Մունետիկ

Փոխգնդապետ Դավիթ Նազարյանն արժանի էր «Ազգային Հերոս»-ի կոչման

Լեջանի միջնակարգի հիմնովին վերանորոգված և կահավորված ռազմագիտության դասասենյակն անվանակոչվել է դպրոցի շրջանավարտ, Ապրիլյան 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Նազարյանի անունով: 10 տարեկան էր, երբ մայրը Դավթին ուղարկեց հայրական գյուղ՝ Լեջան, այնտեղ ուսումը շարունակելու: Հաշմանդամություն ունեցող քրոջ հետ հիվանդանոցից հիվանդանոց տեղափոխվելով՝ մայրը չէր հասցնում լիարժեք զբաղվել Դավիթի կրթությամբ: Շատ շուտ ընտելացավ գյուղի կյանքին, գյուղի գործերին՝ չմոռանալով գերազանց սովորելու մասին։ Հակառակ ծնողների՝ բժիշկ դառնալու ցանկությանը, Դավիթը որոշեց դպրոցն ավարտելուց հետո զինվորական դառնալ և ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Ծառայության տարիներին մեծ ներդրում ունեցավ բանակաշինության գործում։ 2015թ-ին ստանում է կապիտանի, 2018 թ-ին` մայորի կոչում, բայց երբեք չի առաջնորդվում ուսադիրներով։ Ծառայել է Լիճքում, Սյունիքում, Քարվաճառ-Քելբաջարում, Եղեգնաձորում, Ջաբրաիլում: Մոնթեն, Համբարձումը, Նարեկը, և մի շարք այլ դիրքեր նրա անմիջական մասնակցությամբ են կառուցվել, դիրքեր, որոնք այժմ էլ անսասան են մնացել: Զինվորին հավասար դիրք էր կառուցում: Կարգախոսն էր. ուր վերջանում է լավ առաջնորդը, այնտեղ սկսվում է վատ զինվորը։ Զուսպ էր ու համեստ, համեստության մեջ էլ քողարկված էր անսահման հայրենասիրությունը: 2020թ-ին նրան վաղաժամ շնորհվել է փոխգնդապետի կոչում և ներկայացվել «Մարտական խաչ» 1- ին աստիճանի, սակայն հրաժարվել է իր մարտական խաչից՝ ներկայացնելով, որ իր խաչն իր զինվորներն են: Մարտական ընկերներն ու բարեկամները փաստեր ունեն հավաքած պատերազմական գործողություններից և համոզված են, որ Դավիթն «Ազգային Հերոս»-ի կոչման էր արժանի: Այսուհետ հերոսի անունը կրող դասասենյակում կլինեն Դավթի ուսադիրները, զինվորական համազգեստը, իսկ հարուստ կենսագրական ուղին հասանելի կլինի դպրոցի յուրաքանչյուր աշակերտի: Գեղարվեստական կատարումներով ու բեմականացմամբ համեմված հուշ-միջոցառումը շարունակվեց դասասենյակում: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Դավթի մորը: Ներկաները դիտեցին պատերազմական օրերի տեսագրություններ`Դավթի մասնակցությամբ: Փաստ է, որ պատերազմի ընթացքում նա վարել է գրագետ ու ճիշտ մարտավարություն, եղել Ջաբրաիլի 3-րդ գումարտակի հրամանատարը, որում ընդգրկված են եղել մոտ 300 զինվորներ և սպայական կազմ, անկորուստ դիրքեր գրավելով՝ շարժվել է առաջ՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով, դիրքը չի զիջել, չի իջել իր դիրքից, 4 ժամ միայնակ մարտ է վարել, դիրքը ետ գրավել: Մարտական ընկերները, Ջալալ Հարությունյանը փաստում են, որ պատերազմում ամենաուժեղ հարվածը եղել է նրա ուղղությամբ: 7 օր շարունակ հերոսաբար պահել է Ջաբրայիլը, /Ջրականը/, և քանի որ չի ունեցել համալրում, դիրքավորվել է Հադրութի միջպետական սահմանին, ուր թեժ մարտեր են եղել: Գումարտակը 44- օրյա պատերազմում տվել է 43 զոհ, սպաներ և ժամկետային զինծառայողներ: Ի հիշատակ նահատակ հերոսների` Լեջանի դպրոցի աշակերտները հերոսների անունով փուչիկներ բաց թողեցին երկինք, միջոցառումն ավարտվեց լավատեսական նոտայով` ազգային երգ ու պարով: Ծառայության տարիներին Դավիթ Նազարյանն արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, շքանշանների։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով: Հոկտեմբերի 18-ին ընկել է քաջի մահով՝ հակառակորդի հրազենային դիմահար կրակից: Հուղարկավորվել է «Եռաբլուր» պանթեոնում։ Հերոսի մասին ավելի մանրամասն կխոսվի «Ջաբրայիլի Արծիվը» գրքում և ֆիլմի պրեմիերային։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *