու գտնվող թիրախների դեմ և անհանգստություն հայտնում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ: Քաղաքացիական անձանց վրա հարձակումները ցանկացած պարագայում անթույլատրելի են։ Համանախագահները կողմերին կոչ են անում պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության իրենց միջազգային պարտավորությունները»,- ասված է հայտարարությունում։

Համանախագահները նաև ընդգծել են, որ բռնության էսկալացիային արտաքին կողմերի մասնակցությունը խարխլում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերը։

«Վկայակոչելով երեք համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ համանախագահները կրկին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել առարկայական բանակցությունները բարի կամքի պայմաններում և առանց նախապայմանների»,- ասված է հայտարարության մեջ։

Համանախագահները նաև կոչ են արել անհապաղ հումանիտար հրադադար հայտարարել, որպեսզի ապահովեն ԵԱՀԿ և ԿԽՄԿ հետ համատեղ զոհված զինծառայողների աճյունների հայրենադարձությունը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *