Միջազգային

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, առայժմ պահպանվում է ստատուս-քվոն․ Վլադիմիր Պուտին (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ որոշված չէ: «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում այդ թեմայով խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք պայմանավորվել ենք, որ պահպանում ենք ստատուս-քվոն, իսկ ինչ կլինի առաջիկայում՝ պետք է որոշել: Կարծում եմ, որ եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն՝ վերականգնվեն հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում՝ ժողովուրդների միջև կենցաղային մակարդակում, դրանք նաև կստեղծեն պայմաններ որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,- ասել է Պուտինը:

 Պուտինը հայտարարել է, որ ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում տիրող իրավիճակը երկրի ներքին գործն է։ 

«Ինչ վերաբերվում է ներքաղաքական իրավիճակին, ապա դա մեր գործը չէ, դա Հայաստանի գործն է։ Հայաստանն անկախ, սուվերեն պետություն է և իրավունք ունի լուծել իր ներքին խնդիրներն այնպես, ինչպես անհրաժեշտ է գտնում»,- ասել է Պուտինը։

Միևնույն ժամանակ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի պետական կառույցները չեն կարող թույլ տալ ներսից հասարակության պառակտում։ Նրա խոսքով՝ պատերազմող կամ ռազմական գործողությունների վերսկսման վտանգի տակ գտնվող երկիրը չի կարող նման բան թույլ տալ։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ դա անթույլատրելի է, ոչ արդյունավետ և չափազանց վտանգավոր։ 

Ռուսաստանը հնարավոր բոլոր քայլերն արել է Հայաստանին մենակ չթողնելու համար։  

«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որ Հայաստանն իրեն մենակ ու լքված չզգա։ Հայաստանի քաղաքական վերնախավը շնորհակալություն է հայտնել մեր ջանքերի համար», – նշել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահն ավելացրել է, որ Հայաստանի դեմ ոչ մեկը չի հարձակվել, իսկ Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէր։

«Բայց մարտի դաշտում իրավիճակը ձևավորվեց այնպես, ինչպես ձևավորվեց», – ասել է Պուտինը։

Նրա խոսքով` Ռուսաստանը միշտ կողմնակից է եղել հակամարտող կողմերի միջև հավասարակշռություն ստեղծելուն։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի թաքցրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցում է Ադրբեջանին։ 

«Ինչ վերաբերվում է Թուրքիային, Թուրքիայի դերին, այդ մասին լավ հայտնի է, այդ մասին ոչ մեկ անգամ ուղիղ խոսել են Ադրբեջանում, թուրքական կողմն էլ երբեք դա չի թաքցրել։ Նրանք միակողմանի աջակցել են Ադրբեջանին։ Ինչ կարող եմ ես ասել, դա Խորհրդային Միության փլուզման աշխարհաքաղաքական հետևանքն է։ Մենք ամեն անգամ դրա մասին խոսում ենք որպես մեկ ընդհանուր ամբողջություն, բայց այստեղ բացարձակապես կոնկրետ իրադարձություններ են, որոնց մենք ականատես ենք լինում, որոնց վկան ենք մենք հիմա»,- ասել է ՌԴ նախագահը։

Կարելի է ցանկացած գնահատական տալ Թուրքիայի՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած դերին, բայց Անկարային չի կարելի մեղադրել միջազգային իրավունքի խախտման մեջ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Թուրքական զինվորների ներկայությունը Ղարաբաղի շփման գծում սադրանք է, ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դա հասկանում էր»,-ասել է ՌԴ ղեկավարը։

Նա անդրադարձել է նաև ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի տեղակայման աղմկահարույց հարցին։

«Բաքուն ինքը կարող է որոշում կայացնել, որտեղ պետք է Ադրբեջանում տեղակայվի Ղարաբաղի իրավիճակի մոնիտորինգի համատեղ կենտրոնը»,-նշել է Պուտինը։

Պատասխանելով Փաշինյանի հետ հարաբերությունների հարցին` ՌԴ նախագահը նշել է, որ երբեք կողմ չի եղել փողոցների միջոցով քաղաքական հարցերը լուծելուն, բայց չնայած դրան միշտ լավ հարաբերությունների մեջ է եղել հեղափոխության ճանապարհով Հայաստանի ղեկավար դարձած Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ես միշտ բաց եմ խոսել, որ չեմ ընդունում փողոցի միջով հարցեր լուծելը։ Բայց դա չի արտացոլվել իմ և Փաշինյանի հարաբերությունների վրա։ Մենք շատ դրական, վստահելի և կոնստրուկտիվ հարաբերություններ ունենք։ Ես չեմ թաքցնում, որ Հայաստանի նախկին իշխանությունների հետ էլ եմ լավ հարաբերություններ ունեցել։ Բացի այդ` այստեղ կա ոչ միայն ղեկավարության, այլև ժողովուրդների միջև հարաբերությունների հարց։ Հայ և ռուս ժողովուրդները բարեկամական հարաբերություններ են ունեցել միշտ և ունեն», – ասել է ՌԴ նախագահը։

Պատասխանելով հարցին` ի՞նչ կլինի, եթե Հայաստանում քաղաքական գործընթացների հետևանքով փոխվի ղեկավարությունը և չհամաձայնի իրականացնել ԼՂ հայտարարության կետերը, Պուտինը պատասխանել է, որ նման քայլը ինքնասպանություն կլինի Հայաստանի համար։

Հարցազրույցն՝ ամբողջությամբ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *