Facebook

Զանգեզուրի կոմբինատի վերաբերյալ կառավարությունը պետք է քաղաքական որոշում ընդունի, այլ լուծում չկա: Արթուր Գրիգորյան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը նկար է հրապարակել Ողջի գետից, ուր հոկտեմբերի 17-ի առավոտյան  Արծվանիկի պոչամբարից թափոններ են լցվել, ու գրառում կատարել  

Նկարում Զանգեզուրի կոմբինատի թափոններն են, որոնք լցվում են Արծվանիկի պոչամբար, և որ այսօրվա վթարի հետևանքով լցվել են Ողջի գետ: Աղտոտման մասշտաբը պատկերացնելու համար ասեմ, որ նկարում պատկերված բոլոր խողովակների հոսքը միասին վերցված՝ փաստորեն նույնպիսի ճնշմամբ ժամեր շարունակ լցվել է գետը: Խնդրի իրավական բնութագիրը հետևյալն է՝

1. Տեղի ունեցածը քրեական հանցագործություն է, բայց կարծում եմ ոչ էկոցիդ, քանի որ էկոցիդը քրեական օրենսգրքում ձևակերպված է որպես ուղղակի դիտավորությամբ իրականացվող արարք: Քննությունը պետք է դա պարզի:

2. Տեսչությունը պետք է Զանգեզուրի կոմբինատում իրականացնի մասնակի ստուգում, և ոչ թե միայն ջրի նմուշառում: Գործող օրենսդրության համաձայն, բացառապես ստուգման արդյունքում կարող է իրականացվել շրջակա միջավայրին պատճառվող վնասի հաշվարկ և տրվել հանձնարարականներ: Բացի այդ, տեսչության լաբորատորինան դեռ չունի տեխնիկական հագեցվածության այն մակարդակը, որ կարողանա լիարժեք հետազոտություն իրականացնել: Դրա համար Քաջարանում ստուգում իրականացնելիս ես առողջապահության նախարարին խնդրել էի, որ իրենց լաբորատորիայում իրականացվեն ջրերի և տիղմի լաբորատոր հետազոտությունները:

3. Բնապահպանական վերահսկողության գործիքակազմը շատ բազմազան է և չի ենթադրում միայն մի քանի գրոշի չափով վնասի հաշվարկ ու տուգանք, ինչպես փորձում են ներկայացնել բնապահպանության ոլորտի այսօրվա պատասխանատուները: Տեսչության ամենաազդեցիկ գործիքը ընկերության տնօրենին տրվող հանձնարարականն է, որը տվյալ դեպքում պետք է լինի՝ "առնվազն Գերմանիայում ընդունելի չափանիշներին համապատասխան" Ողջի գետը ընկերության լցրած թափոններից մաքրելը: Համեմատության համար ասեմ, որ Շվեդիայում հանքարդյունաբերական թափոններով աղտոտված մի փոքր գետակ մաքրելու համար ծախսվել է շուրջ 15 միլիոն եվրո: Թող սրանք էլ այդքան փող ծախսեն ու մաքրեն, տեսնեմ հաջորդ անգամ էդպիսի ղալլաթ կանե՞ն: Սա է այն հմնական գործիքը, որ ընկերություններին կստիպի իրենց ենթակառուցվածքները կարգի բերել, ֆիլտրեր տեղադրել ու պետությանը մարդատեղ դնել: Հենց այսպիսի հանձնարարականներ պետք է տրվեր Զանգեզուրի կոմբինատին իմ օրոք տեսչության իրականացված ստուգման արդյունքում:

Հ.Գ. Զանգեզուրի կոմբինատի վերաբերյալ կառավարությունը պետք է քաղաքական որոշում ընդունի, այլ լուծում չկա, իրավական որոշումն աներկբայորեն ենթադրում է կոմբինատի գործունեության դադարեցում: Հիշում եք, բնապահպանական և ընդերքի տեսչությունը Քաջարանում մոտ 4.5 ամիս տևած մանրակրկիտ ստուգում իրականացրեց: Ստուգման արդյունքում իրավական որոշում ընդունելու դեպքում այս ընկերության ընդերքօգտագործման իրավունքը վաղուց արդեն պետք է դադարեցված լիներ՝ ապօրինի ընդերքօգտագործման և այլ բազմաթիվ իրավախախտումների հիմքերով, պետք է հարուցված լինեին բազմաթիվ քրեական գործեր, որոնք չհարուցվեցին: Գործող կառավարության ամենաբարձրաստիճան պաշտոնյաները իրենց գործողություններով փաստացիորեն ստանձնել են Զանգեզուրի կոմբինատի ստուգման արդյունքներն ամփոփելու պատասխանատվությունը: Նրանք էլ պատասխանատվություն են կրում այսօրվա վթարի և 4.5 ամսվա աշխատանքը փոշիացնելու համար:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *