ԱՐՑԱԽ

Մեր բաժին պատերազմը. Անետ Դավթյան

   Առավոտյան երկու կտոր փայտ տեղավորեցի պայուսակիս մեջ ու ընկերներիս հետ սկսեցինք ”գլորվել’’ դեպի դպրոց: Փայտերն էլ ուրիշ դասագրքեր էին` կյանքի ու գոյության մասին պատմող դասագրքեր: Շենքի տղաները օգնում էին աղջիկներին փայտը դպրոց հասցնել: Ճանապարհին խոսակցության թեման էլի պատերազմն էր, որն ամեն մեկը յուրովի էր պատկերացնում, հիմնականում` վերջին անցած դասի մոտիվներով, ու տղաները, մեկը մեկին հերթ չտալով, երևակայում էին, չէ, վստահ պնդում էին, որ եթե թուրքը փղով էլ գա, մեկ է, պարտվելու է, որովհետև մեր պապաները ամենաուժեղներն էին ամբողջ մոլորակում: Տղաներն արդեն մտովի իրենց հայրերի հետ միասին սպանել էին բոլոր թուրքերին, երբ նկատեցինք, որ երեխաներից մեկը փայտի փոխարեն գրքեր է վերցրել իր հետ.
-Մարիա՞մ, -զարմացավ տղաներից մեկը, - ինչի՞ ես ծանր գրքերը վերցրել հետդ, մեկ է, տասը րոպեանոց դասեր ենք անում:
-Վառելու համար է,- գլուխը կախեց Մարիամը,-դասագիրք չի, գեղարվեստական է, -փորձեց արդարանալ ու ավելի շատ կախեց գլուխը,-փայտ չունենք:
-Ես քեզ իմ փայտերից երկուսը կտամ,էդ գրքերը հետ տար տուն,-Արսենը տխրեց,-հիշու՞մ ես ինչ էր պատմում ընկեր Դանիելյանը: Մարդիկ պատերազմների ժամանակ էլ են գրքեր փրկել:
Ես զարմացած նայում էի նրանց, ավելի շատ` Արսենին, ով դպրոցում մի կերպ էր սովորում, ու թվում էր` երբեք գիրք չի սիրել: Մենք լուռ մեկական փայտ հանեցինք մեր տոպրակներից ու առանց որևէ բառ ասելու` դրեցինք Մարիամի ոտքերի տակ:
-Երեք օրվա համար է,-ասաց Գևորգը,-երեք օր հետո էլի կհավաքենք, բայց մենակ թե դու գիրք մի բեր:
Հետո դարձավ ինձ.
- Տար ձեր տուն, կկարդաս, համ էլ` չեն վառի:
Նայեցի տոպրակի մեջ, մի գրքի վրա «Լենին»’ էր գրված:
-Սա մեծական գիրք է, ես չեմ կարող ոչ կարդալ, ոչ էլ` հասկանալ:
-Կմեծանաս` կկարդաս, գնացինք:

Մեր բաժին պատերազմը

Անետ Դավթյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *