Քաղաքականություն

Սկսեցինք «ԵԼՔ»-ով, գործում ենք «ԵԼՔ»-ով, շարունակում ՝ «ԼՈՒՅՍ»-ով

Կարելի՞ էր պահել դաշինքը: Երևի թե կարելի էր... Անձամբ ես մեր քաղաքական դաշտում կուզեի տեսնել ամուր Դաշինքներ, ոչ այսրոպեական ու պատեհական, շահի ու մանրախնդիր նպատակների համար ստեղծված, այլ ժամանակի մեջ ձգվող, փորձություններով ու հաջողություններով ամրացած, խորքային քաղաքական ու քաղաքացիական սկզբունքների շուրջ համաձայնեցված դաշինքներ... Պետք են դաշինքները, մեր այսօրվա խորհրդարանական կառավարման զարգացման ու կատարելագործման փուլում ուղղակի անհրաժեշտ են դաշինքները. դրանք կարող են ակտիվացնել քաղաքական հոսանքների երկխոսությունը, փոխադարձ վերահսկողությունը, դրանք կարող են ստեղծել քաղաքական գաղափարախոսությունների ու հոսանքների բախումներ, որոնցից գուցե կծնվեն նոր հասարակական-քաղաքական միավորներ, հոսանքներ ու ուղղություններ, դրանք կարող են լավ հարթակ լինել նոր քաղաքական գործիչների, նոր առաջնորդների համար... Կարևոր բան են դաշինքները:

Կարո՞ղ էինք պահել մեր դաշինքը: Երևի թե կարող էինք... Դաշինքը պահելու համար մեր կողմից արեցինք հնարավորը, գուցե և անհնարինը: Մենք լավ հասկանում ենք, որ դաշինքը միայն մերը չէ. այն բոլորինս էր դարձել ստեղծումից, 2017-ից մինչ այսօր: Այն ժողովրդական էր, իր էությամբ համատեղ աշխատանքի, համախմբության, ռեժիմի դեմ քաղաքացիական ու քաղաքական ըմբոստության օրինակ... Բայց... Դաշինքները ենթարկվում են նաև ինչ-որ «ներքին ու արտաքին» անհրաժեշտության ավելի խիստ ու ավելի պահանջկոտ օրենքներին: Համենայնդեպս այս փուլում մեր դաշնակիցների կողմից դաշինքի պահպանման անհրաժեշտությունը չկարևորվեց ու չդիտարկվեց որպես սկզբունքային: Նորմալ եմ համարում սա այնքանով, որքանով որ փոխվել է քաղաքական կոնյուկտուրան: Եթե եղել է ռևոլյուցիա, սա էլ կարելի համարել էվոլյուցիա: Ինչի չէ՞ որ:

Դաշինքները ստեղծվում ու մասնատվում են, բայց պետականակերտ քաղաքական երկխոսության դաշտի և հասարակական-քաղաքական միավորների զարգացման անհրաժեշտությունը, որով մեր այս նոր պետականության կայունության հիմքերն են դրվելու, մնում են: Մնում են, որովհետև դա մեկ օրվա և մեկ տարվա գործ չէ, քաղաքական պայքարն ու կուսակցական գործունեությունը նախ և առաջ պետական շահին ծառայեցնելը հեշտ գործ չէ, մեր խայտաբղետ հասարակության ուժն ու եռանդը, շնորհքն ու հույսերը արդար ու ամուր պետականության համար օգտագործելը հեշտ բան չէ: Ով ասի, թե հեշտ է, մի քանի տարվա գործ է, իրեն կնվիրեմ Լենինի աշխատությունների 22 հատորները:

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում: Կանք այնպիսին, ինչպիսին կանք: Մեր հին ու նոր դաշինքներով. սկսեցինք «ԵԼՔ»-ով, գործում ենք «ԵԼՔ»-ով, շարունակում ենք «ԼՈՒՅՍ»-ով:

«ԼՈՒՅՍ» Դաշինք
«Լուսավոր Հայաստան» Կուսակցություն
«Հանրապետություն» Կուսակցություն

ԿՈՐՅՈՒՆ ՇԵԿՈՅԱՆ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *