Հասարակություն

ՄԱՅՐՈՒՂԻ ՀԱՆԵԼԻՍ

ՄԱՅՐՈՒՂԻ ՀԱՆԵԼԻՍ

ինչպես էր ընկերս մայրուղի կամ «տռաս հանում»

Գևորգ Գիլանց

ՄԱՅՐՈՒՂԻ ՀԱՆԵԼԻՍ

ինչպես էր ընկերս մայրուղի կամ «տռաս հանում»

    Ես իմ ավագ ընկերներին՝ Սամվել Մկրտչյանին ու Լևոն Խեչոյանին դավաճանած կլինեմ, եթե փորձեմ գրիս մեջ (այս դեպքում՝ հուշերիս մեջ) երասպաշտությունից, մարդասիրությունից կամ  վերամբարձ հումանիզմից դրդված կռտած խոսքով ու ակնարկներով նրանց հետ կապված դրվագներ պատմել, որպեսզ ոչ ոքի չնեղացնեմ։ Այս առումով ես նախանձով եմ նայում այն երկրներին, որտեղ սեփական մշակույթին անմնացորդ նվիրված մեծերի կյանքը հետմահու դառնում է մշակութային արժեք և արդյունք՝ գիրք, ֆիլմ և այլն։ Ես չեմ պնդում, թե մեզ մոտ այդ ուղղությամբ բացարձակապես ոչինչ չի արվում։ Իհարկե, արվում է, բայց ստեղծագործությունների մեծ մասի որակն ու մակարդակը անհամեմատելի են դրսում արվողի հետ։ Այնտեղ Լևոն Խեչոյանի նման գրողի կյանքն ուղղակի մանրադիտակով են ուսումնասիրում, դրվագ առ դրվագ, առանց «ամոթ է», «անհարիր է» և այլ տաբուների, իսկ մեզ մոտ ընդունված է լոկ սուբյեկտիվ հուշագրությունը՝ որտեղ նստեցինք, ինչքան խմեցինք (այստեղ իմ բոստան էլ եմ քար գցում)։ Դրսում այդ կարևոր գործին ձեռնամուխ են լինում կայացած ու ճանաչված գրող ու արվեստագետ դառնալուց հետո միայն, որ իրենց «ես»-ով չվնասեն, ոչ թե, օրինակ՝ մեծ գրողի թարգմանեն, որ նրա անվան ու համբավի հաշվին կայանան ու ճանաչվեն։ 

Ինչևէ։ Այս տարի Լևոնի 70 ամյակն է և ես կփորձեմ իմ հոգում և հուշերում ապրող Լևոնից մի երկու դրվագ պատմել՝ լրացնելով նրա կերպարը ապագա այն արվեստագետների համար, ովքեր ջանասիրությամբ ու մանրակրկտորեն կգրեն Լևոն Խեչոյանի ու Սամվել Մկրտչյանի մասին հիրավի արժեքավոր գործեր, և հուսով եմ, որ շատ չեն ուշանա։

     Այդ անգամ ինձ դիմավորեց մի տեսակ ոչ սովորականի նման։ Մռայլ էր։ Ես լրիվ ուրիշ բանի էի վերագրում այդ մռայլությունը, նույնիսկ մտածում էի, որ կարեկցանքն այդպես չպետք է դրսևորվեր, այլ գոնե ապագայի հանդեպ մի քիչ հույս պիտի ներշնչեր, սակայն այդչափ մռայլությունը դրան չէր համապատասխանում։

    Տնեցիներին սովորականի նման ջերմ բարևելուց հետո մտանք իր սենյակ։

- Հը՞,- ասացի ինչ-որ բանով խոսակցությունը սկսելու համար,- ինչ-որ ֆայլեր կա՞ն, որ կորցրել ես, թե՞ ավելի լուրջ խնդիր կա։

Դեմքի մռայլությունը չփոխելով ասաց.

- Ցավդ տղամարդավարի տար։

    Հասկացա, թե ինչ էր ասում, բայց ես դեռ պատրաստ չէի այդ մասին այդ կերպ տարվող խոսակցությանը, իսկ ինքը շարունակեց.

- Թույլ կնոջ կամ երեխայի նման դուրդ գալիս է, հա՞, որ հերթապահ բառերով ասեն՝ «վա՜յ, բա ո՜նց եղավ, ոչինչ, տոկա՛, դեռ ջահել եք, դեռ կունենաք...»։ Էլի եմ ասում, ցավդ տղամարդու պես պիտի տանես, լուռ և արժանապատվությամբ։

- Գժվում էի, Լևոն։ Ախր, հինգ ամիս, ամեն օր ներկայությունը զգացել ես, հեքիաթ ես պատմել, երգել ես՝ սպասելով բաղձալի օրվան, իսկ հետո ... հետո բոլոր երազանքներդ, հույսերդ ու հույզերդ սարքում ես պատանք, իրեն էլ դնում ես մեջն ու... Բժշկական մանրամասները կարևոր չեն, բայց որոշակի պահի այդ որոշումը, երկար սպասված զավակիդ չծնվելու դաժան որոշումը, ինքդ ես կայացնում...

- Չես լսում։ Չեմ ասում ցավոտ չի, չեմ ասում ծանր չի։ Շա՜տ ծանր է, բայց ես ուրիշ բան եմ ասում։ Մի նախադասություն գրեիր, ծխելով գեթ մի միտք որոճայիր ցավասյունից կապված անասունի պես, մի տող՝ զուտ ինքդ քեզ համար, գեթ մի տող... Իսկ դու... Ֆեյսբուքում փսլնքոտ ինչ-որ բան էիր գրել, որ քեզ խղճան, կարեկցեն... Ցավդ տղամարդու, գրողի պես տանեիր, ոչ թե կարեկցանք մուրացողի տեքստ գրեիր։ Հուսով եմ Հայարփին գրառումդ չի տեսել։

- Տեսել է։

- Ուրեմն նրա աչքում մեջքիդ պնդությունը պակասել է։

     Սենյակի փոքրիկ սեղանի վրա շիշ էր դրված, կողքին երկու բաժակ։ Հետխում անելու ուտելիք էլ կար։ Բաժակները լցրեց։

- Վերցրու,- ասաց,- մաքուր ցորենի արաղ է, Ախալքալաքից են ուղարկել։ Սեռը հասցրի՞ք իմանալ։

- Հա, տղա էր։

    Անխոս մի մի բաժակ գցեցինք։

    Հետո նորից երկար լռեցինք։ Մի բաժակ էլ լցրեց, բայց ինքն իր բաժակը մինչև վերջ չէր խմել։ Լռությունը երևի իր համար էլ էր ծանր, փորձեց թեման փոխել.

- Որոշ ժամանակ անց, համակարգիչներով զբաղվող էն քո ընկերոջն ասա, որ նոր կոշտ սկավառակ է պետք գալու, վախենում եմ արխիվը վնասվի, հոսանքներն անկայուն են, մեկ ուժեղ, մեկ՝ թույլ։

     Գլխով արեցի։

- Վերցրու,- ասաց,- վերցրու մի հատ էլ ներս թողնենք։

- Էս էլ ու վերջ,- ասացի մի տեսակ զգալով, որ դա վերջին բաժակս չի,- պետք է հիմա շարժվեմ, որ տրանսպորտի խնդիր չլինի, պիտի կարողանամ տուն հասնել։ Առավոտյան գյուղ ենք գնալու։ Հայարփիին հանգստանալ է պետք, պետք է բնության գիրկ տանեմ, մի քիչ ցրվի։ Առավոտ շուտ շարժվելու ենք։

- Չէ, ուրիշ կերպ կկարգավորենք, մենք դեռ խոսելու շատ բան ունենք։ Զանգի տուն, ասա որ ձեր գյուղ գնալիս Դիլիջանով գնան։ Պայմանավորված ժամին ես քեզ կտանեմ։

     Զանգեցի։ Խոսակցության կեսից Լևոնը վերցրեց հեռախոսը.

- Հարսիկ ջան, առավոտ որ ժամին որ ասեք, ես իրեն «տռաս կհանեմ»։

    Կողքից լսվեց Հայարփիի ձայնը․

- Լավ, Լևոն ջան, եղավ, բայց տես՝ մարդուս ուրիշները չտանեն...

     Լևոնի քահ քահ ծիծաղը ցնցեց սենյակը.

- Չէ, Հայարփի ջան, հո չոլից չե՞նք գտել, հանգիստ եղիր։

    Անջատելուց հետո ավելի հանգիստ տոնով, արդեն մռայլությունը ցրվել էր, ասաց.

- Փառք Աստծո, հումորը տեղն է, լավ կլինի։

    Հետո մի-մի բաժակ էլ արեցինք ու․․․ արդեն չեմ հիշում՝ էլ ինչեր ենք խոսել, բայց քնելու գնացինք գրեթե լուսադեմին։

    Առավոտյան ինձ հասցրեց մայրուղու պայմանավորված հատվածը, «տռաս հանեց»։ Բայց եթե իմ դեպքում «տռաս հանելը» ֆիզիկական տեղաշարժի իմաստ ուներ, ապա գեղեցիկ մի օր ականատես եղա, թե ոնց միանգամից երկու հոգու «տռաս հանելու» «մաստերկլաս» արեց՝ այդ խոսքի բուն բանահյուսական իմաստով։

    Երջանկահիշատակ Մկրտչյան Սամվելին հանդիպեցի ԳՄ շենքի մոտ։ Ասաց.

    - Արի մտնենք «Դովիլ» (ԳՄ շենքի դիմաց, ռեստորանի նման տեղ էր, բավական համեղ էին կերակրում), Լևոնն ուր որ է կգա, չեմուչում չանես, խասյաթդ գիտեմ, նորմալ բաներ կպատվիրես, որ հավեսի ընկնի ու ինքն էլ մի բան ուտի, էս վերջում սկի բան չի ուտում, մարսողությունը վատացել է։

    Լևոնին դիմավորեցինք արդեն սրահում, սեղանի մոտ։ Մենք պատվիրեցինք, բայց ինքը համառորեն դիմադրում էր։ Երկար համոզելուց հետո մի փոքր բան էլ ինքը պատվիրեց։ Պատրաստվում էինք խոսքուզրույցի ընթացքում էլի ուրիշ բաներ պատվիրել, մեկ էլ Դովիլ մտավ ԳՄ նախագահության կարևոր անդամներից մեկն ու միացավ մեզ։ Մի տեսակ լարվածություն առաջացավ, զրույցի ընկերական բնույթը մի քիչ ձևական դարձավ։

    Կարևոր անդամը Լևոնին հարցրեց, թե ոնց են ընթանում թարգմանության գործերը։ Լևոնն ասաց, որ այնքան էլ լավ չեն, հին թարգմանիչները ծերացել են, էլ չեն կարողանում աշխատել, մի քանիսն էլ արդեն չկան, իսկ նորերի արածի որակն իրեն դուր չի գալիս։

    - Բա մեր .... .......-ին ինչո՞ւ չես տալիս, ամենալավ թարգմանիչն է այսօրվա դրությամբ, արտակարգ գործ է անում։

    Լևոնը չոր ու սուր հայացքով նայեց կարևոր անդամին ու ասաց.

    - Մի մարդու, որի երակներում հայի արյուն է հոսում, որը ծնվել, մեծացել ու ապրում է Երևանում, և որն այնպիսի արհամարհանք ունի հայոց լեզվի հանդեպ, որ հայերեն չի խոսում ու անգամ բարևելիս ռուսերեն է պատասխանում, ես թարգմանելու բան չեմ տա...

    Կարևոր անդամը կցկտուր, կիսատ պռատ ինչ-որ բան ասաց օգտակար լինելու ու փոշմանելու մասին և դուրս եկավ։ Ես մտովի ժպտում էի, քանի որ եթե ինձ իր մեքենայով Հրազդանի մոտ ուղղակի մայրուղի հանեց, ապա այստեղ միանգամից երկու հոգու մի նախադասությամբ «տռաս հանեց»՝ այդ խոսքի բուն բանահյուսական իմաստով։

Գևորգ Գիլանց

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *