Միջազգային

Ուղեղի ու թոքերի աշխատանքի խնդիրներ`կովիդից բուժվածներից ոմանց մոտ.Ամերիկայի Ձայն

«Լանսեթ» բժշկական ամսագիրը հրապարակել է կորոնավիրուսով վարակված 153 հիվանդների նկատմամբ իրականացված ուսումնասիրության արդյունքը: Հետազոտությունն անցկացրած մասնագետները պատկերը բացատրում են այսպես` կովիդ 19-ով ծանր տառապածներից շատերի մոտ առաջ են գալիս բարդություններ ուղեղի աշխատանքում: Նրանց խոսքերով այդ հիվանդների մեկ երրորդի մոտ նկատվում են հոգեբանական մտավոր վիճակի փոփոխություն, ուղեղի բորբոքում, պսիխոզի եւ դիմենցիայի ախտանիշներ: Եվ այժմ նրանք հորդորում են, որպեսզի հիվանդությունը ծանր տարած անձինք մնան մեծ ուշադրության կենտրոնում:

Հիվանդներից Սյուզան Քրեսվելն այժմ տառապում է գիշերային մղձավանջներից, եւ երբեմն չի գիտակցում, թե ինքը տվյալ պահին վերակենդանացման բաժանմունքում է, կոմայի մեջ, թե տանը: Ինչպես նա է նկարագրում, առաջին երկու-երեք օրերին գիշերներն ինքը վախենում էր քնել, քանի որ նախորդ օրը շարունակ տեսել էր նույն երազն այն մասին, որ գտնվում է կոմայի մեջ:

Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի քաղաքային հիվանդանոցում բժիշկները կազմել են հատուկ մասնագիտացված մի խումբ, որի կազմի մեջ են մտնում շնչառության եւ վերակենդանացման մասնագետներ, ինչպես նաեւ հոգեբույժներ ու հոգեբաններ, որոնք պարբերաբար կապ են հաստատում վիրուսով վարակված հարյուրավոր նախկին հիվանդների հետ:

Պրոֆեսոր Շարլոթ Բոլթոնն ասում է, թե իրենք ունեն մի շարք ախտանիշներ ունեցող բազմաթիվ նախկին հիվանդներ: ‘’Ոմանց մոտ կան շնչառության պակասի խնդիրներ, ոմանք ունեն շարունակական հազ, ընդհանուր եւ մկանային թուլություն’’, ասում է նա ու ավելացնում, որ ոմանց մոտ առկա են նաեւ վառ երազների, հիշողության կորստի դեպքեր: ‘’Նախկին հիվանդների շրջանում կան մարդիկ, որոնք հիշողության կորստի պատճառով այսօր չեն կարողանում վերադառնալ աշխատանքի’’, ասում է նա:

Թե այս ախտանիշներն այսօր ցույց տվող անձանց քանի տոկոսի մոտ դրանք կդառնան մշտական հիվանդություններ ու քանիսի մոտ դրանք ժամանակի ընթացքում կանցնեն, դեռեւս պարզ չէ:

Այս ախտանիշները հիմնականում նկատվում են նրանց մոտ, ովքեր ավելի երկար են բուժում ստացել հիվանդանոցներում, ում մոտ ավելի սուր է եղել կովիդը, ովքեր ավելի երկար են եղել կախյալ թթվածնի սնուցումից:

Մանրամասն՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *