Քաղաքականություն

«Վախենում են քննարկել, որ հրապարակային հայտնած կարծիքներից չխայտառակվեն»: Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան  կուսակցության խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կառավարության նիստում վախենում են քննարկել պատգամավորների, խմբակցությունների ներկայացրած նախագծերը, որ հրապարակային հայտնած կարծիքներից չխայտառակվեն 

Սիրելի՛ քաղաքացիներ,

Ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայք-էջից, այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության կողմից ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Խ-192-14.06.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ կառավարության առաջարկություն ներկայացնելու հարցը (օրակարգի 19-րդ կետ)։ 
    Հետաքրքիր է, սակայն, որ այս հարցը չզեկուցվող հարցերի շարքում է։ Այսինքն, կառավարությունն ըստ էության չի քննարկելու մեր առաջ քաշած օրենսդրական նախաձեռնությունը, այլ ընդամենը հաստատելու է կառավարական կոմիտեի նիստում տրված բացասական եզրակացությունը։ Եվ ընդգծենք, որ սա այն դեպքում, երբ մեր նախաձեռնությունն ամբողջովին բխում է պետական ժողովրդավարական համակարգ կառուցելու շահերից, և խնդրո առարկա հարցի լուծումը չափազանց կարևոր է ինչպես ներկայիս, այնպես էլ ապագա ցանկացած կառավարության համար։
 Ես չեմ հիշում մի դեպք, որ իմ անկախ պատգամավոր եղած կամ ԵԼՔ դաշինիքյ ժամանակ պատգամավորի կամ մի ամբողջ խմբակցության ներկայացրած նախագիծը լինի չզեկուցվող: Այսինքն նման պրակտիկա անգամ Հանրապետական կառավարության կողմից չի կիրառվել օրենսդիր մարմնից ներկայացված նախագծերի քննարկման ժամանակ։
   Այս նախագիծը չզեկուցվող հարցի տեսքով նիստի օրակարգում ընդգրկելը և կառավարության նիստում այն չքննարկելը համարում ենք բացարձակապես անընդունելի քայլ և արհամարհանք իր հիմնական սահմանադրական լիազորությունն ու առաքելությունն իրականացնող Լուսավոր Հայաստան խմբակցության և հետևաբար նաև մեզ վստահության քվե տված 80.000 քաղաքացու նկատմամբ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *