Մունետիկ

ԼԵԶՎԱԲԱՆՆ ԱՅՍՕՐ ՄԱՐՏԻԿ ՊԻՏԻ ԼԻՆԻ, ՊԱՇՏՊԱՆ ՈՒ ՏԵՐ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԻՐ ԼԵԶՎԻՆ․ ԴԱՎԻԹ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ

  — Գիտական մենագրության, համալսարանական երկու ձեռնարկի, բազում հոդվածների հեղինակ եք, և կարելի է ասել` Ձեր կյանքն անցել է գրքերի ընկերակցությամբ: Ո՞ր գիրքն է Ձեզ համար անդավաճան ընկեր եղել: Կա՞ մի գիրք, որ առանձնահատուկ է Ձեզ համար: Ի՞նչ է փոխել այն Ձեր կյանքում, մտածողության մեջ:

  Այսպես ասեմ: Չկա մի արժեքավոր գիրք, որից լիցքեր ստացած չլինեմ: Դժվար է գրքերի բազմությունից առանձնացումներ անելը, բայցևայնպես մեկ-երկուսի մասին ուզում եմ նշել: Այլազգի հեղինակներից իմ ուղեկիցներն են եղել Հյուգոն` իր «Թշվառներ»-ով, Ֆիցջերալդը` «Գիշերն անույշ է»-ով, Դոստոևսկին` «Ոճիր և պատիժ»-ով: Մերոնցից ճանաչողական առումով մեծապես ազդել են ինձ վրա գիտականի ու գեղարվեստականի ներդաշնակությամբ արարված Խորենացու «Հայոց պատմությունը», Րաֆֆու «Կայծերը», Շիրվանզադեի «Կյանքի բովից»-ը, Չարենցի «Երկիր Նաիրի»-ն: Շատ եմ հրապուրված Շիրվանզադեի արվեստաբանական հոդվածներով: Թումանյանն է ամբողջությամբ ներծծված եղել իմ մեջ, նաև Տերյանը` հատկապես «Երկիր Նաիրի» շարքով: Բակունցի գրիչն է զգլխիչ: Ցնցող ազդեցություն է ունեցել ինձ վրա Մաթևոսյանի «Մեծամոր»-ը: Նորագույն շրջանի պատմութունն ուսումնասիրելու ազդակ է եղել պատանի տարիներիս կարդացած` Կապուտիկյանի «Խճանկար հոգու և քարտեզի գույներից» խոհագրությունը: Ունեմ նախընտրած երեք բանաստեղծություն, որոնք ուղղակի ապրեցնում են ինձ դժվար պահերին, երեքն էլ` հայրենասիրական, բայց զարմանալիորեն մի տեսակ անձնականի փոխարկված իմ ապրումներում: Հիշում եմ` բանակում ծանր պահերին հաջորդող գիշերներին այդ երեք բանաստեղծություններն էի ռիթմավորում մտքումս, ապա քուն էի մտնում խաղաղված հոգով: Դրանք էին (և ե՛ն) Թումանյանի «Հոգեհանգիստ»-ը, Չարենցի «Մահվան տեսիլ»-ը («Որպես լքված թավջութակի....»), Կապուտիկյանի «Աղոթք Արարատին»-ը: Ասեմ, որ շատ եմ սիրում նաև Մեծարենց, Իսահակյան:

    Մասնագիտական գրականության ասպարեզում մի քանի առանցքային գիրք կա ինձ համար: Առաջինը Հումբոլդտի «Մարդկային լեզուների կառուցվածքի տարբերության և մարդկության հոգևոր զարգացման վրա նրա ունեցած ազդեցության մասին» քննախոսությունն է, որ ընդարձակ ներածությունն է «Ճավա կղզու կավի լեզվի մասին» եռահատոր ուսումնասիրության: Այս գիրք-ներածությունն ամբողջությամբ տրամախոսություն է, լեզվին բնուստ հատուկ ներքին հակասությունների վերհանման հրաշագործություն: Հետաքրքիրն այն է, որ վեր հանելով այդ հակասությունները` Հումբոլդտը հիմնավորում է, որ առանց դրանց լեզուն պարզապես չի զարգանա և գոյություն չի ունենա: Լեզվաբանական պատկերացումներիս և ընկալումներիս համար կարևոր դեր են ունեցել Շ. Բալլիի «Ընդհանուր լեզվաբանություն և ֆրանսիական լեզվաբանություն», Լ. Տենիերի «Կառուցվածքային շարահյուսության հիմունքներ» գրքերը: Հայ լեզվաբաններից ինձ համար կարևորագույններն են Մ. Աբեղյանի «Հայոց լեզվի տեսությունը» (ներառյալ շարահյուսությունը), Է. Աղայանի «Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը», «Գրաբարի քերականություն»-ը, Գ. Ջահուկյանի «Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները», Է. Ավետյանի «Նշանագիտություն և լեզվաբանություն»-ը, Է. Աթայանի «Կառուցվածքային շարահյուսության առարկան և հիմնական հասկացությունները», «Լեզվական աշխարհի ներքին կերպավորումը և արտաքին վերաբերությունը», Ա. Ս. Աբրահամյանի «Բովանդակության և արտահայտության հակադրման հարաբերականությունը լեզվում» քննախոսությունը:

    Որոշակիորեն չեմ կարող ասել` ինչ են փոխել սրանք իմ կյանքում: Պարզապես նշվածները (հաստատապես` նաև՛ բազմաթիվ չնշվածներ) կոփել են հոգիս` ընդլայնելով մտահորիզոնս, ձևավորելով աշխարհայացքս, օգնելով` կերտելու ես-ս:

  — Լեզվաբանության ուսումնասիրման առարկան՝ մարդկային լեզուն, քարացած երևույթ չէ, այն փոփոխվող ու զարգացող է, և լեզվաբանությունն այն ուսումնասիրում է իր զարգացման ընթացքի մեջ, բոլոր վիճակներով ու դրսևորումներով:

   Աշխարհում ոչ մի բան քարացած չէ, նաև քարն ինքը: Առավել ևս քարացած չի կարող լինել միտքն ու հոգին իր մեջ ներդաշնակող, այդ դաշնությամբ թրթռացող լեզուն: Հարցադրման մեջ ունեք «մարդկային լեզու» հասկացությունը: Թեև շատ է ծեծված այն լեզվաբանության մեջ, բայցև շատ կարևոր վերացարկում է: Այս առումով ընդհանուր լեզվաբանությունը որքան մոտ է մասնավոր լեզվաբանությանը, այնքան էլ մոտ է տրամաբանությանը: Տրամաբանական բոլոր կարգերը կան հենց մարդկային լեզվի, բայց ո՛չ մասնավոր լեզուների մեջ: Մասնավորները սահմանափակված են այս կամ այն քանակով: Օրինակ` հայերենը չունի գոյականի սեռի կարգ, ամերիկյան հնդկացիական ցեղերի զգալի մասը չունի ժամանակի կարգ ևլն, բայց բոլոր լեզուներն ունեն իրենցում անգամ տրամաբանական չեղած կարգերն իրացնելու տարբեր միջոցներ, հետևաբար ամեն մի մասնավոր լեզու յուրովի բեկումն է մարդկային լեզվի, և ամեն մի մասնավոր լեզվի մեջ կարելի է գտնել մարդկային համընդհանուր լեզվի յուրաքանչյուր իրողություն` հատուկ տրամաբանությանը, որը միշտ համամարդկային է` բոլորագծված, թող թույլ տրվի ասել, ընդհանրական սահմանափակմամբ: Սա այսպես է, որովհետև չկա լեզու, որ դուրս լինի տրամաբանական օրինաչափություններից, և չկա արտալեզվական տրամաբանություն: Հիմա ասում եք` մարդկային լեզուն փոփոխվող ու զարգացող երևույթ է, քարացած չէ: Ասեմ, որ փոփոխման ու զարգացման իրողությունը ևս մասնավոր լեզուների օրինակների ընդհանրացմամբ է բացատրելի: Իսկ քարացած չլինելը արդեն փոփոխություն է ենթադրում: Ինչ վերաբերում է զարգացմանը, ապա այս հարցում իմ պատկերացումն այլ է լեզվաբանության մեջ տարածված տեսակետից, որտեղ մի տեսակ ջնջված է փոփոխության ու զարգացման տարբերությունը: Բանն այնտեղ է հասել, որ հայոց լեզվի պատմաբաններից շատերն «արձանագրում են», թե գրաբարյան համակարգի փլուզմամբ զարգացավ միջին հայերենը: Չկա այդպիսի բան: Միջին հայերենը նույնիսկ վերջնական ձևավորում չունեցավ և այդպես էլ միասնական համակարգով չդրսևորվեց: Քիչ թե շատ կանոնարկման ենթարկվեց երկու-երեք դարի ընթացքում` 12-14-րդ, կանոնարկման ամենից ամբողջական փորձը կատարեց Ներսես Կլայեցին (Շնորհալին) Կիլիկյան պետության մեջ թե՛ գործնականորեն` սեփական ստեղծագործությամբ, թե´ կանոնների հաստատմաբ: Փոփոխվող լեզուն վերաշնչավորվելու-զարգանալու հնարավորություն ունի պետության առկայությամբ, պետությա՛ն մեջ, նրանով պայմանավորված նպաստավոր հանրային միջավայրում: Հակառակ դեպքում բախվում ենք հետաճի դառն իրականության պատին: Հանրային միջավայր ստեղծողը, այսպիսով, է՛ պետությունը: Լեզվավիճակը լավագույն ստուգիչ գործիքն է` պարզելու` իրական պետություն ունե՞նք, թե՞ ոչ: Իրական պետության դեպքում հենց պետությունն է լեզվաքաղաքականություն իրականացնում` ապահովելով պետական ողջ տարածքում ազգային լեզվի լիածավալ ու անխափան գործառությունը: Եթե հանրությունը նկատում է շեղումներ այս գործառությունից կամ ազգային ընկալումներին խորթ որոշումների է ականատես կամ ականջալուր լինում, նշանակում է` այդ «պետության» նկատմաբ է քաղաքականություն իրականացվում դրսից: Չափազանց կարևոր է հատկապես գրական գոյաձևի համար պետականորեն ապահովված նպաստավոր միջավայրը: Այդ միջավայրում է, որ լեզվի փոփոխությունը զուգադիպում է նրա զարգացմանը, որն ամեն պահի է տեղի ունենում: Ավելին` ոչ միայն փոփոխվում ու զարգանում է, այլև ամեն պահի ծնվում է լեզուն (Հումբոլդտ), հենց իր գործածությամբ ինքն իրեն անընդհատ ստեղծում է լեզուն:

  — Ի՞նչ հմտություններ պիտի ունենա լեզվաբանը, ի՞նչ է պահանջվում նրանից:

   Հարցնում եք լեզվաբանի հմտությունների մասին: Շատ բան է պետք: Լեզվաբանական միտքը ձևավորվել է դեռևս հնադարում, և լեզվի իմաստավորման սկիզբը դրվել է հատկապես անտիկ փիլիսոփայության և հին հնդկական փիլիսոփայության մեջ: Թեև մինչև 19-րդ դարը լեզվաբանությունն առանձին գիտություն չի եղել, բայցևայնպես հենց նշված դարաշրջանում, ինչ ասվել է լեզվի մասին (թեկուզ փիլիսոփայությանը կամ տրամաբանությանը սերտաճած), խոր գիտական մեկնաբանությամբ է բնորոշվել: Առաջին պայմանը, ահա, լեզվի քննության պատմական ընթացքի, նրա ներքին տրամաբանության իմացությունն է նշված շրջանից մինչև մեր օրերը: Հաջորդ պայմանը իմացական պաշարը գործադրելու, մեթոդներին տիրապետելու և կիրառելու, աշխարհի լեզվաբանական նոր մտքերին ու միտումներին մաս կազմելու ներքին մղումն է: Վերջապես, այդ ամենից անբաժան պիտի լինի ոչ միայն գիտական-լեզվաբանական, այլև լեզվական հոտառությունը: Այս երեք պայմանը բավարարելու դեպքում, կարծում եմ, կարելի է խոսել լեզվաբանի հմտության, ուստիև հմուտ լեզվաբանի մասին: Բայց նմանները, հասկանալիորեն, շատ չեն, և նրանցով էլ արդյունանում է տվյալ դարակազմիկ ուղղության հիմնարկեքը:

  — Ինչպե՞ս պիտի կատարվի լեզվի ուսումնասիրությունը:

     Պատասխանիս առաջին տարբերակը սա է` այնպես, ինչպես յուրաքանչյուր գիտություն է կատարում իր առարկայի ուսումնասիրությունը` համակողմանիորեն: Եվ ինչպես յուրաքանչյուր գիտության առարկա ունի իր առանձնահատկությունները, լեզվաբանության առարկան` լեզուն ևս առանձնահատկությունների բազմություն է բովանդակում: Էական առանձնահատկությունները մատչելի մեկնելու համար անդրադառնամ լեզվի ծագման վերաբերյալ Ժ. Ժակ Ռուսոյի տեսակետին: Հայտնի է, որ Ռուսոն հասարակական կազմակերպությունների (պետություն, բանակ, դպրոց, ընտանիք ևլն) ձևավորման հիմք է համարում հասարակական դաշինքը: Այս տեսակետը մոլորության դուռ է բացել շատ հետազոտողների համար` նույնանուն դաշինքով բացատրելու նաև լեզվի ծագումը, թեև Ռուսոն հատուկ ընդգծում է, որ այդպիսի դաշինքով են ստեղծվել բոլոր հասարակական կազմակերպությունները` բացի լեզվից, որովհետև պիտի լիներ մի բան, որ կապեր հասարակությունը բնությանը, և այդ բանը լեզուն է: Կատարելով, ահա, բնության և հանրության հանգուցավորման դեր` լեզուն ուսումնասիրող գիտությունն էլ նման մի դեր է կատարում բնական և հասարակական գիտությունների համար: Յուր հորինվածքով լեզուն տրամաբանական, հոգեբանական և նյութական (հնչական) շերտերի ներհյուսում է: Բևեռային շերտերով այն բնականությանն է հարում, հոգեբանական կողմով` հասարակությանը: Այստեղից էլ բխում է ներքին հակասությունների այն շղթան, որը հրաշալի է վերհանում Վ. ֆոն Հումբոլդտը: Առաջին բևեռով` տրամաբանական շերտով, լեզուն համակարգ է, հետևաբար ենթակա է տրամաբանական կաղապարման: Սրա շնորհիվ է, որ հնարավոր է դարձել լեզուների ծրագրավորումը: Նշանակում է` լեզվական համակարգին ամբողջությամբ ներդրված է մաթեմատիկական ճշգրտությունը: Մաթեմատիկան ամբողջությամբ լեզվի մեջ է, և մաթեմատիկական բոլոր հայտնագործությունները լեզվին բնուստ հատուկ մաթեմատիկական հնարավորության արգասիք են: Մաթեմատիկան էլ յուրօրինակ լեզվաբանություն է` թվաբանական, հանրահաշվական, երկրաչափական օրինաչափությունների վերհանման յուրօրինակ քերականություն, որովհետև այդ օրինաչափությունները դուրս չեն լեզվական համակարգով տրված մտածողությունից: Սրանով էլ պայմանավորված է անցյալ դարում մաթեմատիկական լեզվաբանության բուռն զարգացումը: Ավելին` այն, որ մաթեմատիկայի մեջ էական իրարալրաց տարբերակում կա թվաբանության և հանրահաշվի, նույնպես լեզվական հորինվածքով է բացատրելի: Բայց մինչև սրան հասնելը եկեք խոսենք այդ հորինվածքի մյուս բևեռի` նյութական շերտի մասին: Սա խոսքի դրսևորման շերտն է, որ առնելով համակարգի բազմաչափությունից տվյալ խոսքիրադրությանը հարկավոր օղակները` խոսողը նյութը հաղորդելիս անցնում է միաչափության` միագծության: Համակարգը խոսքում այլ կերպ հնարավոր չէ իրացնել, եթե ոչ հնչաշղթայով: Եվ յուրաքանչյուր խոսող յուրավսանն է մատուցում համակարգի այն կտորը, որը վերաբերում է տվյալ իրադրությանը: Այստեղ է, ահա, որ հաղորդողի հմտությունն է երևում: Միագիծ խոսքը` շարադասական ճկունությամբ, օղակների համակցման հնարավորության ի՛ր սահմաններն է թելադրում, և որքան խոսքաշեն է խոսողը, այնքան առավել է արտացոլվում միագծության վրա համակարգի բազմաչափությունը: Միագծությունը անհատական է, բազմաչափությունն ու համակարգայնությունը` հասարակական: Լեզուն և խոսքը նույն հարաբերության մեջ են իրար նկատմամբ, ինչ որ հանրահաշիվն ու թվաբանությունը: Լեզվի «հանրահաշվական» համակարգը տվյալ լեզվով խոսող հանրության սեփականությունն է, առկա է բոլոր լեզվակիրների ուղեղում: Ինչպես հանրահաշվական բանաձևի յուրաքանչյուր խորհրդանիշին կարող է համապատասխանել չսահմանափակված թվային բազմություն, այդպես էլ աներևակայելի ծավալուն խոսքն անգամ լեզվական համակարգի մի մասնիկն է սոսկ: Լեզվի համակարգից խոսքի գծայնությանն անցումը կատարվում է միջբևեռային հոգեբանական շերտով: Համակարգի խստականոնությունը խոսքում այս կամ այն կերպ դրսևորելու, համակարգը միագծության փոխարկելու, համակարգային միավորների ընտրության ազատության տիրույթն է հոգեբանական միջնօղակը, որը կայծակնային արագությամբ է ապահովում անցումը դեպի խոսք: Եվ տեսեք` ի՜նչ հետաքրքիր ու առեղծվածային շինվածք է լեզուն: Մի կողմից` մաթեմատիկական ճշգրտությունն է նրանում, մյուս կողմից` հոգեբանական ազատությունը, որ ոճական բազմազանության աղբյուրն է: Սա այն գլխավոր առանձնահատկությունն է, որի եզակի սեփականատերը լեզուն է: Բազմաթիվ տրամաբանական օրինաչափություններ բացատրելի են լեզվական համակարգի ճշգրտությամբ, և կարելի է հիմնավորել, թե ինչու է լեզվական այս կամ այն իրողությունը հենց այնպես, ինչպես կա: Մյուս կողմից, սակայն, միշտ չէ, որ հնարավոր է լինում համակարգային օրինաչափությամբ մեկնել եղելությունը, և դա բնավ կասկածի տակ չպիտի առնի համակարգային ճշգրտությունը: Այն, ինչ անհնար է մեկնել համակարգորեն, բացատրելի է հոգեբանորեն: Հոգեկան շերտի հակադրությունը համակարգված տրամաբանությանը, տրամաբանական օրինաչափության խախտումը` հոգեբանական ազատությամբ, իր հերթին լեզվական ինքնատիպ օրինաչափություն է: Եվ լեզվի ներքին հակասականության հաղթահարմամբ է, որ ապահովվում է նրա զարգացումը: Հումբոլդտը մակերեսային տրամաբանության տեսանկյունից իրար բացահայտ հակասող երկու ձևակերպում ունի, այն է` 1) բառը լեզվի կայուն տարրն է, 2) բառի ամեն մի գործածություն նոր բառ է: Առաջինը լեզվի` համակարգի` ընդհանո՛ւր բառն է, երկրորդը` խոսքի` մասնավո՛ր բառը: Այնպես որ, որքան էլ տրամաբանական լինի լեզվի համակարգը, զուտ տրամաբանությամբ նրա էությունը վեր հանելն անհնարին է: Թերի է միայն տրամաբանական խստականոնությամբ լեզվի շերտերի քողազերծումը: Լեզվի ուսումնասիրության փափագելի եղանակը տրամախոսությունն է (դիալեկտիկան), որը հրաշալիորեն է կատարել ընդհանոուր լեզվաբանության հիմնադիր Հումբոլդտը, և որի ստեղծագործական շարունակությունն ապահովեց անցյալ դարավերջի հայ լեզվաբանությունը` ի դեմս Է. Ռ. Աթայանի, Է. Գ. Ավետյանի, իսկ մեր օրերում` Ա. Ս. Աբրահամյանի:

    — Հայտնի է, որ լեզուն հասարակական երևույթ է, և նրա առանձնահատուկ հասարակական դերն այն է, որ հասարակությանը ծառայում է որպես հաղորդակցման միջոց: Այդ «ծառայության» ընթացքում բնականաբար փոփոխվում է նաև լեզուն: Որքան էլ տարօրինակ հնչի, բոլոր փոփոխություններով հանդերձ՝ լեզուն նաև անփոփոխ ու կայուն է: Ի՞նչ կասեք լեզվի այս հակասական բնույթի մասին: Ե՞րբ են այդ փոփոխությունները նկատվում:

     Այո, հասարակության հաղորդակցման միջոց է լեզուն, և դա մարդկային լեզվի առաջնային գործառույթն է: Սակայն ազգային լեզուների մեջ ներքին-ազգային հաղորդակցման միջոց է, որով փոքր-ինչ ետնաբեմ է մղվում զուտ հաղորդակցման միջոց լինելու առաջնայնությունը` վերին տեղ ապահովելով ինքնության պահպանման դերին: Ազգապահպանումն է մասնավոր լեզվի առաջնային գործառույթը:

    — Ինչպե՞ս են նկատվում:

      Ինչպե՞ս են նկատվում փոփոխությունները... Ակամբ և ունկամբ: Լեզվական նուրբ հոտառության տեր անձինք արագ են որսում փոփոխությունը: Դրական գնահատելու դեպքում իրենք են նպաստում դրա շրջանառությանը, բացասականի դեպքում աշխատում են դեմն առնել: Իսկ առավել շնորհալիները` հիմնականում գրողները, իրենք են դառնում ստեղծագործական փոփոխության հեղինակ: Սակայն փոփոխությունը հիմնականում տարերային բնույթ է կրում, որի դեպքում մեծ է համաբանության ուժը: Երբեմն անցանկալի ձևերն են «հաղթանակի դրոշ պարզում», որը վտանգավոր է դառնում, եթե լեզվի առանցքային շերտին է վերաբերում: Այդպիսի մեծ վտանգ է արդի հայերենում արհամարհական վերաբերմունքն «Է»-ի նկատմամբ, որը համակարգը սասանող աղետալի վիճակի է հասցրել մեր լեզուն:

    Լեզվի կայունության և փոփոխելիության մասին արդեն խոսվեց վերը: Այս առումով ներդաշնակ է Ֆ. դը Սոսյուրի տեսակետը Հումբոլդտի հայեցակարգին: Դրանով հանդերձ` Սոսյուրը ոչ միայն չի հասնում Հումբոլդտի տրամախոսական խորքին, այլև քննադատում է վերջինիս լեզուն ազգային ոգով մեկնաբանելու համար: Միանգամայն անտեղի քննադատություն է:

    — Եթե հարցը քննենք նշանագիտական տեսանկյունից, ապա կհանգենք Ֆ. Սոսյուրի այն դրույթին, որ լեզվական նշանը ներհակ հատկությունների համատեղում է, և որ նշանակչի ու նշանակյալի զարգացումն անհամաչափ է: Անհամաչափությունը խախտում է այդ բևեռների կայունությունը, ինչն էլ հիմք է դառնում նշանի փոփոխման: Հետաքրքիր է՝ բևեռներից մեկի փոփոխությունն ինչպե՞ս է անդրադառնում նշանի երկու բևեռների փոխհարաբերության վրա:

     Սոսյուրը, անկասկած, իր հայացքներով նշանակալի դեր ունեցավ թե՛ ընդհանուր լեզվաբանության, թե՛ նշանագիտության մեջ, և նրա այս կամ այն դրույթին հակադրվելը մի տեսակ բարոյական պատասխանատվություն է առաջ բերում, որովհետև նրա հեղինակությանը վերագրվող «Ընդհանուր լեզվաբանության դասընթացը», որքան էլ Սոսյուրի գաղափարների միատեղումն է, այնուամենայնիվ իր ձեռամբ չէ գրված: Այս առիթով երկու բան կարող եմ ասել: Նախ` Սոսյուրի տեսությանը նախորդել է ամերիկացի փիլիսոփա Չառլզ Փիրսի նշանագիտական ուսմունքը: Փիրսը նշանների հետազոտությունը կատարում է եռանդամության սկզբունքով, որը ոչ միայն ժամանակագրորեն, այլև գաղափարապես մի քայլ առաջ էր իրենից հետո հանդես եկած Սոսյուրի հայացքներից: Ապա` Սոսյուրը նշանների բնական և պայմանական տեսակների բաժանումը վերցրել է Ավգուստինոս Երանելու փիլիսոփայությունից` այլակերպելով նրա ուսմունքը: Ավգուստինոսը նշանները բաժանում է բնական և տվածո  դասերի, ապա տվածոների շարքում դրանք բաժանում պայմանական և ոչ պայմանական խմբերի: Ակնհայտ է, որ Սոսյուրը խախտել է աստիճանակարգության սկզբունքը` վերին դասի նշանին հակադրելով այլ դասի ենթադաս բաղադրիչներից մեկը: Սրանով պիտի բացատրել լեզվաբանության մեջ տասնամյակներ շարունակ ձգվող բանավեճը լեզվական նշանի բնականության և պայմանականության չափի վերաբերյալ: Այնուամենայնիվ նույնիսկ այս ակնհայտ հակասության պարագայում ուզում եմ զգույշ լինել Սոսյուրին քննադատելու հարցում, քանի որ, ինչպես ասացի, նա հիշյալ դասընթացն իր ձեռքով չի գրել: Բայցև չի կարելի չվստահել Սոսյուրի սաներին` Շ. Բալլիին և Ա. Սեշեին, որոնք աշակերտի խոնարհությամբ և մեծ պատասխանատվությամբ են ձեռք զարկել լեզվաբանության հետագա ընթացքը մեծ աշխուժության վերածած Սոսյուրի դասընթացի տպագրությանը: Ինչ վերաբերում է նրան, թե նշանի բևեռներից մեկի փոփոխությունն ինչպես է անդրադառնում նշանի երկու բևեռների փոխհարաբերության վրա, ապա դրա անուղղակի պատասխանը կարելի է գտնել հենց Սոսյուրի գրքում, այն է` երկու բևեռների միջև նոր (նշանային) հարաբերություն է հաստատվում, և նոր նշան է ձևավորվում: Կարող է պատահել այնպես, որ որոշ ժամանակ համատեղվեն նույն բևեռների երկու տարբեր հարաբերություններ, բայց ժամանակի ընթացքում կարող է այդ հարաբերություններից մեկը «դադար առնել»:

   — Խոսելով նշանագիտական որոշ իրողությունների մասին՝ կցանկանայի անդրադառնալ նաև լեզվի նշանային հորինվածքին: Ինչպիսի՞ն է այն:

      Լեզվի նշանային բնույթի մասին խոսել են դեռևս ստոիկները: Որպես գիտություն` այն հիմնվել է 19-րդ դարի երկրորդ կեսին: Հիմնադիրը Չ. Փիրսն է: Փիրսին հաջորդել են գերմանացի փիլիսոփա Գ. Ֆրեգեի, գերմանացի հոգեբան և լեզվաբան Կ. Բյուլերի, Ֆ. դը Սոսյուրի, ապա` կառուցվածքաբանների տեսությունները: Խորհրդային ժամանակներում` մինչև 60-ականները, կիբեռնետիկայի, կառուցվածքային լեզվաբանության, գենետիկայի պես արգելված գիտություն էր նշանագիտությունը: 60-ականներից այդ պետության սահմաններում առաջինը հայերն անդրադարձան նշանագիտությանը, այն էլ` խորությամբ: Թեև հայ հեղինակների հայացքներն էականորեն տարբերվում էին իրարից, բայց այնքան բուռն էր այստեղ հետաքրքրությունը նշանագիտության նկատմամբ, որ աշխարհում խոսում էին նշանագիտության հայկական դպրոցի մասին: Դպրոց չգոյացավ, իհարկե, բայց մինչև դարավերջ առաջատար դիրքում էր Հայաստանն այս ասպարեզում: Է. Աթայանն ու է. Ավետյանը ընդլայնեցին ու խորացրին հատկապես լեզվանշանագիտության ոլորտը: Դեռ Սոսյուրն է նկատել ժամանակին, որ լեզուն ամենահարմար առարկան է նշանագիտության համար, որովհետև չկա ավելի ընդգրկուն և ինքնակարգավորված այլ իրողություն, որ այսքան նշանային լինի իր համակարգով: Է. Աթայանն այնքան խորացրեց նշանային բնույթի վերհանման հայեցակերպը, որ լեզվում առկա անհամար նշաններից զատ` ապացուցեց լեզվական հորինվածքի այդպիսին լինելը հենց լեզու-խոսք հարաբերության սահմաններում` առաջինը դիտելով երկրորդի նշանակյալը, երկրորդը` առաջինի նշանակիչը, որոնց ինքնանշանակումը կատարվում է հոգեբանական շերտով:

   — Լեզուն, լինելով բարդ ու բազմամակարդակ համակարգ, իր ամբողջությամբ առկա է նաև այլ համակարգերում (երաժշտություն, կինո, կրոն): Սա բնական է, քանի որ լեզուն մշակույթի կազմավորման հիմքն է: Ըստ Ձեզ՝ կա՞ն այլ պատճառներ:

      Բնական է սա ոչ միայն լեզվի` մշակույթի կազմավորման հիմքով, այլև լեզվի, թող թույլ տրվի ասել, աշխարհային բնույթով: Դարձյալ Է. Աթայանն է նկատել, որ լեզուն հորինված է արտաքին աշխարհի նմանողությամբ: Լինելով աշխարհի մի մասը` միաժամանակ այն արտաքին աշխարհին հակադրվում է որպես ներքին աշխարհ, հենց որպես լեզվակա՛ն աշխարհ: Չկա լեզվի մեջ մի բան, որ չունենա իր արտաքին նմանակը, և չկա աշխարհում մի բան, որ իր հարաբերակիցը չունենա լեզվում: Մեծ ընդհանրացման է հասել Է. Աթայանն իր ուսմունքով` նկատել տալով այսպես կոչված Ոլորտների ոլորտից լեզվական և ոչ լեզվական ոլորտների սերումը: Նա ելնում է աշխարհի միասնականության հիմքից: Ինչ վերաբերում է լեզվի և արվեստների կապին, ապա առավել քան մեծ է ընդհանրությունը սրանց միջև, հաճախ նույնականության հասնող ընդհանրություններ են դրանք:

  — Ի՞նչ կասեք հայ լեզվաբանության ներկա շրջանի մասին, ի՞նչ խնդիրներ են հուզում լեզվաբաններին:

     Ասեմ միանգամից` նախանձելի վիճակում չէ: Դրա ապացույցը ազգային լեզվի վրա տևական հարձակումներին լիածավալ դիմագրավելու անկարողությունն է: Սա՛ է հայ լեզվաբանների առաջնային խնդիրը:

     Անցյալ դարում ունեինք ընտիր մասնագետների մի համաստեղություն, որոնց բացակայությունը խիստ է զգալի: Մի տեսակ որբության զգացողություն կա: Գուցե այդ զգացողությունը չլիներ, եթե առկա լեզվաբանների զգալի մասը այս կամ այն պատճառով անտարբեր չլիներ նախորդների ստեղծած արժեքներին, գոնե նրանց մեթոդաաբանությունը կիրառելու կարողությունն ունենար, այնինչ հարկ էր, որ հաղորդակից լինեին համաշխարհային լեզվաբանության մեջ արձանագրված նորություններին:

    Խնդիրներն իրականում շատ են: Ետ ենք մնում հայերենի և այլ լեզուների թարգմանության ծրագրավորման ասպարեզում: Ունենք միասնական տերմինաբանության հաստատման ուղղակի սգալի վիճակ: Համաշխարհային մարտահրավերներին ձեռնոց նետելու պատրաստակամություն չունենք: Այս անցանկալի վիճակը միաժամանակ անօրինակ հնարավորություն է տալիս` զարգացնելու Հայաստանում հանրալեզվաբանությունը, որին անտարբեր ենք: Չենք պահանջում պետական լեզվին օրենքով հատկացվելիք վերաբերմունք, օրինակ` ֆինանսների հատկացում բառարանագրության համար: Բանասիրական մասնագիտություններում լեզվաբանական դասընթացներն ենք կիսատ-պռատ անցկացնում. օրինակ` ԵՊՀ  ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում և լեզվահասարակագիտական համալսարանում անցնում են լեզվաբանության ներածության դասընթաց` այդպես էլ չհասնելով ընդհանուր լեզվաբանության (ի դեպ՝ այստեղ էլ էին ուզում հետևել նրանց օրինակին, բարեբախտաբար դեմն առանք):

    Այս ամենն առկա է մեզնում ըստ երևույթին լեզվաբանների զգալի մասի քաղաքացիական պատրաստակամության բացակայությունից: Լեզվաբանն այսօր մարտիկ պիտի լինի, պաշտպան ու տեր պիտի լինի իր լեզվին` ոչ միայն իբրև իր մասնագիտության առարկայի, այլև (ավելի շատ) լեզվի ազգապահպան դերի գիտակցման և գիտակցել տալու բերումով:

                                                                                                                            Հարցազրույցը՝ Թինա ԱՅՎԱԶՅԱՆԻ

22.11.2019 թ.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *