Չնայած ՀՀ-ը աստիճանաբար թուլացնում է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները, մինչ օրս էլ առաջինը, որ մարդիկ հիշում են կորոնավիրուսի հետ կապված, այն զավեշտալի կարծրատիպերն ու միֆերն են, որոնց ամենաշատը բախվեցին կորոնավիրուսը հաղթահարելու վերջին 2 տարում: Ինչ ասես, որ չլսեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին՝ էլ չիպավորում, էլ զոմբիացում, էլ մարդկանց կառավարելի դարձնելու փորձեր: Մինչ մարդիկ վարկածներ էին հորինում ու քննարկում, գիտական միտքը պատվաստանյութեր էր ստեղծում՝ օրեցօր մարդկային կյանքեր խժռող այս վարակի դեմ: Իրականում, ինչպես բոլոր մյուս վարակները, որոնք մարդկությունը հաղթահարել ու հաղթահարելու է, վիրուսները, այդ թվում և՝ կորոնավիրուսը հաղթահարելու՝ մարդկությանը հայտնի միակ քաղաքակիրթ ճանապարհը պատվաստումներն են: Պատվաստումների կարևորության վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման հարցում պետությանը ձեռք մեկնեցին նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Վանաձորի «Սինեմարթ» երիտասարդական ՀԿ-ն, կարևորելով պատվաստումները որպես համավարակի դեմ պայքարի կանխարգելիչ քայլ, 2022 թվականի փետրվարի 1-ից իրականացրեց «ՊատՎ/Րաստվի՛ր» իրազեկման արշավը: Նպատակն էր Լոռու մարզի տնտեսվարողներին իրազեկել Covid-19- ի դեմ պատվաստանյութերի կարևորության մասին:
3 ամիսների ընթացքում ծրագրի թիմի անդամները Լոռու մարզի մի շարք համայնքներում հանդիպեցին բազմաթիվ տնտեսվարողների, որոնց մեծ մասը պատվաստված էին ու ունեին պատվաստված աշխատակիցներ: «Բոլոր պատվաստված տնտեսվարողներին «ՊատՎ/Րաստվի՛ր» ծրագրի շրանակներում բաժանել ենք վստահության սթիքերներ՝ «Մեր աշխատակազմը պատվաստված է» գրառմամբ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Տնտեսվարողները դրանք փակցրել են տեսանելի վայրում՝ հավաստելով իրենց վստահելի և ապահով լինելը թե՛ զբոսաշրջիկների, թե՛ մշտական հաճախորդների համար»,- ասում է ծրագրի ղեկավար, «Սինեմարթ» երիտասարդական ՀԿ նախագահ Վարդուհի Անանյանը: Ծրագրի շրջանակներում պատրաստվել է նաև զեկույց:
Պատվաստումային վիճակագրության ու ծրագրի արդունավետության ընթացքը պարզելու նպատակով ծրագրի մեկնարկին ու ավարտին գրավոր հարցումներ են ուղարկվել նաև ՀՀ առողջապահության նախարարություն: Ըստ այդմ՝ եթե ծրագրի մեկնարկին՝ 2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ, Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացվել էր 122.784 դեղաչափ պատվաստում, ծրագրի ավարտին արդեն՝ ապրիլի 1-ի դրությամբ՝ 137.566 դեղաչափ: Եթե փետրվարի 1-ի դրությամբ Լոռու մարզում 1-ին դեղաչափ ստացել էին 66.506 քաղաքացիներ, ապրիլի 1-ի դրությամբ այդ թիվը կազմում էր 71.560, 2-րդ դեղաչափ ստացած 55.531 քաղաքացիների դիմաց էլ՝ 63.867 քաղաքացի: Ավելացել են նաև խթանիչ դեղաչափ ստացածների թիվը 747 –ից հասնելով՝ 2.139-ի: Ի դեպ, ինչպես փաստում են առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, բուստեր դեղաչափով պատվաստումները խթանում են իմուն համակարգն՝ առաջացնելով ավելի բարձր պաշտպանություն COVID-19-ի, այդ թվում՝ նոր ի հայտ եկող շտամների նկատմամբ:
Ներկայում Հայաստանում առկա են հետևյալ պատվաստանյութերը՝ «ԱստրաԶենեկա» «ԿորոնաՎակ», «Սպուտնիկ -Վի», «Սպուտնիկ Լայթ», «Սինոֆարմ», «Մոդերնա» և «Պֆայզեր»:
Ապրիլի 1-ի դրությամբ մեր երկրում ավելացել է նաև ըստ պատվաստանյութերի պատվաստվածների թիվը:
Այժմ Հայաստանում ամբողջական պատվաստվածների՝ 2 դեղաչափ ստացածների թիվը հատել է 1 միլիոնի սահմանը և համաճարակաբանական տեսանկյունից մեր երկիրը դասվում է համեմատաբար հանգիստ երկրների շարքը: Կարևոր է նաև հիշել, որ պատվաստվել կարելի է՝ անկախ բնակության վայրից ու բուժհաստատությունում կցագրման փաստից:
«ՊատՎ/Րաստվի՛ր» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացնում է «Սինեմարթ» երիտասարդական ՀԿ-ն՝ «COVID-19․քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում:
«COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագիրը 48 ամսյա ծրագիր է իրականացվում է «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» ֆրանսիական կազմակերպության և Մարդու իրավունքների տուն Երևանի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության կայունությունը Արևելյան գործընկերության երկրներում՝ նրանց հնարավորություն տալով մեղմացնել COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ ազդեցությունը։
0 Մեկնաբանություն