Քաղաքականություն

Առանց բնակիչներին տեղյակ պահելու տները գրավադրել են

Բնակարան ունենալու հույսով մի շարք քաղաքացիներ վճարել են գումար և մնացել դրսում: Դեռևս 2007 թվականին «Նորաշեն 2007» կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանի և նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանի հետ քաղաքացիները կանխավճարի պայմանագիր էին կնքել, որպեսզի նորակառույց շենքի շինարարության ավարտից հետո առքուվաճառքի պայմանագրով սեփականաշնորհեին բնակարանները: Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով շինարարությունը դադարում է, իսկ գնված բնակարանները գրավադրվում են:

 «Առանց մեր իրավասության մեր բնակարանները գրավադրված էր վաշխառուների մոտ տոկոսով գումարի դիմաց, որոնք մինչև Վճռաբեկ դատարան փակել տվեցին գործը: Ինչու՞, որովհետև մարդիկ պաշտոնյաներ էին՝ Հերմինե Նաղդալյան, Ռազմիկ Ավագյան, Գագիկ Առաքելյան»,- ասում է Արուս Վանյանը:

Այժմ քաղաքացիները պայքարում են վաշխառուների դեմ, որովհետև, ըստ նրանց, սա նախապես ծրագրված է եղել: Վաշխառուներն էլ նրանցից գումար են պահանջում, որպեսզի շահառուներին վերադարձնեն իրենց իսկ տները:

Կառավարության դիմաց մի խումբ կանայք էլ պահանջում էին Կառավարությունից վերանայել հիփոթեքի պայմանները, մասնավորապես՝ բանկերի կողմից պահանջվող աշխատավարձի վերաբերյալ:

«Աշխատավարձն իրենց ասած ֆիքսված թիվ է՝ 450-500 հազար: Ցանկացած երիտասարդ ընտանիք, թեկուզ, եթե գրանցված աշխատող են, ոչ մեկ չի գրանցում բարձր աշխատավարձով հարկերի պատճառով»,- ասում է Անուշ Սարիբեկյանը:

Նրանք բոլորն էլ փաստում են՝ վճարունակ են: Եթե տարիներ շարունակ կարողացել են վճարել վարձով բնակարանների դիմաց, պատրաստ են պարտաճանաչ վճարել նաև հիփոթեքով բնակարանի դիմաց, միայն թե վերանայեն պայմանները:

Կանայք պահանջում էին վերանայել նաև տարիքային շեմը, որովհետև շատ վճարունակ ընտանիքներ չեն կարողանում օգտվել այս պայմաններից,  քանի որ գերազանցում են սահմանված տարիքային շեմը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *