Միջազգային

Ֆրանսիան աջակցում է Հայաստանին դժվարին պահին. Էմանյուել Մակրոն

Թուրքիան պետք է խուսափի սադրանքներից և չխանգարի ԼՂ-ի խնդրի լուծմանը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը,- փոխանցում է «Ինտերֆաքսը»։  «Ֆրանսիան հորդորում է Թուրքիային վերջ տալ սադրանքներին՝ կապված ԼՂ-ի հետ: Նա պետք է զսպվածություն դրսևորի և չձեռնարկի գործողություններ, որոնք կխոչընդոտեն հակամարտության կողմերի միջև երկարաժամկետ համաձայնագրի շուրջ բանակցություններին»,- նշված է Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրության մեջ, որից քաղվածքներ են մեջբերել ֆրանսիական լրատվամիջոցները։  Ֆրանսիայի նախագահը պարզաբանել է, որ այդ բանակցությունները պետք է անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Մակրոնը շեշտել է, որ հանդես է գալիս հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծման օգտին, որը հաշվի կառներ Հայաստանի շահերը։ Հարկ է «առանց հապաղելու» ջանքեր գործադրել գտնելու համար «հակամարտության հաստատուն քաղաքական լուծում, որը ԼՂ-ի հայ բնակչությանը թույլ կտա ապրել լավ պայմաններում և կնպաստի իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձին»։ Նշվում է, որ Մակրոնն իրավիճակը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և մտադիր է մոտ ապագայում խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, փոխանցում է EFE-ն։  Նա հավաստիացրել է, որ Ֆրանսիան կշարունակի Հայաստանին հումանիտար օգնություն տրամադրել՝ հավելելով, որ Փարիզն «աջակցում է Հայաստանին դժվարին պահին»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *