Facebook

«Ախթալայի շրջակայքը տասնամյակներ շարունակ լցվել է թունավոր ու վտանգավոր թափոններով»:Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր մեր կազմակերպության կողմից դիմում ենք հասցեագրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին:  Դիմումում մասնավորապես ասվում է,

Հարգելի պարոն Պապիկյան,


Ինչպես ձեզ հայտնի է, Ախթալա խոշորացված համայնքը իր մեջ ներառում է երկու քաղաքային՝ Ախթալա, Շամլուղ և վեց գյուղական՝ Նեղոց, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Բենդիկ և Վերին Ախթալա բնակավայրերը։
Ախթալա համայնքում գտնվում են պատմական արժեք հանդիսացող հուշարձաններ, համայնքը բացառիկ է նաև իր բնությամբ, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներով, բնակլիմայական բարենպաստ պայմաներով, որտեղ աճում են տարբեր կուլտուրաներ, գտնվելով Հայաստան-Վրաստան Մ6 ճանապարհին կից ռազմավարական է Հայաստանի Հանրապետության միջպետական հաղորդակցության և տուրիզմի զարգացման առումով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 Հայաստան այցելած ընդհանուր քաղաքացիներից ամենամեծ հոսքը՝ 1 825 635, կամ ընդհանուր այցելուների 13,6 %-ը տեղի է ունեցել Բագրատաշենի անցակետով ինչը կարևոր ցուցիչ է։
Տասնամյակների անպատասխանատու կառավարման արդյունքում աղտոտումը տարածվել է գրեթե ամբողջ համայնքով մեկ, ընդգրկելով լայն աշխարհագրություն։
Համայնքի բազմաթիվ ձորեր դեռևս նախորդ տասնամյակներից առանց որևե թույլտվության լցվել են հանքարդյունաբերական թափոններով, ինչը սփռվում է ամբողջ համայնքով և աղտոտում նաև
Դեբեդ գետը յուրաքանչյուր անձրևից հետո։ Բացի այդ, համայնքում առկա են գործող և չգործող չռեկուլտիվացված պոչամբարներ․ ստորև ներկայացնեմ թափոնակույտերի և պոչամբարների աշխարհագրությունը
Ախթալայի վանքին կից ձորերում կուտակված թափոններ․
Ախթալայի վանքին կից ձորերում, Ախթալա գետակի հունում կուտակված են թափոնակույտեր, որոնք տարածվում են քամիների միջոցով և ակտիվանում են անձրևների ժամանակ, հոսում և խառնվում են Դեբեդ գետին, բացի այդ դրանք խեղաթյուրում են համայնքի գեղագիտական և բնապահպանական տեսքը , խանգարում համայնքում տուրիզմի զարգացմանը։
Ախթալայի վանքին կից «Նազիկ» պոչամբար․
Նախորդ տասնամյակներում շահագործված «Նազիկ» պոչամբար, որը ռեկուլտիվացնելու փորձ է կատարվել։ Պոչամբարի թափոնները և նրանց հոսքը տեսանելի են անզեն աչքով, և տարածվում են դեպի Ախթալայի ներքևի հատվածը, այդ թվում Ախթալա գետակի հունը ակտիվանում է յուրաքանչյուր անձրևից հետո։ Պոչամբարից ներքև է գտնվում Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Պոչամբարը ունի վերառեկուլտիվացման կարիք։
«Պայթուցիկների ձորի» չգործող պոչամբար․
Այն գտնվում է Արամյանցի դղյակին կից, շահագործվել է նախորդ տասնամյակում։ Թափոնների փոշիները քամիների միջոցով տարածվում են դեպի նրանից ներքև գտնվող Ախթալայի թաղամասեր, այդ թվում ակտիվանում է յուրաքաչյուր անձրևից հետո և ջրերը, թափոններով խառնված, հոսում և խառնվում են Դեբեդ գետին։ Ունի ռեկուլտիվացիայի կարիք։
Արամյանցի դղյակին կից ձորում կուտակված թափոնակույտ․
Մեծ թափոնակույտ է, որը ձևավորվել է նախորդ տասնամյակում՝ «Ախթալայի ԼՀԿ» ընկերության կողմից «Պայթուցիկների ձոր» պոչամբարից թափոնների տեղափոխման և ձորում կուտակման արդյունքում։ Պոչամբարից թափոննները կորզվել են կուտակել տվյալ ձորում, որպեսզի
պոչամբարում տեղ ազատեն և կրկին լցնեն թափոններով։ Թափոնակույտը գտնվում է Ախթալա –Ճոճկան միջահամայնքային ճանապարհին կից։ Թափոնակույտից քամիների միջոցով թափոնները սփռվում են դեպի Ախթալայի ներքևի թաղամասեր և այգիներ։ Անձրևների ժամանակ ակտիվանում է և ջրերը հոսում են դեպի Դեբեդ գետ։ Թափոնակույտը խեղաթյուրում է համայնքի բնապահպանական և գեղագիտական տեսքը։ Անհրաժեշտ է ձորը մաքրել թափոնակույտից։
« Նահատակի» պոչամբար, գործող
Պոչամբարը գտնվում է Մեծ Այրում գյուղին կից, Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի միջակայքում, բնակելի տները պոչամբարի տարածքից սկսվում են 50 մետր հեռավորությունից։ Պոչամբարը արդեն բավականին մեծ է իր չափերով։ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը մտադիր է բարձրացնել արդեն իսկ լցված «Նահատակ» պոչամբարի պատվարը թափոնների կուտակման համար: Մինչդեռ այս պոչամբարը, համաձայն «Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկայի բացհանքի արդյունահանված տարածքում պոչերի պահեստավորման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության» ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված 14.11.2017թ. ԲՓ 100 փորձաքննական եզրակացության, 2018թ-ի հոկտեմբերից պետք է ռեկուլտիվացվեր։ Պոչամբարից շարունակական արտահոսքեր են լինում դեպի Դեբեդ գետ, ինչպես նաեւ խեղաթյուրվում է Մեծ Այրում և Ճոճկան բնակավայրերի գյուղատնտեսական նշանակությունը և բնական տեսքը։
Այս բոլոր պոչամբարներին և թափոնակույտերին կարելի է ավելացնել Շամլուղ բնակավայրը , քանզի նրա ձորերում ևս բազմաթիվ են տարբեր տասնամյակների ընթացքում առաջացած
թափոնակույտերը։ Համայնքի նման աստիճանի աղտոտումը խանգարում է համայնքի զարգացմանը տուրիզմի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, ինչպես նաև խանգարում է ներդրումային միջավայրին։
Նախորդ տարիներին Հայաստանի Ամերիկյան համալսարանի, ԱՐՆԻԿԱ չեխական կազմակերպության կողմից իրականացված և այլ հետազոտություններ ցույց են տվել համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերում, գյուղատնտեսական բուսական մթերքներում, Դեբեդ գետի ջրերում , մարդկանց և երեխաների օրգանիզմում ծանր մետաղների՝ մկնդեղի, կապարի, պղնձի բարձր քանակները, որոնք գերազանցում են տեղական և միջազգային թույլատրելի շեմերը։
Բնապահպանական խնդիրները համայնքում խոչընդոտում են մի շարք ոլորտների զարգացմանը, ինչը նաև համայնքում առաջացնում է սոցիալական լարվածություն։
Համայնքը տափոնակույտերից մաքրելու համար հնարավոր է անհրաժեշտ լինի պետական մակարդակով միջամտություն և աջակցություն, քանզի աղտոտումը բավականին մեծ է և
թափոնակույտերը շատ են։
Հայցում ենք ՏԿԵ նախարարությանը աջակցել աշխատանքային խումբ ստեղծելու հարցում, որը կուսումնասիրի Ախթալա համայնքի թափոնակույտերի հետ կապված խնդիրը և կմշակի համայնքը թափոնակույտերից մաքրելու ռազմավարություն։
Աշխատանքային խմբում ըստ մեզ կարող են ներգրավված լինել ՏԿԵՆ, Ախթալայի ՏԻՄ, Լոռու մարզպետարանի, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի, Շրջակա միջավայրի նախարարության, պետական պատասխանատու հաստատությունների, «Համայնքային համախբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և այլ ՀԿ-ների ներկայացուցիներ, համայնքի բնակիչներ և այլ շահագրգիռ անձինք։
Կանխավ շնորհակալ ենք, կսպասենք ձեր պատասխանի
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Նախագահ Օլեգ Դուլգարյան

Դիմումում մասնավորապես ասվում է

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *