Քաղաքականություն

ՀՀ իշխանությունը կշարունակի բանակցել նույն սկզբունքների շուրջ. Արցախում չեն կարծում, թե ԼՂ հարցում նոր մոտեցում կլինի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության 100-օրյա աշխատանքին նվիրված հանրահավաքի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը։ Վերահաստատելով, որ ինքը կբանակցի միայն Հայաստանի Հանրապետության անունից, իսկ Արցախի անունից պետք է բանակցեն Արցախի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը նաև նշեց. «Դուք պատկերացնո՞ւմ եք. ես Ղարաբաղի հարցով դեռևս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց, ուրիշ բանի մասին չեն բանակցել, և ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին, թե ով ինչ է խոսել»։

Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե չի կարծում, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ղարաբաղյան հարցում արմատական փոփոխություններ կլինեն. «Այսինքն՝ ի՞նչ կարող ենք ակնկալել, իշխանությունը կշարունակի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո այն սկզբունքների շուրջ, որոնք արդեն իսկ ձևակերպված են և պետք է ձգտի հասնել հարցի արդար, խաղաղ, համապարփակ այնպիսի կարգավորմանը, որը կբավարարի հակամարտության բոլոր կողմերին»։

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք անհրաժեշտ չէ նոր փաստաթուղթ և որ արդեն բանակցվող փաստաթուղթը ժամանակավրեպ է, Վահրամ Աթանեսյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, թե այսօր գոյություն ունի ինչ-որ փաստաթուղթ, որի շուրջ բանակցում են։ Որքանով ես եմ պատկերացնում՝ բանակցություններն ընթանում են կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության գալու համար։ Այդ սկզբունքները հայտնի են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների հավասարություն ու ինքնորոշում։ Այդ սկզբունքները պետք է կողմերի միջև համաձայնեցվեն, որից հետո բանակցություններն արդեն կընթանան կոնկրետ խնդիրների շուրջ։

Ես չեմ կիսում մեկնաբանների, քաղաքական գործիչների այն մոտեցումները, թե նոր իշխանությունները կարող են որդեգրել նոր մոտեցում Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եթե նույնիսկ նոր իշխանություններից որևէ մեկը կամ վարչապետը ինչ-որ տեղ նման հայտարարություն արել է, ապա ես դա չեմ համարում իրական քաղաքականություն»։

Ըստ նրա՝ իրական քաղաքականությունը այն ուղեգիծն է, որ հաստատվել է հրադադարից հետո, որևէ նոր հայտնագործություն չի կարող լինել, եթե մենք կողմնակից ենք հարցի խաղաղ կարգավորմանը. «Եթե այլ մոտեցում ենք որդեգրում, գնանք նրան, որ Հայաստանը միակողմանի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կամ Լեռնային Ղարաբաղը հռչակագրի որպես Հայաստանի անբաժանելի մաս՝ սա այլ խոսակցության թեմա է, եթե խոսքը գնում է ԵԱՀԿ Մինսկի հովանու ներքո խաղաղ բանակցային կարգավորմանը, ապա այստեղ կտրուկ և արմատական փոփոխություններ լինել չեն կարող։ Իշխանությունները կարող են որոշակի շեշտադրումների փոփոխություններ անել ներքին լսարանի համար, բայց սկզբունքորեն, ես կարծում եմ, իշխանությունը շարունակելու է բանակցել այն սկզբունքների շուրջ, որ հայտնի է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Իշխանությունը գնալու է Իլհամ Ալիևի հետ հանդիպման, և բանակցությունները կլինեն իրենց տրամաբանական հունի մեջ»։

Արդյոք նոր մոտեցում չէ այն, որ Փաշինյանը հայտարարում է, որ առանց ժողովրդի հետ խորհրդակցելու որևէ փաստաթուղթ չի ստորագրելու և որ ինքը բանակցում է միայն Հայաստանի անունից, հարցին ի պատասխան, Վահրամ Աթանեսյանը պատասխանեց. «Նախկինում էլ ոչ ոք չէր ասում, որ ժողովրդից գաղտնի ինչ-որ փաստաթուղթ է ստորագրելու, կամ ի՞նչ է նշանակում ժողովրդի հետ քննարկենք, ի՞նչ է նշանակում հրապարակում հավաքվել և որոշել՝ գնո՞ւմ ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման, թե՞ ոչ։ Ո՞վ կարող է դա բացատրել, այսօր բանակցություններ չե՞ն ընթանում, այսօր Հայաստանի ԱԳ նախարարությունը չի՞ աշխատում ղարաբաղյան հարցի ուղղությամբ, իհարկե, ամեն օր աշխատանք է տարվում, բայց ոչ ոք այդ մասին հրապարակային քննարկումներ չի տանում։ Կամ ի՞նչ ձևով պետք է ներկայացվի հրապարակային քննարկման։ Իհարկե, վարչապետ Փաշինյանը կարող է ժողովրդի հետ երկխոսության ժամանակ խոստանալ նման մոտեցումներ, բայց բանակցությունները այնքանով են բանակցություններ, որ դրանք ընթանում են փակ դռների հետևում, դա դելիկատ գործընթաց է և պահանջում է նրբանկատ մոտեցում ու կոնֆիդենցիալություն»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշում է՝ երբ բանակցությունները կբերեն ինչ-որ լուծման, ապա պետք է քննարկել քաղաքական ուժերի հետ, դնել հանրաքվեի, բայց դա, ըստ նրա, վերջին հանգրվանում. «Այդ հանգրվանը բավականին հեռու է, այսօր բանակցություններն ընթանում են բանակցություններ վերսկսելու շուրջ։ Կվերսկսե՞ն, ինչպե՞ս՝ հայտնի չէ։ Վարչապետ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, բայց ինչի՞ շուրջ՝ դեռ պարզ չէ։ Ամեն դեպքում ես չեմ կարծում, թե դա հրապարակում արծարծելու հարց է։ Չեմ կարծում, թե հրապարակում հավաքված 50 կամ 60 հազար, կամ 100 հազար մարդուց կարելի է հարցնել՝ արդյո՞ք համաձայն են այս լուծմանը, թե՞ ոչ։ Ի վերջո, Հայաստանն ունի 3 միլիոն բնակիչ, և ամեն մեկը կարող է այս հարցում իր տեսակետը ունենալ։ Ամեն դեպքում ես չեմ կարծում, թե դա հանրահավաքային քննարկման հարց է»,-եզրափակեց նա։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *