Մարտի 9-ին կայանալիք Վանաձորի ավագանու նիստի օրակարգում ներառված են հողերի օտարման վերաբերյալ հարցեր։ Օրակարգի վերջին երեք կետերով նախատեսվում է օտարել շուրջ 1200 հողակտոր, որոնց թվում կան ինչպես ավտոտնակների և ընդլայնումների համար օգտագործվող տարածքներ, այնպես էլ հանքային նշանակության հողեր։
Ընդհանուր առմամբ, ավագանու օրակարգում հողային հարցերի ընդգրկումը նորմալ գործընթաց է։ Սակայն խնդիրը ոչ թե հարցերի առկայությունն է, այլ այն ձևը, որով դրանք ներկայացվում են Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կողմից։
2025 թվականին համայնքն ընդունել է նոր գլխավոր հատակագիծ, և նշված հողակտորների զգալի մասը ըստ այդ հատակագծի ունի այլ նշանակություն։ Ըստ օրենքի՝ ավագանին հողերի օտարման կամ վարձակալության տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ պարտավոր է նախ ընդունել ճարտարապետական կանոնադրություն, հողային բալանս և հողերի օգտագործման տարեկան սխեմա, և միայն դրանից հետո կարող է հաստատել նման որոշումներ։
Հաշվի առնելով, որ խոսքը ոչ թե մեկ կամ երկու դեպքի, այլ 1200 հողակտորի մասին է, դժվար է դա դիտարկել որպես պատահականություն։ Ավելի հավանական է, որ գործ ունենք կանխամտածված գործընթացի հետ։ Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին միայն մի քանի հարյուր դիմում է մուտքագրվել, իսկ որոշ խոսակցությունների համաձայն՝ եղել են նաև գումարների փոխանցումներ որոշ անձանց հաշվեհամարներին։
Այս հարցը դուրս է գալիս ներհամայնքային կամ քաղաքական վեճի շրջանակից և կարող է ունենալ նաև ազգային անվտանգության բաղադրիչ։ Կախված վաղվա նիստի արդյունքներից՝ նախատեսում ենք համապատասխան մարմիններին ներկայացնել բողոք, քանի որ ստեղծված իրավիճակը կարող է վնասել ոչ միայն համայնքի ավագանու հեղինակությանը, այլ նաև հենց համայնքին և այն 1200 քաղաքացիներին, որոնք կարող են հայտնվել իրավական խնդիրների մեջ մեկ կամ մի քանի անձանց չմտածված գործողությունների հետևանքով։
Ուղղակի ժողովրդավարություն հկ նախագահ` Գևորգ Քոթանջյան





0 Մեկնաբանություն