Միջազգային

ԱՄՆ-ը Նավալնու թունավորման համար Ռուսաստանին սպառնացել է պատժամիջոցներով

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է «Նովիչոկ» խմբի թույնով Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին հաղորդագրություններով և կաշխատի պատասխանատուներին հայտնաբերելու ու նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Ուլիոթը:

«Նախկինում Ռուսաստանն արդեն օգտագործել է «Նովիչոկ» նյարդա-կաթվածային նյութը: Մենք աշխատելու ենք դաշնակիցների և միջազգային հանրության հետ՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանում այդ ամենում ներգրավված այն մարդկանց, ում մասնակցությունը որ կապացուցվի, և նրանց նկատմմաբ ֆինանսական սահմանափակումներ կմտցվեն նրանց չարամիտ գործողությունների համար: Ռուսաստանցիներն իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը խաղաղ ճանապարհով՝ առանց վախենալու որևէ տեսակի վրեժխնդրությունից, և առավել ևս ՝ քիմիական զենքի օգտագործումից », — ասել Ուլիոթը:

Հիշեցնենք, որ այսօր Գերմանիայի իշխանությունը հայտարարեց, որ ռազմական թունաբանները Ալեքսեյ Նավալնիի մարմնում հայտնաբերել են Նովիչոկ խմբի թույնի հետքեր: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ռուս ընդդիմադիր գործչին անվանել է հանցագործության զոհ, իսկ այդ գործողության նպատակը Նավալնիին լռեցնելը:

Ի պատասխան այդ հայտարարության՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Գերմանիայի կառավարության հայտարարությունները փաստերով հիմնավորված չեն, և Ռուսաստանի գլխավոր դատախազությունը շարունակում է գերմանացի գործընկերներից սպասել իր հարցման պատասխանին: Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ հանցագործության մասին տվյալներ չկան:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *