ԱՐՑԱԽ

Անհապաղ վերադարձեք հրադադարի ռեժիմին. ԵԱՀԿ նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և արտգործնախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ կարգավորել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ հրադադարի ռեժիմին:

Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Ես բոլոր ներգրավվածներին կոչ եմ անում անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին, քանի
դեռ հակամարտության հետևանքով սպանվածների թիվն էլ ավելի չի աճել»,-հայտարարել է Ռաման: Նա ավելացրել է, որ իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կապի մեջ է հակամարտության բոլոր կողմերի ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, որ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

«Համանախագահները մտահոգությամբ են դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել բանակցությունները ՝ հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար: Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` տեղերում իրավիճակի կայունացման համար և կրկին հայտարարում են, որ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», - ասված է հայտարարությունում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *