Քաղաքականություն

Խորհրդարանական ընդդիմությունն էլ է իշխանություն. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի խոսքով և՛ իրենք, և՛ «Հանրապետություն» կուսակցությունը անցնելու են խորհրդարան. «Մենք չանցնենք բա ո՞վ անցնի»։

Ըստ նրա՝ ուժերի ստացած ձայների համամասնությունից պարզ կլինի՝ իրենք ընդդիմություն կլինեն, թե՝ ոչ. «Պետականաշինությունում դու ընդդիմություն ես, թե իշխանություն, տարբերություն չկա, ընդդիմությունն էլ է իշխանություն․ երբ անցանք խորհրդարան, ասացինք՝ մենք 9 մանդատի իշխանություն ունենք, մեկ մանդատն էլ է իշխանություն»։ Նրա խոսքով՝ ԸՕ-ի նախագծի տապալումը չի ազդի իրենց ձայների քանակի վրա. «Միգուցե 1-2 տոկոսի տարբերություն լինի»։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իրենք չեն ցանկանում իրենց ցուցակում ներառել մարդկանց, որոնք նախկին իշխանությունների հետ են առնչվել. «Տեղներս էդքան լեն չի, որ էդպիսի քայլերի դիմենք, ցուցակները կհրապարակվեն՝ կտեսնեք»։ Անդրադառնալով Հայկ Կոնջորյանի՝ կուսակցության շարքերը լքելուն՝ նա նշում է, որ դա իր գործն է. «Ժամանակը ցույց կտա, ինչն էր ճիշտ, ինչը՝ սխալ»։

Էդմոն Մարուքյանը շեշտում է՝ ամեն ինչ անելու են, որ Հայաստանում երկրորդ քաղաքական ուժը լինեն. «Քաղաքական համակարգի առողջացման համար անհրաժեշտ է, որ ԼՀ-ն լինի երկրորդ քաղաքական ուժը ՔՊ-ից հետո, եթե ընտրություններն անցնեն այնպես, ինչպես ենթադրում ենք, դրա հավանականությունը 90 տոկոսից ավելի է»։ Նա չի բացառում, որ ընտրություններից հետո կհամագործակցեն ՔՊ-ի հետ՝ կոալիցիա կազմելով. «Պետք է հասկանալ, որն է առավել անհրաժեշտ, եթե կառավարությունն այնպիսին լինի, որ բոլորը պրոֆեսիոալներ լինեն, ու մեր մասնակցության կարիքը չլինի, ապա պետք է ընդդիմություն լինել և հետևել նրանց աշխատանքին»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *