Միջազգային

Արբանյակային պատկերներն ապացուցում են Ադրբեջանի կողմից ֆոսֆորի կիրառումը. DFRLab (տեսանյութ)

Digital Forensic Research Lab _ը ծավալուն հոդվածով անդրադարձել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ արգելված ֆոսֆորային զինամթերքի կիրառմանը՝ նշելով, որ արբանյակային պատկերը ցույց է տալիս ԼՂ-ում սպիտակ ֆոսֆորի օգտագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես նշված է, որ մարտական գործողությունների վերջին շաբաթվա ընթացքում բաց աղբյուրների արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անտառների վրա սպիտակ ֆոսֆորական զինամթերք օգտագործելու արդյունքում առաջացել է շրջակա միջավայրի ավերածություն:

Ասվում է, որ նոյեմբերի սկզբին «Թվիթեր»-ում և այլ սոցկայքեում հայտնվել էին տեսանյութեր, որոնցում երևում է ԼՂ-ում հայերի կողմից վերահսկվող տարածքների վրա արգելված սպիտակ ֆոսֆորային զինամթերքի կիրառություն: Նշվում է, որ պատկերները նշանակալի ուշադրության չեն արժանացել միջազգային լրատվամիջոցների կամ շրջակա միջավայրի պահպանության միջազգային կազմակերպությունների կողմից, սակայն «Transparency International Armenia»-ը հրապարկել է «Էկոլոգիական ահազանգ» ՝ դատապարտելով այդ զենքի օգտագործումը: Հոդվածում մեջբերում է արվում այդ հրապարակումից. «Ադրբեջանական ուժերի կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառումն այդ անտառներում ոչ միայն կկործանի արժեքավոր էկոհամակարգերն ու բնակավայրերը, ոչնչացման վտանգի տակ կդնի որոշ տեսակների, այլ նաև տարիներ կաղտոտի գետերն ու ստորգետնյա ջրերը՝ այդպիսով վերածվելով տարածաշրջանային մասշտաբի մեծ սպառնալիքի տարածաշրջանում բնակվող մարդկանց և վայրի բնության համար»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *