Միջազգային

ՀՀ-ի համար ստրատեգիական նշանակության ապրանքի՝ ցորենի ներմուծումը անթույլատրելի է թողնել միայն մեկ ճանապարհով. այլընտրանք է պետք

Ինչպես արդեն հայտնի է, Վրաստանի կառավարության որոշմամբ, սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը։ Ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են, որ այլևս չեն կարող անցնել Վրաստանի տարածքով, այսինքն՝ Լարսով բեռներ տեղափոխել։ Փոխադրումները պետք է իրականացվեն միայն Փոթիի նավահանգստով։

Բարձրացված աղմուկից հետո տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարեց, որ Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով «Հարավկովկասյան» և «Վրացական» երկաթուղիների ղեկավարների միջև ընթանում են բանակցություններ։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ «Վրացական երկաթուղին» մեր փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա։

«Հարավկովկասյան երկաթուղու» մամուլի ծառայությունն էլ տեղեկացրեց, որ Հայաստան հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով։ Որոշումը կայացրել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ու «Վրացական երկաթուղի» ԲԸ-ն։

«Առաջին լրատվական»-ը փորձեց բեռնափոխադրողներից հասկանալ՝ բավարարո՞ւմ է լուծման այս տարբերակը։ Նրանք, անդրադառնալով խնդրի «Հարավկովկասյան երկաթուղիների» կողմից առաջարկվող զեղչային տարբերակով լուծմանը, նկատեցին, որ ավելորդ են համարում որևէ քննադատական կամ նույնիսկ վերլուծական (դրական կամ բացասական) խոսքեր ասել, քանի որ «Հարավկովկասյան երկաթուղիները», լինելով մեր ստրատեգիական գործընկեր և դաշնակից, ՌԴ-ին պատկանող պետական հիմնարկություն, անառարկելիորեն ցուցաբերել է իսկական բարեկամական և գործընկերական մոտեցում ՀՀ-ին: Բայց խնդիրն ավելի խորն է։ Օրինակ` կառավարությունն այս փուլում պայքարում է մենաշնորհի դեմ, որովհետեւ միմիայն մրցակցության առկայության դեպքում է հնարավոր ունենալ տնտեսության կայուն և շարունակական զարգացում, որակյալ ապրանք և ամենացածր գին: Իսկ այս ոլորտում մրցակցություն չկա։

«Մի շատ կարևոր հանգամանք ևս կարծես դուրս է մնացել ցորենի խնդրի հետ կապված քննարկումներից։ Գործազրկություն և եկամուտների արտահոսք ՀՀ-ից ՌԴ: Ներկայումս գործող փոխադրամիջոցները՝ ավտոմեքենաները, ապահովվում են նաև մանր ձեռնարկությունների կողմից, որոնք, իրենց հերթին, մատնվելու են պարապուրդի (վարկային պարտավորությունների չկատարում, սնանկություն)՝ աշխատակազմ, վարորդներ, տեխսպասարկողներ և այլն՝ գործազրկություն, ընդունված հաշվարկով նրանցից յուրաքանչյուրը ապահովում է մեկ ընտանիքի եկամուտ: Վերը նշված բոլոր դրամական միջոցները դառնում են այլ պետությանը պատկանող ընկերությանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին բեռնափոխադրողները՝ հավելելով, որ ՀՀ-ի համար ստրատեգիական նշանակության ապրանքի՝ ցորենի և այլ հացահատկեղենի ներմուծումը անթույլատրելի է թողնել միայն մեկ ճանապարհով, նույնիսկ եթե դա ստրատեգիական գործընկերոջ մասին է, քանի որ դիվանագիտության մեջ չկան մշտական գործընկերներ, կան մշտական շահեր:

«Օրինակ` Վրաստանը մեր հարևան և բարեկամ երկիրն է, որն իր սեփական շահերից ելնելով փորձում է պարտադրել ՀՀ-ի համար խիստ անցանկալի լուծում: Եվ այսպիսով, ավելի լավ է ունենալ այլընտրանք, քան հույս ունենալ, որ «Հարավկովկասյան երկաթուղիները» մեզ մշտապես կտրամադրի զեղչեր և, ամենակարևորը, անխափան հացահատիկի մատակարարում, որի համար մենք մշտապես պետք է լինենք շնորհակալ և երախտապարտ: Կարծում եմ՝ ավելորդ է հիշեցնել գազի, էլեկտրաէներգիայի և ջրի մենաշնորհը տալուց հետո, մեր հասարակությունը, մեղմ ասած, այնքան էլ բավարարված չէ: Չնայած այն հանգամանքի, որ այդ բոլոր ընկերությանները հանդիսանում են ՀՀ-ի ամենաբարեկամ երկրներից՝ ՌԴ և Ֆրանսիա: Անկեղծ շնորհակալություն «Հարավկովկասյան երկաթուղիներից» այս իրավիճակում ՀՀ-ին ձեռք մեկնելու համար, բայց այլընտրանքի պարագայում վստահ եմ, որ կունենանք մշտական ճկուն զեղչեր՝ իր իսկ սեփական տնտեսական շահերից ելնելով, այլ ոչ թե օգնության կարգով»,- ասաց մեր զրուցակիցը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *