Մունետիկ

Մհեր Մկրտչյանն այսօր կդառնար 90 տարեկան (տեսանյութ)

«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։ Դերասանր ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՛ լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր»․․․

Հուլիսի 4-ը տաղանդավոր ու սիրված դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։

Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին՝ Գյումրիում։ Հայրը ծագումով մշեցի էր, մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թթ. սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, որն ավարտելուց հետո` 1947 թվականին, ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր։

1953թ. տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորել գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար`   Վ.Վաղարշյան)։ 1959թ. ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու հայ կինոյի պատմության ինքնատիպ անունների շարքում։

Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսենի («Նվագախմբի տղաները»), Գասպարի («Եռանկյունի»), Իշխանի («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկի («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղայի («Կտոր մը երկինք»), Զամբախովի («Խաթաբալա») դերերում։

Եթե Մհեր Մկրտչյանը «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ՝ ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։

Մկրտչյանը նկարահանվել է «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացած դերակատարումները գնահատվել են պետական բարձր պարգևներով։ 

1986թ. ԱՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի Վ. Աճեմյանի անվան արտիստական թատրոնը: Թատրոնի բացումը կայացել է Մ. Մկրտչյանի բեմադրած Մ. Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացմամբ, որի գլխավոր հերոսի էմանլե Քաստանիեի դերը մարմնավորել է մեծանուն արտիստը: 

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 29-ին։ Գյումրիում գործում է արտիստի թանգարանը, ուր կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից:

Տեսանյութը՝  «Ա1+»-ի արխիվից

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *