Մունետիկ

ՎԱՆԱՁՈՐԻ ՏԻՄ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ

1996-ին ՀՀ-ում առաջին անգամ ընտրվեցին ՏԻՄ-երը: Նրանք եկան փոխարինելու քաղաքային խորհուրդներին, շրջանային խորհուրդներին: Լավ-վատ` կարելի է ասել` կայացավ ՏԻ-ն: Բայց առաջին ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձորի ամեն նոր ավագանի որակապես զիջեց նախորդին: Արդեն  պատահական մեկը չէր կարող ընտրվել, լիներ գիտնական, ուսուցիչ, բժիշկ, լրագրող… Չէր կարղ, որովհետև վերևից «դաբրո» ստացած համայնքի ղեկավարն էր «ընտրում» իր ավագանուն: Ավագանու կազմում 1-2 հակառակ խոսող գտնվում էր, բայց սրանք էլ որպես կանոն քաղաքի համար պատասխանատու նիստերին «թռնում» էին. շառից-փորձանքից հեռու: Մյուսներն էլ տարիներով ձեռքները «կողմ»-ի վրա «նաստրոյկա» արած տարածքներ էին պոկում՝ սեփական բիզնեսի, խանութի, տան, վերավաճառելու նպատակով, իսկ ոմանց` առավել արտոնյալներին, քաղաքը «քանդելու» հնարավորություն էր տրվում, երկրաշարժից հետո դեռ կանգուն, բայց վթարային  շինությունները քանդում, շինանյութը վաճառելով հարստանում էին:

Ոչ յուրային մեկը չկար, որ ՀՈԱԿ-ի տնօրեն նշանակվեր կամ շարքային աշխատող. տնօրենները համայնքի ղեկավարի հարազատները կամ իշխող ուժի պատգամավորների ասած մարդիկ էին, աշխատողները` քաղաքական թիմի մերձավորները:

Այսպես օրեցօր, տարեցտարի ապականվում էր քաղաքը, հատվում էին ծառերը, մայթերին` անթույլատրելի վայրերում, հայտնվում էին առևտրի կետեր, «պոնչիկ-պեռաշկիանոցներ», վարսավիրանոցներ, այգիներում, պուրակներում՝ կրպակներ ու «ուտուշ-խմուշի օբյեկտներ»:

Քաղաքային տրանսպորտը մինչ այսօր խայտառակ վիճակում է, քանզի գծատերերը մարդիկ են` նույն արտոնյալները, որոնք մի կողմից` մսխում էին համայնքային միջոցները, մյուս կողմից` կարտոֆիլ տեղափոխելուն անգամ ոչ պիտանի գազելներով տեղափոխում մարդկանց:

2016-ին վանաձորցին այլևս չէր հանդուրժում անցյալը, և որոշեց մարդավարի միջավայրում կերտել իր վաղվա օրը: Իհարկե, 17 տարի քաղաքը ղեկավարած Սամվել Դարբինյանն այլևս չուներ ոչ վանաձորցու աջակցությունը, ոչ էլ վերևների, և ՀՀԿ վերնախավը, պարտվելու վերահաս վտանգը  զգալով, նոր թեկնածու առաջարկեց՝ նոտար Մամիկոն Ասլանյանին` իր «Վանաձորի նոր էջով»: Վարչական լծակների կիրառում, ոստիկանական միջամտություն, ընդդիմադիրների ծեծ ու անպատժելիություն… Վախի ու սարսափի մթնոլորտում վանաձորցիները գնացին ընտրության:

Վանաձորցիները չընտրեցին ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի «Նոր էջը», պարզապես չհավատացին, ՀՀԿ-ն մեծամասնություն չկազմեց, ընդդիմադիրները միասին կարող էին տեղական մակարդակում իշխանափոխություն անել, բայց այստեղ էլ ՀՀԿ-ն չհանդուրժեց «Լուսավոր Հայաստանի» թեկանածուի համայնքի ղեկավար լինելու հեռանկարը, և կազմակերպեցին մանդատագողություն:  Հուշագիր ստորագրած ավագանու անդամները փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեցին Մամիկոն Ասլանյանին, որի համար ՀՀԿ-ն գնաց ամենաստոր քայլին՝ ձայնի դիմաց՝ պաշտոն, փոխքաղաքապետի պաշտոն ու մի շարք այլ պաշտոններ: «Լուսավորը» մնաց ընդդիմություն:

2018-ին տեղի ունեցավ «հեղափոխությունը», Վանաձորում շարունակեց իշխել ՀՀԿ-ն, բայց Ասլանյանն սկսեց թեք նայել ՀՀԿ-ին, հաճոյանալ նոր իշխանություններին, սակայն նորերը չվստահեցին, չընդունեցին, նույնիսկ մինչև ընտրություններ քաղաքը ղեկավարելը մերժեցին ու նշանակեցին իրենց մարդուն:

Հիմա կարծես հավասար պայմաններում են հայտնվել «Լուսավոր Հայաստանն» ու Մամիկոն Ասլանյանը, երկուսն էլ պիտի պայքարեն ՔՊ-ի դեմ, այն ՔՊ-ի, որ 2016-ին 0 մանդատ ստացավ, չհաղթահարեց անցողիկ շեմը, նույնիսկ «Լուսավորի» դեմ հակաքարոզչությունը չօգնեց: Ուշագրավ էր, որ 2016-ի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն պայքարում էր ոչ թե ՀՀԿ-ի, այլ՝ Լուսավոր Հայաստանի դեմ: Անձամբ Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում հակաքարոզչության արշավին, Վանաձորի փողցներում վատաբանում Մարուքյաններին:

Հիմա ժամանակները փոխվել են, Մամիկոն Ասլանյանը ՀՀՇ-ից առանձնացած «Ազատ դեմոկրատներով» է առաջադրվում, ՔՊ-ն այլևս իշխանություն է՝  2016-ին 0 մանդատ ստացած թեկնածու Արամ Խաչատրյանով,  «Օրինաց Երկիր-Հայկական վերածնունդով» 5 մանդատ ստացած, տեղական իշխանությանը մաս կազմած փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը դեռ կուսակցություն է փնտրում, որ առաջադրվի, քանզի վերջերս նրան էլ ՔՊ-ն մերժեց իր ցուցակ ընդգրկել, իսկ «Լուսավոր Հայաստանը», որ օր ու արև չէր տալիս ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանին, կշարունակի իր ընդդիմադիր պայքարը՝ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանի գլխավորությամբ:

Առաջադրվողներ էլի կան, կուսակցություններից մի քանիսը Վանաձորում հեղինակություն ունեցող անձ է փնտրում, մի քանիսն արդեն գտել են իրենց թեկնածուին, բայց այս կուսակցությունները  որևէ կապ չունեն ոչ Վանաձորի, ոչ վանաձորցու հետ, սրանք ընտրությունից ընտրություն հյուրախաղերով են հանդես գալիս Հայաստանի համայնքներում:

Ի դեպ, նախկին իշխանություններն էլ կուսակցական ակտիվություն չեն դրսևորում, որովհետև Վանաձորի 17 տարվա ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանի թիմակիցն առաջադրվում է Արզաքանցյանի կուսակցության միջոցով:

Թող մեզ ներեն բոլոր այն թեկնածուները, որոնց անունները չենք գրել. ասելու բան չկա. դե եթե  լավ բան չունեն արած այս քաղաքի համար, վատի մասին էլ չեն բարձրաձայնել, էլ ի՞նչ գրենք, մարդիկ իրենց համար ապրել են:

  

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *