Հասարակություն

Հիսուսի արձանի հետ կապված շինաշխատանքների արդյունքում աղճատվել է հնավայրը

ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հայտարարություն է տարածել Հատիս լեռան գագաթին Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

Հաշվի առնելով Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու՝ հասարակական լայն հնչեղություն ստանալու հանգամանքը և արդեն իսկ տեղում համապատասխան շինարարական աշխատանքների նախաձեռնումը՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Գիտական խորհուրդն անհրաժեշտ է համարում իր մասնագիտական ուղղվածության շրջանակներում անդրադառնալ նշված խնդրի հետևյալ երկու հայեցակետերին՝ իրենց ենթակետերով.

 

Պատմամշակութային-հնագիտական
Մարդաբանական-մշակութաբանական:
 

Մոնումենտալ արձանի կառուցումը Հատիսի գագաթին խաթարում է բնական և պատմամշակութային հուշարձանի ողջ համակարգն ու միջավայրը:
 

ա. Հատիս լեռան գագաթին գտնվող բրոնզ-երկաթեդարյան ամրոցը և օժանդակ շինությունները ներկա պահին դեռևս գրանցված չեն ՀՀ հուշարձանների պետական ցուցակում, քանի որ համարվում են նորահայտ հուշարձան՝ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավ1այրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի [1]: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայ-իտալական արշավախումբը (ղեկավարներ՝ Արթուր Պետրոսյան, Ռոբերտո Դան) Կոտայքի հետախուզական ծրագրի շրջանակում (KSP) 2019 թ. սկսած ուսումնասիրություններ է իրականացրել Հատիս լեռան մերձակա բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող հնավայրերի և մասնավորաբար՝ KSP 163 կամ Հատիսի ամրոց հնավայրի տարածքում:

Վերջինս գտնվում է Հատիս լեռան գագաթին (GPS 40°18'25.80"N, 44°43'30.90"E, բարձ․ 2530 m), Զովաշեն 1,5 կմ, Կապուտան 3 կմ, Հատիս 2,5 կմ, խոշորացված համայնքի կենտրոն Ակունքից ավելի քան 5 կմ հեռավորության վրա։ Ամրոցը ժողովրդի մեջ հայտնի է Շամիրամի կամ Քյոռօղլու բերդ անվանումներով: Հնավայրը գերիշխող դիրք ունի շրջակայքի բոլոր կարևոր ամրաշինական կառույցների վրա: Համալիրը բաղկացած է լեռան գագաթային մասը շրջառող ամրաշինական պարսպապատերից և կենտրոնական մասում տեղակայված կառույցներից: Պարսպապատերն իրար զուգահեռ ձգվում են հյուսիս – հարավ ուղղվածությամբ, արևելյան պարսպապատն ունի 140 մ երկարություն, մոտ 4,5 մ լայնություն։ Այս պարսպապատի հարավային մասին կից է 5 x 6 մ չափերի աշտարակը, որից 12 մ հյուսիս պահպանվել են որմնահեցի մնացորդները՝ պատի 2 մ հաստությամբ։ Այս հատվածից 20 մ հյուսիս պահպանվել է 3 մ լայնության մուտքը, որի երկու կողմերում ևս երկու որմնահեցեր կան։ Արևմտյան պարսպաշարն ունի 280 մ երկարություն, պատի արևելյան հատվածում տեղակայված են հնավայրի հիմնական կառույցները։ Պարսպաշարը կառուցված է խոշոր քարերից, պահպանվել է ավելի քան 10 շարք՝ մոտ 3 մ բարձրությամբ։ Արևմտյան պարսպաշարին կից առկա են տարածաշրջանի մի շարք հնավայրերում արձանագրված քարացրոններին կից կամ նրանց մեջ տեղակայված կառույցներ: Ամբողջ հնավայրի մակերեսը գրավում է Հատիս լեռան գագաթը՝ ավելի քան 280 x 100 մ չափսերով (1,65 հա)։ Հնավայրի թե՛ պարսպաշարը, թե՛ կառույցները շարված են առանց լիցք՝ հրաբխի արդյունքում լեռան գագաթին մերկացած բազալտի խոշոր և միջին բլոկներով։ Թեև վերգետնյա գտածոները բացակայում են, ըստ կառուցման տեխնիկայի և հատակագծային լուծումների՝ այս հնավայրը թվագրվում է բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանով (մ.թ.ա. 2-րդ – 1-ին հազարամյակների սահման)։


 
Քննարկվող հնավայրի տարածքում արձանի տեղադրման նպատակով կատարված շինարարական աշխատանքների արդյունքում անդառնալիորեն աղճատվել է հնավայրի հատկապես կենտրոնական հատվածը, այստեղ առկա կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը։ Հողաշերտի հեռացման արդյունքում արևելյան պարսպապատի խաթարված հատվածը հնարավոր է վերականգնել, մինչդեռ դա այլևս անհնար է կենտրոնական մասում առկա կառույցների պարագայում, քանի որ դրանք ենթարկվել են ծանր տեխնիկայով քանդման, ինչից հետո նոր հող է կուտակվել այդ հատվածում ապագայում նախատեսված արձանի հիմքի համար։ Հնավայրի արևմտյան հատվածի պարսպապատը չի վնասվել, անդառնալիորեն ավերվել են նրան կից կառույցները, ինչը նույնպես հողալիցքի հեռացնելուց հետո հնարավոր չէ մաքրել և վերականգնել։


 
Հուշարձանների պահպանության իրավա-օրենսդրական հիմքը կազմում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքն՝ ընդունված 1998-ի նոյեմբերի 11-ին (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=38019), «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002-ի ապրիլի 20-ին ընդունված որոշումը (https://www.arlis.am/documentview.aspx?docID=22601) և «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքն՝ ընդունված 2002-ի նոյեմբերի 20-ին։

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի՝ «Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ»:

Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես՝ աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ:


 
Հոդված 24-ի բ ենթակետը սահմանում է հուշարձանների կամ դրանց պահպանության գոտիների տարածքներում գյուղատնտեսական, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում հուշարձաններն ուսումնասիրելու, վավերագրելու, պահպանելու, իսկ բացառիկ դեպքերում` տեղափոխելու անհրաժեշտությունը։

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002-ի ապրիլի 20-ին ընդունված որոշման 33-րդ կետի՝ Հուշարձանի տարածքում արգելվում են հուշարձանի նպատակային օգտագործմանը չհամապատասխանող շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարումը, ինչպես նաև տնտեսական ու արտադրական գործունեությունը: Այդ տարածքում կարող են կատարվել միայն հուշարձանի ուսումնասիրման, պահպանման, թանգարանացման և ցուցադրության կազմակերպման, ինչպես նաև հուշարձանի նպատակային օգտագործմանը նպաստող վերականգնողական և նորոգման աշխատանքներ: Սույն որոշման 42-րդ կետի համաձայն՝ «Հուշարձաններ ընդգրկող տարածքներում շինարարական, ճանապարհաշինարարական, երկրաբանական և այլ աշխատանքների նախագծերը լիազորված մարմնի հետ համաձայնեցվում են նոր շինարարության նախագծման ու տեխնիկատնտեսական հիմնավորման առաջադրանքի մշակման նախապատրաստման փուլում»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *