Մունետիկ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՏԵՍԼԱԿԱՆՆԵՐԻՑ

Արտակարգ դրության պայմաններում աշխատելը, հիրավի դժվար է և պատասխանատու, երբեմն նաև անկախատեսելի: 

Ըստ իս, այս դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ամբողջությամբ վերահսկեն իրավիճակը, տիրապետեն ամբողջ տեղեկատվական դաշտին, ապահովեն պարետատան կողմից իրականացվող միջոցառումները: Քաղաքացիները ևս պետք է դրսևորեն բարձր իրավագիտակցություն և պահպանեն կարգուկանոնը, որն ավելի կհեշտացնի հաղթահարել ստեղծված վիճակը:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր ամենածանր վիճակում են հայտնվել առավել խոցելի խավերը կամ ինչպես սահմանված է օրենքով` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձիք (Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենք, հոդված 2.,կետ1.1), եթե այս ցանկին էլ ավելացնենք օրավարձով աշխատողներին, այլ պատճառներով աշխատանքը կորցրած անձանց, հետագա տնտեսական իրավիճակի հետևանքով փակվող աշխատատեղերը՝ ցանկն ավելի է ընդլայնվում:

Բնականաբար, պետք է կատարվեն աշխատանքներ՝ իրավիճակը մեղմելու և ամենակարևորը` հետագայում ճիշտ քայլերով բնականոն պայմաններ ապահովելու ուղղությամբ: Այս օրերին համացանցը ողողված է նշածս անձանց տարատեսակ օգնություններ տալու մասին նյութերով, ընդ որում օգնություններ տրամադրվում են պետության, համայնքների, միջազգային և տեղական կառույցների, հիմնադրամների, անհատ անձանց կողմից, և դատելով քանակից՝ անզեն աչքով էլ երևում է, որ բավականին մեծ ծավալի օգնություններ են տրվում, բայց էլի առկա են դժգոհություններ...

Սոցիալական աջակցության մասին օրենքի 7 րդ հոդվածով սահմանված է սոցիալական ծառայությունների տրամադրման հիմնական սկզբունքները, 8 րդ հոդվածով սահմանված է հիմնական սոցիալական օգնությունների ձևերը, իսկ 19 րդ հոդվածով`սոցիալական աջակցության նպատակները: Բնավ չեմ ուզում կասկածի տակ դնել օգնություն տրամադրողների ազնիվ մղումները, բայց ակնհայտ է  հասցեականության բացակայությունը, միմյանցից անջատ գործելը, մի խոսքով համակարգված չլինելը, որից էլ օգտվում են այսպես կոչված «ճարպիկ» շահառուները` օգտվելով բոլոր հնարավոր դոնորներից, իսկ շատ իրական շահառուներ դուրս են մնում ցանկից: Արի ու տես, որ ամենաշատը հենց «ճարպիկներն են» դժգոհ:

Ի՞նչ անել:

Հենց այստեղ է, որ պետական և ՏԻՄ կառույցները պետք է ինքնուրույն  կարգավորեն և օրենքով սահմանված կարգով գործեն, ունենան շահառուների բազաները, որն անընդհատ է անընդհատ թարմացման կարիք ունի, համակարգեն օգնությունների տրամադրումը` ապահովելով հասցեականությունը և սոցիալական արդարությունը:

Հարց.

Կ՞ան արդյոք համապատասխան մարդկային և տեխնիկական ռեսուրսներ և կա՞ արդյոք  սահմանված կարգ:

Այո, կան.

Սոցիալական աջակցության մասին օրենքի 8 րդ գլխում սահմանված է.

Սոցիալական աշխատանքը և մասնագետները,  որոնց կմիանան նաև միջազգային և տեղական կառույցներն իրենց համապատասխան մասնագետներով, կրթական և առողջապահական հաստատությունները, ոստիկանությունը` իրենց համապատասխան աշխատակիցներով:

ՀՀ կառավարության 2015 թվականի N1044 Ն «Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը սահմանելու մասին» որոշման մեջ սահմանված են համագործակցության կողմերն ու ձևերը: Վստահ եմ, որ հարկ եղած դեպքում կհավաքագրվեն մեծ թվով կամավորներ: Առաջին քայլը պետք է լինի բազաների թարմացումը, կարիքների սկզբնական գնահատումը, հասցեական աջակցությունը, իսկ հետագայում նաև տեղական և տարածքային սոցիալական ծրագրերի միջոցով` սոցիալական տարբեր խմբերի համար աշխատատեղեր ստեղծելը: Իհարկե,  սա հեշտ աշխատանք չէ, բայց ոչ էլ անհնարին, սակայն  այն ավելի կհեշտացնի հետագայում խուսափելու ծանր հետևանքներից:

ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *