Միջազգային

Մենք պաշտպանում ենք հայ ժողովրդի իրավունքը՝ ապրելու որպես ազատ ժողովուրդ իրենց հայրենի հողում. Հրեա գիտնականների բաց նամակը

Մի խումբ հրեա և իսրայելցի գիտնականներ կարծում են, որ Ադրբեջանը կանգնած է Հայաստանի դեմ զրպարտության արշավի հետևում, և հանդես են եկել ի պաշտպանություն Հայաստանի: Այս մասին տեղեկացնում է Arutz Sheva-ն: Բաց նամակում ասվում է՝

«Մենք՝ ներքոստորագրյալներս, Մերձավոր և Միջին Արևելքի հրեա և իսրայելցի գիտնականներ ենք։ Այս բաց նամակը գրում ենք՝ պաշտպանելու համար հայ ժողովրդի պատիվն ու բարի համբավը: Գրում ենք այս նամակը, քանի որ մեր կարծիքով՝ իսրայելական և հրեական մամուլում Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող՝ հայերի դեմ ուղղված զրպարտության արշավ է սկսվել:

Հայերն ունեն հին քաղաքակրթություն, նրանք առաջինն են ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Մեր մայրաքաղաք Երուսաղեմի Հայկական թաղամասը գոյություն ունի արդեն մեկուկես հազար տարի։

Նրանք շատ դժբախտ ժողովուրդ են, քանի որ, լինելով քրիստոնյա, շրջապատված են մահմեդական հարևաններով: Կորցնելով անկախությունը, զրկվելով քաղաքական և ռազմական իշխանությունից՝ նրանք, ինչպես և մեր ժողովուրդը, ստեղծեցին իրենց պետականությունը։ Նրանց մեծ հայ համայնքը հաջողության է հասել բիզնեսում, բժշկության, արվեստի և գրականության մեջ:

Թեև Հայաստանում բնիկ հրեական համայնք չկա, հրեական կրոնական տերմինաբանության առկայությունը հայերենում ենթադրում է շատ վաղ կապեր երկու ժողովուրդների միջև։ Հարյուր տարի առաջ Օսմանյան թուրք ազգայնականները Առաջին համաշխարհային պատերազմն օգտագործեցին որպես պատրվակ՝ հայերի ոչնչացման համար: Թուրքերի ադրբեջանցի եղբայրներից շատերը մասնակցել են հակահայկական ջարդերին տարբեր վայրերում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղ անունով տարածաշրջանում։ Այդ դեպքերից մեկ սերունդ անց լեհաստանցի հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը մտցրեց «ցեղասպանություն» եզրույթը՝ նկարագրելու համար, թե ինչ է կատարվել հայերի:

Ազգությամբ հրեա գրող Ֆրանց Վերֆելը գրել է «Մուսա լեռան քառասուն օրը»՝ բեսթսելեր հայ գյուղացիների հաջողված զինված դիմադրության մասին: Այս գիրքը ոգեշնչել է ինչպես 1943 թվականին Վարշավայի գետտոյի մեր մարտիկներին, այնպես էլ մեր Հագանային, որը պատրաստվում էր վերջին մենամարտը տալ Կարմելի մոտ, եթե նացիստները ներխուժեին Իսրայել:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո արևմտյան տերությունները կոմունիզմի դեմ խաչակրաց արշավանքում Թուրքիայի հետ բարեկամություն էին փնտրում։ Միացյալ Նահանգները հրաժարվեց հայկական կոտորածը վերապրածներին, անօթևաններին պաշտպանելու իր քաղաքականությունից։ Պատմական Հայաստանի արևելյան ծայրամասում՝ խորհրդային Անդրկովկասում, հիմնադրվեց խորհրդային մի փոքր հայկական պետություն:

Իսրայելի մասին ասում են, թե այն բազմաթիվ անգամ ունեցել է շատ մղձավանջներ, քան ցանկացած այլ երկիր: Հայաստանն էլ մոտավորապես այդպիսին էր. սարսափի հիշողություններով պատված, կոտրված մարդիկ փորձում էին ծառեր տնկել, քաղաքներ կառուցել և նոր կյանք սկսել։ Իսրայելում մենք ծաղկեցրինք անապատը, հայերը նույնն արեցին իրենց քարքարոտ հողի վրա, բայց նրանք ստիպված եղան պայքարել կոլեկտիվացման, ստալինյան զտումների, ծանր ձեռքի և գաղտնի ոստիկանության ուշադիր ականջի դեմ։

Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, ծայրահեղ ազգայնական գաղափարախոսությունները և կրոնական ծայրահեղականությունը ներխուժեցին մարդկանց մտքերը, որոնք վերջապես ազատագրվել էին յոթ տասնամյակ պարտադրված կոմունիստական դոգմայից: Զսպված էթնիկ լարվածությունը պատերազմի վերածվեց ինչպես նախկին խորհրդային հանրապետությունների ներսում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Երկու նորանկախ պետությունները սկսեցին պատերազմել Ադրբեջանում հայկական մեծամասնություն ունեցող Ղարաբաղի պատճառով, որի բնակչությունն ինքնավարություն էր պահանջում։ Հայերը գրավեցին և՛ Արցախը, և՛ հարակից շրջանների ռազմավարական բուֆերային ընդարձակ գոտին։

2020 թ. աշնանը Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախը վերադարձնելու համար։ Ռուսաստանը զենք էր վաճառում երկու կողմերին, Թուրքիան բացահայտորեն աջակցում էր Ադրբեջանին՝ մարդկային և տեխնիկական ռեսուրս, այդ թվում՝ բարձրտեխնոլոգիական անօդաչուներ տրամադրելով, Իսրայելն անօդաչու թռչող սարքեր և այլ տեխնիկա էր վաճառում իր դաշնակից Ադրբեջանին:

Դա Իսրայելի պատերազմը չէր։ Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ և չպետք է կողմնակալ լինենք:

Զարմանալի չէ, որ վերջին պատերազմը պատրվակ էր Հայաստանում Իսրայելի դեմ հակասեմական հարձակումների համար, հատկապես սոցիալական ցանցերում: Ադրբեջանն օգտվեց դրանից, որպեսզի քարոզչական հարձակում ծավալի հրեական և իսրայելական ԶԼՄ-ների դեմ։

Տարբեր հեղինակների հոդվածներում հիշատակվում էր Հայաստանի մայրաքաղաքում Հոլոքոստի հուշահամալիրի նկատմամբ վերջին վանդալիզմը։ Դա ճիշտ է, բայց, ցավոք, դժվար է անվանել մի երկիր, որտեղ Հոլոքոստի հուշահամալիրները վանդալիզմի չեն ենթարկվել։

Ամենևին չարդարացնելով վանդալիզմը՝ այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Իսրայելի «Յադ վա-Շեմ» Հոլոքոստի հուշահամալիրի հետազոտական կենտրոնը զգուշորեն խուսափում է իր ցուցանմուշներում Հայոց ցեղասպանության մասին հիշատակումներից, չնայած նրան, որ Հիտլերն իր ծրագրերը կազմելիս ոգեշնչվել է Հայոց ցեղասպանությամբ:

Ադրբեջանն այս քարոզչական արշավում ներկայացված է որպես հրեա ժողովրդի լավագույն բարեկամ։ Կրկին, սա խեղաթյուրված պատկեր է, և դա ապացուցող բազմաթիվ փաստեր կան:

Մենք չենք կարող պայքարել Բաքվից եկող ամբողջ ապատեղեկատվության դեմ։ Բայց մենք կցանկանայինք այստեղ հայտարարել, որ մենք՝ որպես հրեաներ և իսրայելցիներ, պաշտպանում ենք հայ ժողովրդի իրավունքը՝ ապրելու որպես ազատ ժողովուրդ իրենց հայրենի հողում։ Մենք հարգում ենք նրանց հնագույն, եզակի մշակույթը: Մենք դատապարտում ենք նրանց դեմ ուղղված ատելության զրպարտությունը։ Մենք նաև դատապարտում ենք հակասեմականության բոլոր դրսևորումները ՝ անկախ դրանց պատրվակից։ Մենք դեմ ենք հայերի դեմ ագրեսիային և կարծում ենք, որ մեր երկիրը չպետք է որևէ կապ ունենա դրա հետ։

Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է։ Բայց ճշմարտությունը, ինչպես և մեզ ՝ Գրքի մարդկանց, չի կարելի սպանել։ Բռնապետերը կարող են անել այն ամենն, ինչ ուզում են իրենց դժբախտ երկրներում՝ զոհելով անմեղ մարդկանց իրենց կեղտոտ խաղերի համար, բայց մենք չենք կարող այդպես վարվել։ Մենք թույլ չենք տա ադրբեջանական քարոզչակամեքենային ճշմարտությունը դուրս մղել Իսրայելից, որքան էլ «նավթային» գումար նա վճարի իր գործակալներին»։

Ստորագրել են՝

Ջեյմս Ռասել, Հարվարդի համալսարանի հայագիտության պատվավոր պրոֆեսոր

Մայքլ Սթոուն, Երուսաղեմի Հրեական համալսարանի հայագիտության և համեմատական կրոնագիտության պատվավոր պրոֆեսոր

Յոավ Լոեֆ, Երուսաղեմի Հրեական համալսարանի հայագիտության դասախոս

Օդեդ Շտայնբերգ, Երուսաղեմի Հրեական համալսարանի միջազգային հարաբերությունների և եվրոպական հետազոտությունների դասախոս

Ռեուվեն Ամիտայ, Երուսաղեմի Հրեական համալսարանի Մերձավոր Արևելքի պատմության պրոֆեսոր

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *