Այս տարվա «Թատերական Լոռի» 31-րդ միջազգային փառատոնը նվիրված էր նշանավոր հայ թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանին: Փառատոնին մասնակցում էին նաև արտերկից ժամանած թատերական կոլեկտիվներ, որոնցից մեկը եղել է հայ մեծանուն արտիստ Վահրամ Փափազյանի լավագույն կասիոներից մեկը «Օթելլո» ներկայացման մեջ:
Փառատոնը, որի ղեկավարն է Հրաչյա Պապինյանը, հագեցած էր հետաքրքիր ներկայացումներով: Անվանական տարբեր մրցանակների արժանացան ՀՀ-ում հայտնի ու տաղանդավոր դերասաններ՝ Դավիթ Հակոբյանը, Գրետա Մեջլումյանը, Արման Նավասարդյանը, Արմեն Քուշկյանը, իսկ Վոլոդյա Գրիգորյանի անվան գլխավոր մրցանակին արժանացավ Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի առաջատար արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, Մարկ Տվենի անվան միջազգային մրցանակի դափնեկիր՝ Էլֆիք Զոհրաբյանը: Մրցանակը տրվեց Վ. Փիլոյանի «Չարենց» ներկայացումից հետո, որտեղ դերասանը մարմնավորել էր Խ. Մուղդուսու տպավորիչ կերպարը: Մրցանակի արժանացավ նաև ներկայացումը (ռեժ.՝ Դավիթ Հարությունյան): Է. Զոհրաբյանը 30 տարի աբելյանական բեմում է, խաղացել է բազմաթիվ գլխավոր ու կենտրոնական կերպարներ, նկարահանվել մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ օտարալեզու: ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը նրան ներկայացնելիս միշտ օգտագործում էր «մտածող արտիստ» արտահայտությունը: Նա շարունակում է իր բեմական առաջին ուսուցչի՝ Վ. Գրիգորյանի գործը՝ ղեկավարելով դերասանական լեգենդար ստուդիան, կրթելով տարբեր հերթափոխի սերունդներ:
0 Մեկնաբանություն