Քաղաքականություն

Անցումային արդարադատության ներդրումը կարող է ռիսկեր պարունակել. Արման Թաթոյան

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու հավանականության մասին, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ դա նախնական դիրքորոշում էր: Նա նաև ընդգծեց, որ անցումային արդարադատության անցումը պարունակում է ռիսկեր: «Վերջնական գնահատականի համար ուսումնասիրություն ենք անում: Անցումային արդարադատությունն իր մեջ ներառում է թե՛ դատական, թե՛ ոչ դատական բարդ և բազմաբնույթ միջոցառումների ամբողջություն: Անցումային արդարադատությունը ներդրվում է այն երկրներում, որտեղ եղել են իրավունքների հիմնարար, զանգվածային խախտումներ, դրանք կարող են լինել ռեպրեսիվ քայլերի, զինված բախումների հետևանքով և այլն»,- նշեց Ա. Թաթոյանը:

ՄԻՊ-ի խոսքով՝ անցումային արդարադատության մարմինների ստեղծման անհրաժեշտություն է առաջանում՝ որոշակի պայմաններից ելնելով, դրանցից մեկն, ըստ Ա. Թաթոյանի, այն է, որ առկա համակարգը չի կարողանում լուծել առաջացած հարցերը կամ կոնկրետ գործերի առանձնահատկություններով պայմանավորված՝ հնարավոր չի լինում դրանց քննությունն իրականացնել: «Անցումային արդարադատության մարմինների ստեղծման նպատակը, եթե խոսում ենք ոչ դատական համակարգին վերաբերելիության տեսակետից, գործող համակարգին աջակցելն է:

Գործիքակազմը շատ տարբեր է: Օրինակ՝ եթե ստեղծվում է որևէ հանձնաժողով՝ Հաշտեցման հանձնաժողով, Ճշմարտության հանձնաժողով և այլն, դրանցում կարող են ներգրավվել տարբեր մարմիններ և դրանք կարող են փաստահավաք առաքելություն իրականացնել և հավաքված ինֆորմացիայով աջակցել գործող մարմիններին»,- նշեց ՄԻՊ-ը:

Ա. Թաթոյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է նաև օրենսդրական փոփոխություններ իրականացանել, քանի որ դատական համակարգում այսօր կան խնդիրներ. «կոռուպցիոն դրսևորումներ, ներքին և արտաքին անկախության հետ կապված, քաղաքացու վստահության պակասի, գործերի ձգձգման հետ կապված խնդիրներ և այլն: Առանձին դատավորներ վտանգում են դատական իշխանությունները»:

Մանրամասն՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *