2025թ․ երկրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակը կրկին ի ցույց դրեց հայաստանյան լրատվական դաշտի ծայրահեղ բևեռվածությունը։ ԶԼՄ-ների մեծամասնությունը ներգրավված էր քարոզչական արշավների մեջ։ Առանձին լրագրողներ ֆեյսբուքյան տիրույթում հանդես էին գալիս քաղաքական կոչերով ու հայտարարություններով։ Այս ամենն էլ ավելի էր խորացնում հասարակության պառակտվածությունը, իսկ լրատվամիջոցների ներկայացուցիչները քաղաքական կողմնորոշումներով պայմանավորված թիրախավորվում էին հակադիր ուժերի՝ իշխանության կամ ընդդիմության, ինչպես նաև՝ դրանց համակիրների կողմից։
ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների թիվը դիտարկվող ժամանակահատվածում կազմել է 36 (11-ով ավելի նախորդ եռամսյակից), գրանցվել է նաև ֆիզիկական բռնության 2 դեպք, երկուսն էլ իրականացվել են իրավապահների կողմից։ Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 10-ով հասնելով՝ 39-ի։
Դիտարկվող շրջանում ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացված դատական նոր հայցերի թիվը 16 է, ինչը նախորդ եռամսյակի համեմատ 3-ով ավելի է։ Այդ բոլոր հայցերը վիրավորանքի ու զրպարտության հիմքով են, իսկ հայցվորները 6 գործով բիզնես միջավայրի ներկայացուցիչներ են, 3-ով՝ ներկա և նախկին պաշտոնյաներ, 2-ով՝ քաղաքական գործիչներ, 2-ով՝ առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ, 2-ով՝ քաղաքացիներ/ֆիզիկական անձինք, 1-ով՝ փաստաբան։
Ի դեպ, ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների՝ տարբեր տարիների ներկայացված դատական հայցերով եռամսյակի ընթացքում կայացվել է 24 դատական ակտ։ Այդ թվում՝ վերջնականապես մերժվել է 3 հայց, բավարարվել՝ 3-ը (որից մեկով լրատվամիջոցը երրորդ կողմ է), 1 գործ կարճվել է՝ պահանջն առարկայազուրկ դառնալու հիմքով։ Եվս 17 դատական ակտեր դեռևս ուժի մեջ չեն մտել կամ բողոքարկվել են վերադաս ատյաններում։ Այդ ակտերից 8-ը հօգուտ ԶԼՄ-ի են, իսկ 9-ով ճանաչվել է, որ լրատվամիջոցը խախտել է հայցվորի իրավունքը (սրանցից մեկ գործով ԶԼՄ-ն երրորդ կողմ է)։
Արձանագրվել են նաև լրագրողների նկատմամբ անվայելուչ վերաբերմունքի, վիրավորանքի, սպառնալիքի, անհանդուրժողականության ու խտրականության 20 դեպք, որոնց գերակշիռ մասը՝ 17-ը, իրականացվել է պետական մարմինների ներկայացուցիչների կամ պաշտոնյաների և 1-ական դեպք՝ գործարարի, ակտիվիստի ու անհայտ անձի կողմից։
Երկրորդ եռամսյակի ընթացքում, ըստ ԽԱՊԿ դասակարգման, տարբեր մարմինների և կազմակերպությունների կողմից տեղեկությունների տրամադրումն անհիմն մերժվել է 11 դեպքում, 9 գրավոր հարցում մնացել է անպատասխան, որոնցից 2-ի առնչությամբ հայցեր են ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ հարցմանը պատասխանելուն պարտավորեցնելու պահանջով։ Թերի (ոչ ամբողջական, առանց պատշաճ հղումների) պատասխանների թիվը 14 է, ուշացածը՝ 1, անհիմն ձգձգում՝ 2 դեպքում, 2-ում՝ հարցի էությանը չհամապատասխանող արձագանք։
0 Մեկնաբանություն